«Մարդիկ, որոնք «անկեղծ» զարմանում կամ ընդդիմանում են իմ կարծիքին եւ առաջարկներին, պարզապես չեն հասկանում ինչ բան է երկրի սուվերենությունը, ինչ բան է ազգային մեդիատարածքը, ինչու է այն հարկավոր պաշտպանել: Խարդավանքներով զբաղվող լրատվամիջոցներին եւ գործիչներին խորհուրդ եմ տալիս պարբերաբար հիշել, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են եւ պարտավոր են պաշտպանել սեփական պետության շահերը:

Եւ մի խորհուրդ, հատկապես ջահելներին. մի ապրեք ամերիկյան, ռուսական, իրանական, չինական ֆորպոստի բնակչի հոգեբանությամբ, ձգտումներով եւ պատկերացումներով», այսպես էր արձագանքել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Ռուսաստանի դեսպանատան հայտարարության առիթով Հայաստանում իր դեմ սկսած արշավին:

Խնդիրը հետեւյալն է՝ Տիգրան Հակոբյանը բարձրացրել էր ազգային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման նպատակահարմարության հարցը, ընդգծելով լեզվական եւ տեղեկատվական անվտանգության խնդիրը:

ՌԴ դեսպանատունն իր արձագանքում նշել էր, թե ՀՀ ղեկավարության՝ եղբայրության, ռազմավարական դաշնակցության հավաստիացումների ֆոնին ազգային անվտանգության սպառնալիքի մասին թեզը տարակուսանք է առաջացնում:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչ քարոզչություն է իրականացվում ռուսական պետական հեռուստաալիքներով, որում իր կայուն տեղն ունի նաեւ հակահայկական բաղադրիչը: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ այդ քարոզչությունը տալիս է լիովին հակառակ էֆեկտ, լուրջ վնաս հասցնելով Ռուսաստանի մասին Հայաստանում դրական պատկերացման մնացորդներին:

Խնդիրն այստեղ առավել խորքային է եւ արտահայտում է Հայաստանի ու հայկական շահերի վերաբերյալ Ռուսաստանի ավանդական պատկերացումները: Ըստ այդ պատկերացումների՝ այդ շահերը սահմանվում են Մոսկվայում, եւ դրանք ունեն միակողմանի բնույթ:

Հիշեք ինչ բան է երկրի սուվերենությունը, ինչ բան է ազգային մեդիատարածքը, հիշեք, որ ՀՀ քաղաքացիներ եք եւ պարտավոր եք պաշտպանել սեփական պետության շահերը, դիմել է Տիգրան Հակոբյանը Հայաստանում իր դեմ արշավ սկսած տեղական շրջանակներին: Այս վերջինները չէին բավարարվել ՌԴ դեսպանատան հայտարարությամբ եւ դիմել էին ՌԴ ԱԳՆ խոսնակին, ով հաստատել էր, որ դեսպանատան դիրքորոշումը հենց ԱԳՆ դիրքորոշումն է:

Հայաստանում փափուկ ուժի կիրառման «բարեխոս» ՌԴ դեպան Կոպիրկինը բախվել է լուրջ եւ թերեւս իր համար անակնկալ խնդրի: Հայ-ռուսական հարաբերությունները հանգել են մի կետի, երբ հայկական ուղղությամբ Մոսկվայի ավանդական քաղաքականությունն ու պատկերացումներն ամենատարբեր հարցերում հակասության մեջ են Հայաստանի ինքնիշխանությանը եւ շահերին, քանի որ «պարզվում է», որ այդպիսիք կան, եւ այդ մասին խոսում են: Իր հերթին, պրո-ռուսական շրջանակները Հայաստանում հայտնվում են մեղմ ասած անհարմար իրավիճակում:

Դա անխուսափելի իրողություն է եւ իսկապես եղբայրական մթնոլորտում քննարկելու թեմա, առավել եւս Ռուսաստանում ներկայում խորացող ճգնաժամի եւ «սմուտայի» ժամանակաշրջանում: