Օրերս Ազգային Ժողովում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ  Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՊԵԿ-ը ներդրել է մի նոր ինքնաշխատ համակարգ, որն ընտրելու է տեսուչին, ով  պետք է ստուգումներ իրականացնի այս կամ այն կազմակերպությունում։

«Ինքնաշխատ համակարգը ներդրվել է, սակայն այն դեռևս անցնում է փորձարկման փուլ։ Շատ դեպքերում համակարգն ընտրում է աշխատակցի, որն, օրինակ, արձակուրդում է, բայց առաջիկայում դա կկարգավորվի և գալու է ժամանակ, որ համակարգը տվյալ ստուգումն իրականացնելու համար ինքն է ընտրելու տեսուչներին կամ տեսուչների թիմը»,-մասնավորապես ասել է  Անանյանը։

Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային Խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը դրական է գնահատում ՊԵԿ-ի այս նախաձեռնությունն ու նշում, որ  սույն  փոփոխությունը հնարավորություն կտա բացառել  կոռուպցիոն  ռիսկերն ու խուսափել մի քանի այլ խնդիրներից։

«Օրինակ՝ Գերմանիայում նույն կազմակերպության հետ աշխատող հարկային տեսուչները, հաշվետվություններն  ընդունող տեսուչները եռամսյակը մեկ փոխվում են, այսինքն՝ ինքնաշխատ համակարգով ռոտացիա է լինում, ինչը բավականին արդյունավետ մեխանիզմ է,  որպեսզի կոմերցիոն գաղտնիք պարունակող այն ինֆորմացիան, որը տիրապետում է  տվյալ  կազմակերպության հետ աշխատող տեսուչը՝ նրա ձեռքին չդառնա գործիք՝ դա այլ նպատակներով օգտագործելու համար, օրինակ՝ չվաճառի այդ  գաղտնիքը մրցակից այլ  կազմակերպության, կաշառք չպահանջի դրա դիմաց, գաղտնի տվյալները երրորդ  անձանց չփոխանցի և այլն և այլն։ Կարծում եմ, որ հենց սրանից ելնելով էլ Դավիթ Անանյանը ցանկանում է եվրոպական երկրների այս հաջողված փորձը ներդնել նաև հայաստանյան հարկային համակարգում և դուրս  մղել մարդկային գործոնը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հնարավորինս նվազեցնել տարաբնույթ ռիսկերը, բայց այստեղ շատ կարևոր նրբություն է այն, որ համակարգը թեկուզ պատահականության սկզբունքով նույն տեսուչին մեկ տարվա մեջ երկու անգամ չընտրի, այսինքն՝ մի  տեսուչը  նույն կազմակերպությունը տարվա ընթացքում հնարավորություն ունենա ստուգելու ընդամենը մեկ անգամ, հաջորդ ստուգումն իրականացնի մեկ այլ տեսուչ կամ տեսուչների թիմ, որովհետև, երբ մի տեսուչը անընդհատ ստուգում է նույն կազմակերպությունը, ապա անկախ իր կամքից որոշակի մտերմիկ փոխհարաբերությունների մեջ է մտնում կազմակերպության ներկայացուցիչների կամ  ղեկավարության հետ, ինչն  ազդում է նրա աշխատանքի օբյեկտիվության վրա ու կողմնակալություն է ձևավորում կամ կոռուպցիոն ռիսկ է առաջացնում, ուստի  գտնում եմ, որ այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել»,-  շեշտեց Գագիկ Մակարյանը։

Վերջինիս խոսքերով՝ սա պետք է լինի անկախ  և ոչ խոցելի համակարգ, որը հավասարապես կարևոր է ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների  համար։ Ըստ Մակարյանի՝ ճիշտ աշխատելու պարագայում այս համակարգը կարող է դառնալ շատ արդյունավետ և օգտակար մեխանիզմ հարկային մարմնի  գործիքակազմում։

Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև  օլիգարխների կողմից ներմուծվող ապրանքներին, մասնավորապես՝ այն դիտարկմանը, թե հեղափոխությունից առաջ ընդդիմադիրները, այդ թվում նաև  ԱԺ-ի ամբիոնից պարբերաբար հայտարարել են, որ հայտնի օլիգարխները կարողանում են զուգարանի  թղթի անվան տակ կարագ ներմուծել  կամ լուցկու անվան տակ՝ ձկնկիթ, Դավիթ Անանյանն ի պատասխան արձագանքել է, որ հիմա «նոր Հայաստանում դա բացառված է»։

«Մաքսային հսկողության շրջանակներում հնարավոր չէ այս կամ այն ապրանքն որակվի ուրիշ»,-նշել է Անանյանը։

Դավիթ Անանյանին այս պնդումը մեր զրուցակիցն արժանահավատ է համարում։ Մակարյանն  առավելապես հակված է մտածելու, որ  ի տարբերություն նախորդ տարիների՝ այժմ ՊԵԿ-ի աշխատանքն այս մասով զգալիորեն բարելավվել է։

«Վերջին 1-2 տարվա մեջ մաքսանենգության այդպիսի դեպքերի մասին չեմ լսել, հակառակը՝ ավելի շատ դրական արձագանքներ եմ  սկսում նկատել, սակայն այսուհանդերձ, ՊԵԿ-ի մաքսային ծառայության աշխատանքից ես դժգոհ  եմ, այնտեղ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է շտկվեն՝ սկսած բյուրոկրատական քաշքշուկներից վերջացրած հազար ու մի այլ հարցերով»,-եզրափակեց նա։

Spread the love