Պետք է պոկվեն ուսադիրներ, լինեն պաշտոնանկություններ

- in Կարծիք

14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

Երեկ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ասրյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտոնական նման շաբլոն ձևակերպումները հասարակությանն արդեն նույնիսկ զզվեցրել են, ավելին՝ մարդիկ զայրանում են, որ պետական մարմինները տեղի ունեցածին տալիս են ոչ համարժեք գնահատականններ, տեսանելի չեն գործնական քայլերը, որոնք կկանգնեցնեն հայկական բանակում միացված մահաբեր «մսաղացը»։

Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում և արձանագրում են, թե զինված ուժերում հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում է, ինչն էլ դառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լավատեսական» մի գրառման առիթ, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչև փետրվարի 14-ը բանակում մահացել է 13 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից:

Այս ցուցանիշներն արեն խոսում են ոչ թե առանձին դեպքերի, կամ լոկալ դրսևորումների, այլ՝ թաքնված տեռորի մասին, երբ հայկական զինված ուժերը, բառի բուն իմաստով, հոշոտվում են ոչ թե արտաքին, այլ՝ առայժմ անտեսանելի «ներքին թշնամու» կողմից։ Հայկական բանակին, մեր հասարակությանը պատերազմ է հայտարարված, սակայն այս դեպքում մարտահրավերը գալիս  է ոչ թե սահմանից անդին, այլ մեր ներսում է, որ մի դեպքում կարող է լինել վատ կառավարում, այլ դեպքերում՝ հանցավոր անտարբերություն կամ անփութություն։

Պետության առաջին դեմքերի արձագանքը կատարվող ողբերգական իրադարձություններին, մեղմ ասած, համարժեք չէ։ Վարչապետը խոսում է «քրեական ենթամշակույթի» մասին, որը՝ եթե նույնիսկ մահաբեր այս ընթացքի հիմնական «պատասխանատուն» է, վերացական մի կատեգորիա է, եթե բարձր մակարդակով չեն տրվում հստակ գնահատականներ կամ չեն պոկվում ուսադիրներ, տեղի չեն ունենում պաշտոնազրկություններ։ Պետական պահպանության, պետական վերահսկողության բացառիկ տարածք «քրեական ենթամշակույթը» թափանցել չի կարող, եթե կա որակյալ կառավարում, եթե գործում են օրենքները։ Ուրեմն՝ ովքե՞ր են թերացողները, ովքե՞ր են այն բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները, որնոք ըստ օրենքի պարտավոր են պայքարել բանակը խժռող քրեական բարքերի դեմ ու փաստացի անգործություն են դրսևորում, եթե չասենք՝ համերաշխ են քրեական բարքերի հետ։ Ինչո՞ւ չեն տրվում այս հարցերի պատասխանները, մանավանդ, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ՊՆ ու Գլխավոր շտաբի հարաբերությունները, մեղմ ասած, բնականոն աշխատանքային չեն։ Արդյո՞ք բանակում խաթարված է կառավարման կուռ համակարգը, ինչո՞ւ են հապաղում կադրային, այլ լուծումները։

Ինչո՞ւ է վարչապետը գեներալ-լեյտենանտի կոչման ներկայացրել ՌՈ պետին ու ինչո՞ւ է նախագահ Արմեն Սարգսյանը նման հրամանագիր ստորագրել։

Նորաթուխ գեներալի այլանդակությունների մասին լեգենդներ են պտտվում։ Մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։ Մասնավորապես, որ նա այդ օրերին, կոնկրետ 2018-ի ապրիլի 20-ին իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների առաջ, ճանապարհ չտա, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից և նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։ Նման հրահանգ ստացել են հանդիպմանը ներկա գնդապետները, որոնցից առարկել է ընդամենը մեկը։ Այս մարդի՞կ պետք է պայքարեն բանակ ներթափանցած հանցավոր դրսևորումների դեմ։

Խնդիրն, իհարկե, ավելի գլոբալ է ասում են՝ բանակը հանրային հարաբերությունների հայելին է։ Ուրեմն՝ մեր հասարակական հարաբերությունները, բարքերը հիվանդ են, ցավալիորեն՝ նույնիսկ հեղափոխության հաղթանակից երկու տարի հետո։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Այս տեղեկատվությունը տարածվեց այսօր առավոտյան, երբ հասարակությունը հեթական շոկն էր ապրում բանակում գրանցված հերթական սպանության կամ ինքնասպանության լուրի հետ կապված։

Իհարկե, խորհրդարանական քննարկման որոշումն, ըստ ամենայնի, ավելի վաղ էր կայացվել, մանավանդ, որ տարին մեկնարկել է բանակից ստացվող տագնապալի լուրերով, ինչն, առանց չափազանցության, հանրային տրամադրությունների մակարդակում կարող է սասանել պետական ամենակարևոր ինստիտուտներից մեկի հեղինակությունը։ Խորհրդարանական հանրապետությունում ԱԺ-ն, անշուշտ, վերահսկողական լայն լիազորություններ ունի և պարտավոր է ոչ միայն քննարկումներ կազմակերպել, այլ նաև՝ ըստ անհրաժեշտության, որոշակի լուծումների հանգել, քաղաքական դիրքորոշում ձևավորել, եթե, օրինակ, պատգամավորները կարծում են, որ ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերն այնքան էլ ադեկվատ չեն։

Իսկ բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ գործադիր իշխանությունից հնչող հայտարարություններն, անկեղծ լինենք, շաբլոնային են ու չեն տալիս մի շարք հարցերի պատասխաններ։ Դեռ առավոտյան նկատել էինք, որ «քրեական ենթամշակույթն» ինքնին չի կարող այս հարցում «մեղադրյալի» կարգավիճակ ունենալ, որովհետև, ի վերջո, գործ ունենք կառավարման կոնկրետ ոլորտի, դրա պատասխանատուների, մարդկային գործոնի, ենթադրաբար՝ հանցավոր անգործության կամ անփութության հետ։ Այս բոլոր հագամանքները պարզաբանման կարիք ունեն յուրաքանչյուր հանցագործության պարագայում, որպեսզի բանակում արձանագրված ցանկացած դեպքի առթիվ ստանանք սպառիչ պատասխաններ ու նաև՝ խորհրդարանը կամ հասարակությունը համապարփակ կարծիք ձևավորեն ընդհանուր պատկերի, միտումների մասին։

Խորհրդարանը որոշել է քննարկման կանչել ոչ թե ՊՆ նախարարին, այլ՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին։ Ֆորմալիստական տեսանկյունից՝ այս հրավերը նույնիսկ օրինաչափ է, որովհետև հենց Արտակ Դավթյանն է համարվում երկրի ամենբարձրաստիճան զինվորական պաշտոնյան, ըստ այդմ՝ նա է բարձրացված պրոբլեմների հիմնական հասցեատերը։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ քաղաքական իշխանությունն արդեն գտել է ստեղծված վիճակի հիմնական պատասխանատուին, «մեղավորին»։ Այլ խոսքով՝ խորհրդարանական քննարկումները գուցե քաղաքական, ինֆորմացիոն առիթ են ստեղծում՝ կադրային լուծումներ հասունացնելու համար, մանավանդ, որ ԶԼՄ-ներում հրապարակումներ կան ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի ոչ այնքան սինխրոնիզացված հարաբերությունների մասին։ Իհարկե, սա ընդամենը վարկած է ու շատ հնարավոր է, որ խորհրդարանի զույգ հանձնաժողովները մի քանի օրից ընդամենը քննարկեն իրավիճակը՝ հանգելով ընդհանրական դիրքորոշումների կամ օրենսդրական համապաստան լուծումների։

Մի բան ակնհայտ է՝ բանակում ստեղծված իրավիճակը խորքային, համապարփակ քննարկումների անհրաժեշտություն ունի, որտեղ լուծումները բազմաշերտ են՝ ինստիտուցիոնալ, օրենսդրական, բայց նաև՝ կադրային մակարդակներում։ Եթե կոնկրետ պատասխանատուներ, գուցե նաև՝ շատ բարձրաստիճան, չպատժվեն, պաշտոնանկ չարվեն, չզրկվեն ուսադիրներից, առաջանալու է քաղաքական պատասխանատվության խնդիր, ու հասարակությունը պատասխաններ է պահանջելու արդեն ոչ թե զինվորականներից, նախարարից կամ շտաբի պետից, այլ՝ քաղաքական իշխանությունից, վարչապետից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments