«Ջազային խճանկար»․ հանրային ռադիոյի նոր նախագիծը

- in Մշակույթ
Jazz

Հայաստանի հանրային ռադիոն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝  համերգ-դասախոսությունների շարք` «Ջազային խճանկար»: Առաջին խճանկարը՝ փետրվարի 29-ին, ժամը 16-ին։  Ռադիոյի ձայնագրման ստուդիայում դասախոսությունը կվարեն ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Մարիտին Վարդազարյանը և նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը։ Ամեն ինչ՝ նվագախմբի կենդանի նվագակցությամբ և հանդիսատեսի  ներկայությամբ։ 

http://jazzbluesnews.com/Առաջիկայում ջազ ենք լսելու, ավելի ստույգ՝ փետրվարի 29-ին, ժամը 16-ին Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում  համերգ –դասախոսություն է, թեման՝ ջազը, «դասախոսներ»՝ Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան։

Սովորեցնելու են գրագետ ջազ լսել։ Ամեն ինչ՝  Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կենդանի նվագակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը պարզաբանում է, թե ինչու գցեցին-բռնեցին ու մի օր էլ որոշեցին  սովորեցնել ջազ լսելու նուրբ արվեստը։

«Մարդիկ շատ հաճախ ինչ-որ բան լսում են առանց իմանալու, թե ինչ են լսում։ Իհարկե, կա երաժշտություն, որը ճանաչելի է, բայց կա նաև երաժշտություն, որը չգիտեն։ Այդ հարցը մեզ շատ էր հուզում»։

Որպեսզի խնդիրն այլևս մաեստրոներին չտանջի, որոշեցին կազմակերպել  համերգ-դասախոսություն։ Համաշխարհային ջազի գոհարների ուղեկցությամբ նրանք կներկայացնեն հենց այդ գոհարների ստեղծման պատմությունը, առհասարակ՝ բոլորին կուղեկցեն դեպի ջազի ակունքները։ Հանդիսատեսի հետ շփումը կլինի ինտերակտիվ․ հարցեր, պատասխաններ, ամեն ինչ ջազի մասին ու ջազի ուղեկցությամբ։

«Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի։ Հետագայում նույն ստուդիայում տարբեր խմբեր, տարբեր ժանրերի դասախոսություններով հանդես կգան։ Ես ու Վարդազարյանը կխոսենք ջազի մասին։ Կսկսենք համաշխարհային ջազի լավագույն ներկայացուցիչներ  Էլինգթոնով և կավարտենք Ջակո Պաստորիոյով»։

Ասում են՝ ջազը ազատություն է, այս երաժշտությունը նախընտրողը  միշտ ավելի ազատ է, քան` մյուսները։  Հանուն ազատության, թե մեկ այլ պատճառով, հայերը ժամանակին սիրեցին ջազը և այդ երաժշտությանն օրգանապես ձուլվեցին։ Մաեստրո Երզնկյանը, կարծեք, գիտի հայի և ջազի մեծ սիրո պատճառը։

« Ջազը անհատականությունների երաժշտություն է։ Իսկ մենք անհատականությունների ազգ ենք։ Մեզնից ամեն մեկը անհատականություն է, գեներալ  է»։

«Ջազային երաժշտություն սիրում են բոլորը, կամ էլ՝ գրեթե բոլորը, բայց այն հասկանալու համար կարևոր են նման նախաձեռնությունները»,- ասում է Հանրային ռադիոյի  էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Մարիտին Վարդազարյանն ու ընդգծում․ «Ջազային երաժշտությունը երբեք ագրեսիա չի քարոզել»։

Բարի երթ բոլորիս, մաղթում է Մաեստրոն, իսկ թե ինչպիսին կլինի Հանրային ռադիոյի նոր նախաձեռնության ապագան, ըստ նրա, կորոշեն  հանդիսատեսի արձագանքն ու աստղերի դասավորությունը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments