Պուտինն ու Էրդողանը ծուղակում. թեժ իրավիճակ Իդլիբում

- in Միջազգային
Putin Erdoghan

Թուրքական մամուլը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը Անկարայից հեռացել է սիրիական Իդլիբի հարցում այդպես էլ համաձայնության չգալով: Կողմերը բանակցել են փոխարտգործնախարարների մակարդակով: Կրեմլը հայտարարություն է տարածել Էրդողանի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին, որտեղ քննարկվել է իրավիճակն ու կարեւոր համարվել շփումների շարունակումը:

Սիրիական Իդլիբում արդեն տեւական ժամանակ շարունակվում է փաստացի ռուս-թուրքական ռազմական բախումը, որի հետեւանքով կան երկուստեք զոհեր: Սիրիայի բանակը փորձում է վերահսկողություն հաստատել Իդլիբի շրջանի նկատմամբ:
Էրդողանը հայտարարել է, որ Ասադի բանակը գործում է ռուսական եւ իրանական աջակցությամբ: Նա հայտարարել է, որ մինչեւ փետրվարի վերջ չնահանջելու դեպքում Թուրքիան առանց երկմտելու կանի այն, ինչ պարտավոր է անել՝ ռազմական հարված հասցնել սիրիական բանակին: Արդեն իսկ կան տեղեկություններ, որ Թուրքիան լրացուցիչ ստորաբաժանումներ է կենտրոնացնում այդ ուղղությամբ: Նա հայտարարել է նաեւ, թե Թուրքիան խոցելու է սիրիական օդանավերը՝ չհետեւելով Սոչիի համաձայնությանը:

Ռուսաստանն ու Թուրքիան մտել են անհամաձայնության բավական թեժ փուլ: Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Մոսկվայի հետ ունեն ընդհանուր լայն շահեր եւ Իդլիբի հարցի պատճառով չեն փչացնի ռուս-թուրքական հարաբերությունը: Ըստ ամենայնի, կանգ առնելու այդ առաջարկը Մոսկվան չընդունեց: Հնարավոր է, որ այդ հարցում իր դերն ունի Իրանը: Պայմանավորվելով Անկարայի հետ, Ռուսաստանը կարող է տանուլ տալ Ասադի վստահության համար Իրանի հետ մրցակցությունը:

Իդլիբում իրավիճակի առնչությամբ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ն: Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, թե ԱՄՆ չի կարող միջամտել, սակայն մտահոգված է Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողություններից: Մտահոգություն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ն:

Այդ հանգամանքը ստեղծում է հետաքրքիր իրավիճակ Ռուսաստանի համար: Եթե Ասադը Իդլիբում նահանջի կամ կանգ առնի, ապա կստացվի, որ Ռուսաստանը զիջել է ՆԱՏՕ-ին: Մոսկվան կարող է պայմանավորվել Անկարայի հետ, բայց երբ խնդրի առնչությամբ հրապարակային հայտարարություն եւ կոչ են անում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն՝ ռուսական պետական պրոպագանդայի նշանային «հակառակորդները», ապա գործնականում կարող է ստացվել, որ Մոսկվան ոչ թե պայմանավորվում է Անկարայի հետ, այլ զիջում է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին:

Արդյոք Վաշինգտոնն ու Բրյուսելն այդպիսով փորձել են քայլ անել ռուս-թուրքական պայմանավորվածությունը բարդացնելու համար: Օրերս եվրասիական տուռնե էր կազմակերպել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, այցելելով Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան եւ Կենտրոնական Ասիա: Դրանք տարածքներ են, որոնք կենսական ռազմավարական ուղղություն են դիտվում թե ռուսական, թե թուրքական քաղաքականության համար: Դրանից հետո ձախողվեց Լուկաշենկոյի հետ պայմանավորվելու Պուտինի հերթական փորձը: Առայժմ չի ստացվում նաեւ պայմանավորվել Էրդողանի հետ:

Պուտինը հայտարարել էր, թե նոր աշխարհակարգի շուրջ պայմանավորվելու ժամանակն է եւ այդ հարցում առաջնահերթություն պետք է ունենան ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները: ԱՄՆ ըստ երեւույթին ընդունել է այդ գաղափարը կամ առաջարկը, զուգահեռ քայլերով փորձելով Պուտինին զրկել կարեւոր խաղաքարտերից՝ իրապես պայմանավորվելու համար, եթե նա պատրաստ է դրան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments