Ilham Aliev

Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն, արեւմտյան այլ երկրներ ու կառույցներ Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը համարել են խնդրահարույց ժողովրդավարության տեսակետից: Մինչ ընտրությունը, ԵԽԽՎ-ն բանաձեւ էր ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակի մասին:

Ալիեւը նյարդային է արձագանքել այս ամենին, հայտարարելով, որ Ադրբեջանի հանդեպ խտրականություն է դրսեւորվում: Նա հայտարարել է, որ չի կատարելու ԵԽ պահանջները: Իր հերթին, ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել կեղծված ընտրությունների կապակցությամբ բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ:
Ալիեւին աջակցություն են հայտնել Պուտինն ու Էրդողանը: Ադրբեջանը Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությունների ծնունդն է՝ հայկական արյան ու տարածքների հաշվին: Եւ երեւում է՝ դառնում է նաեւ բախտակիցը Արեւմուտքի հետ հարաբերությունների մասով:

Բայց երեւում է միայն այս հեռանկարը չէ, որ նյարդայնացրել է Ալիեւին: Ինչպես գրում է ադրբեջանցի հայտնի քաղաքագետներից մեկը, նման իրավիճակում ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ձգտելու են պահել ստատուս-քվոն, քանի որ Մեծ Մերձավոր Արեւելքի շրջանում ստեղծված իրավիճակում ձեռնտու է գաղափարական աշխարհքաղաքական սխեման՝ Ադրբեջան՝ ավտորիտարիզմ, Վրաստանը պետք է վերադարձվի ժողովրդավարության գիրկը, Հայաստան՝ կայացած ժողովրդավարություն: … Պոմպեոն հայտարարել էր, որ Ուկրաինան կորցրել է Ղրիմը, իսկ Ռուսաստանից հնարավոր չէ որեւէ բան վերցնել: Վաղն էլ նա կարող է ասել՝ Ադրբեջանը տանուլ է տվել Հայաստանը, եւ դա է անհանգստացնում Ալիեւին, գրում է վերլուծաբանը:

ԱՄՆ-ն հայտարարում է իրողությունները ճանաչելու անհրաժեշտությունը՝ Ղրիմ, Իսրայել: Ըստ էության, նույնը տեղի է ունենում Արցախի պարագայում, Կոնգրեսի զույգ պալատներում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերով եւ առանձին նահանգների կողմից Արցախի ճանաչման ակտերով: Այս ակտերը ռուս-թուրքական համաձայնությունների չեղարկումն են՝ արցախյան երկու պատերազմների արդյունքների եւ հայկական ինքնիշխան ռազմա-քաղաքական իրողությունների հիմքով: