Պուտինը չեզոքացնում է ՌԴ Սահմանադրական դատարանը. Ուշագրավ զուգահեռ հայկական իրականության հետ

- in Միջազգային
Putin Vladimir

Ռուսաստանում տեղի են ունենում Սահմանադրական փոփոխությունների քննարկումներ, կազմավորվել է աշխատանքային խումբ, որը պարբերաբար նիստեր է անցկացնում Պուտինի գլխավորությամբ:

Պուտինը Սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարեց հունվարի 15-ին, ՌԴ դաշնային ժողովին հղած ուղերձում: Դրանք հիմնականում վերաբերում էին իշխանության վերակազմավորման, լիազորությունների վերաբաշխման խնդիրներին: Ժամանակի ընթացքում սակայն փոփոխությունների շրջանակը ընդլայնվել է, եւ ինչպես ասում են ռուսաստանցի փորձագետները՝ դա վկայում է այն մասին, որ Կրեմլում դեռեւս հստակ պատկերացումներ չկան մի շարք խնդիրների, մասնավորապես իշխանության մարմինների եւ նոր ստեղծվելիք պետական խորհրդի լիազորությունների մասով:
Սակայն արդեն կան կոնկրետ, պատրաստի փոփոխություններ, եւ դրանցից հետաքրքրություն է ներկայացնում մասնավորապես ՌԴ Սահմանադրական դատարանի լիազորությունների վերաբերյալ փոփոխությունը: Ըստ այդմ, ՍԴ լիազորությունները կրճատվում են, մասնավորապես փոփոխվելու է պետական ակտերը ՍԴ ուղարկելու պարտադիր նորմը, Դաշնային խորհուրդն իրավունք է ստանում դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները, եւ այլն: Շատերն այս փոփոխությունները գնահատել են որպես Սահմանադրական դատարանի անկախությունը չեզոքացնելու քայլ:

Ընդհանրապես, ռուսաստանցի ընդդիմադիր եւ մասնագիտական շրջանակները նշում են, որ Ռուսաստանում սկսված այս ողջ գործընթացը հակասահմանադրական է եւ տեղ-տեղ պարզապես անցնում է մառազմի սահմանները: Պետք է նշել նաեւ, որ այս սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար հանրաքվե չի անցկացվելու, այլ նախատեսվում է «համաժողովրդական քվեարկություն», որի մեխանիզմն առայժմ հստակ չէ:

Սա հետաքրքիր է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում, թեեւ Հայաստանում չեն պատրաստվում կրճատել ՍԴ լիազորությունները: Սակայն ՍԴ կազմը փոխելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցում կան որոշ զուգահեռներ, մասնավորապես՝ ԱԺ ընդունած համապատասխան որոշումը չի ուղարկվելու ՍԴ՝ եզրակացության համար:

Ընդդիմախոսները նշում են, որ սա հակասահմանադրական գործընթաց է: Միեւնույն ժամանակ, կարծես թե ոչ ոք չի պատրաստվում կազմավորել ոչ-ի շտաբ: ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն արդեն հայտարարել են այդ մասին, Քոչարյանի ճամբարում կարծես թե նույն տրամադրությունն է: Հետաքրքիր է՝ Ռուսաստանում այս գործընթացներն արդյոք որոշակի ազդեցություն են ունեցել հայկական «ընդդիմության» որոշման վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments