Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերն հավաքի ու «սիկտիր» լինի տուն. Մովսես Հակոբյանի ցուցմունքը

- in Իրավունք

Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ կառավարության կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ցուցմունքը։

Առաջադրված հարցերի վերաբերյալ կասեմ, որ 2008թ․ փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության Միքայել Հարությունյանից կամ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանից տեղեկացել եմ, որ հաջորդ օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունենալու խորհրդակցություն, և ինձ ասել են, որ տեղակալներից մեկի ու դիվիզիաների հրամանատարների հետ ներկայանամ խորհրդակցության։ Նույն գիշերը պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանի, պաշտպանության բանակի 10-րդ դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի   և 18-րդ դիվիզիայի հրամանատար Աղաջանյան Կամոյի հետ եկել ենք Երևան։ Փետրվարի 23-ին ժամը 11․00-ի սահմաններում ՀՀ Նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության։ Այն անց է կացրել ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա են եղել ՀՀ Զինված ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Այդ ժամանակ Երևանում հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնք կապված էին 2008թ․ փետրվարի 19-ին Հայաստանում կայացած Նախագահական ընտրությունների հետ։ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել  Հարությունյանի վրա և նրան ասաց, թե այդ ինչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի։ Ռ․ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերն հավաքի ու <սիկտիր> լինի իր տուն։ Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից։ Ընդհանուր խորհրդակցության իմաստը, իմ պատկերացմամբ, կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ ողջ զինված ուժերի անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներում։ Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ եմ գնացել, որտեղ Սեյրան Օհանյանից կամ Միքայել Հարությունյանից կամ էլ հենց երկուսից էլ տեղեկացել եմ, որ հրաման են պատրաստում, որ հայկական բանակի ողջ անձնակազմը բերվի զորանոցային վիճակի ու ինձ ասել են, որ վերադառնամ Ղարաբաղ, քանի որ հրաման են տալու, որպեսզի Ղարաբաղից զորք բերվի Երևան։ Ասացին, որ մինչև հասնեմ Ստեփանակերտ, հրամանը կուղարկեն։ Զինված ուժերի հրամանատարությունից տեղեկացրեցին, որ Ղարաբաղից զորքը բերվելու է Երևան, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքը անկայուն է։ Իմ առաջ խնդիր է դրվել, որ ես ապահովեմ Ղարաբաղից զորքի՝ Երևան տեղափոխելու հարցը, իսկ տեղում զորքը մտնելու էր այլ ստորաբաժանման կազմի մեջ և ենթարկվեր նրա ղեկավարության հրամաններին։ Նույն օրը վերադարձել եմ Ստեփանակերտ, էլեկտրոնային նամակով ստացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, որի հիման վրա հրաման եմ ստորագրել պաշտպանության բանակի առանձին ստորաբաժանումներից համահավաք գումարտակ կազմավորելու և Երևան քաղաք ուղարկելու մասին։ Հրամանի համարը չեմ հիշում, բայց այն տվել եմ ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի հիման վրա։ Իմ կողմից տրված հրամանի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ կարողանային իրականացնել զորքի տեղաշարժը դեպի Երևան։ Համահավաք գումարտակի հրամանատար եմ նշանակել իմ տեղակալ Սամվել Կարապետյանին, որը մնացել էր Երևանում։ Համահավաք գումարտակը բաղկացած է եղել երեք վաշտերից, յուրաքանչյուրի կազմում՝ մոտ 90 զինծառայող։ Գումարտակի կազմում եղել է նաև մեկ զրահախումբ՝ համալրված ՀՄՄ-2-ի և Տ-72-ի հաշվարկներով, սակայն այդ անձնակազմը առանց տեխնիկայի է գնացել Երևան։ Որևէ մարտական մեքենա ԼՂՀ-ից Երևան չի տեղափոխվել։ Նշեմ, որ հրամանով նշանակվել է  համահավաք գումարտակի վարչություն, որի կազմը չեմ հիշում, այդ ամենը հստակ նշված է հրամանի մեջ։ 2008թ․ փետրվարի 23-ին համահավաք գումարտակի անձնակազմը հավաքվել է Ստեփանակերտի հատուկ նշանակության ջոկատում, ես հանդիպել եմ անձնակազմին, անցկացրել հրահանգավորում, որի ժամանակ զինծառայողներին տեղեկացրել եմ, որ Երևան են մեկնում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների կապակցությամբ, որի շրջանակներում իրենց կտրվեն կոնկրետ խնդիրներ։ Քանի որ ես ինքս որևէ կոնկրետ խնդիր չէի ստացել, թե զորքը Երևանում ինչ պետք է անի, զինծառայողներին ասել եմ, որ պետք է տեղակայվեն Չարբախ թաղամասում գտնվող կենտրոնական հավաքակայանում։ Փետրվարի 23-ին ԼՂՀ-ի պաշտպանության բանակի անձնակազմից կազմված համահավաք գումարտակը դուրս է եկել Ստեփանակերտից և շարասյունով շարժվել Երևան։ Փետրվարի 24-ին՝ ժամը 11․00-ի սահմաններում, ինչպես որ նախատեսված  է եղել հրամանով, զորքն ամբողջությմաբ եղել է կենտրոնական հավաքակայանում։ Նշեմ, որ զորքը Երևան է եկել մեկ ամբողջական լրակազմով, հրամանի համաձայն՝ տրամադրվել են նաև զրահաբաճկոններ, սաղավարտներ, յուրաքանչյուր դարակում ունեցել են մեկ արկղ ձեռքի նռնակ։ Տեղում զինծառայողներին ապահովվել են համապատասխան զորանոցներով, սննդով, բայց ես դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չունեմ։ Համահավաք գումարտակի հրամանատարը ենթարկվել է Յուրի Խաչատուրովին, որը թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի համաձայն՝ հանդիսանում էր կազմավորված զորքի հրամանատարը։ Յու․ Խաչատուրովն այդ ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալն էր, նաև հանդիսանում էր Երևանի կայազորի պետը։ Ես համահավաք գումարտակով գրեթե չեմ զբաղվել․ իմ գործունեությունը սահմանափակվել է զորքը Երևան ուղարկելով, դրանից հետո բոլոր հրամանները տրվել են Յու․ Խաչատուրովի կամ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից։ 2008թ․ մարտի 1-ին տեղեկացել եմ, որ Երևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև, սակայն ինձ զեկուցել են, որ ԼՂՀ-ից Երևան գնացած համահավաք գումարտակից որևէ մեկը չի մասնակցել ժողովրդի հետ բախումներին, արտաքին ծառայություն փողոցներում չեն իրականացրել, այլ միայն մարտի 1-ին տեղափոխվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ սպասել են հետագա հրահանգների, սակայն առաջ անցնելով նշեմ, որ այդպես էլ պաշտպանության բանակի զորքին որևէ կոնկրետ խնդիր չեն առաջադրել։ 2008թ․ մարտի 1-ին ՀՀ գլխավոր շտաբից հրահանգ եմ ստացել, որ անհրաժեշտ է համալրել համահավաք գումարտակի կազմը և ևս մեկ այլ հրաման եմ ստորագրել, որի համաձայն՝ կազմավորվել է ևս մեկ համահավաք գումարտակ, որի կազմում արդեն ընդգրկել եմ մոտ 500 զինծառայողներ։ Կարող եմ ասել, որ Երևան ենք ուղարկել տարբեր ստորաբաժանումներից կազմավորված ուժեր, հիշում եմ, որ ուղարկել ենք հետախուզական գումարտակն ամբողջությամբ։ Երկրորդ համահավաք գումարտակի հրամանատար եմ նշանակել իմ տեղակալ գեներալ մայոր Վարդան Բալայանին։ Նշեմ, որ հրամանի համաձայն 2-րդ համահավաք գումարտակը նույնպես անցել է Սամվել Կարապետյանի ենթակայության տակ, իսկ 1-ին համահավաք գումարտակի հրամանատար եմ նշանակել Կամո Աղաջանյանին։ 2008թ․ մարտի 1-ի հրամանով նույնպես կազմավորվեց համահավաք գումարտակի վարչակազմ, որի կազմը նույնպես չեմ հիշում։ Այդ ժամանակ Երևանում իրավիճակը շատ խառն էր, այնուհետև երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։ Երկրորդ գումարտակը նույնպես Երևան է տեղափոխվել իր ամբողջական լրակազմով։ ԼՂՀ-ից Երևան տեղափոխված զինծառայողները ընդհանրապես արտաքին ծառայություն չեն իրականացրել, ժողովրդի հետ բախումների մասնակից չեն եղել, վիրավորներ չենք ունեցել։ Մարտի 1-ից հետո մինչև ապրիլի կեսերը ԼՂՀ-ից Երևան գնացած զորքի մի մասը մնացել է կառավարության շենքում, իսկ մյուս մասը՝ կենտրոնական հավաքակայանում։

Հարց- Ասացեք, ի՞նչ խնդիր էր դրված պաշտպանության բանակից ՀՀ եկած զինծառայողների առջև, ինչո՞ւ եք նման քանակության զորք ուղարկել Երևան։

Պատասխան- Ես կատարել եմ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի պահանջները։ Խնդիրը դրված էր զորքն ուղարկել Երևան և ենթարկեցնել Երևանի կայազորի պետ Յու․ Խաչատուրովին։ Ակնհայտ էր, որ այդ ամենը կապված է եղել Հայաստանի ներքաղաքական վիճակի հետ, բայց թե ԼՂՀ-ից Երևան տեղափոխված զորքին ինչ խնդիր պետք է տային, ես տեղյակ չեմ, ինձ հետ նման հարց չի քննարկվել։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի ավտոմեքենաների համարանիշներն ու զորքի համազգեստների տարբերանշանները փոխվել են։ Ի՞նչ կասեք այդ մասին;

Պատասխան- ԼՂՀ-ից զորքը դուրս է եկել իր համազգեստով, եղել են պաշտպանության բանակի համարանիշներ ունեցող մեքենաներով, իսկ թե Երևանում ինչ է կատարվել, ես տեղյակ չեմ։ Այդ զորքը դուրս է եկել իմ հրամանատարությունից, Երևանում գտնվելու ժամանակ զորքի հրամանատարը Յու․ Խաչատուրովն էր։

Հարց- Քննության ընթացքում պարզվել է, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումներից կազմավորված համահավաք 1-ին գումարտակի կազմում միայն սպաներ, ենթասպաներ և պայմանագրային զինծառայողներ են ընդգրկված եղել։ Ինչո՞վ կբացատրեք այդ հանգամանքը։

Պատասխան- Թիվ 0038 հրամանում նշված էր, որ պետք է ստեղծվի  բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանում։ Իմ կողմից տրված հրամանում չեմ նշել, որ պետք է պարտադիր լինեն սպաներ ու ենթասպաներ, բայց ենթադրվում է, որ բարոյահոգեբանական առումով ավելի նպատակահարմար է այդ գումարտակի կազմում ընդգրկել սպաների, ենթասպաների ու պայմանագրային զինծառայողների, և կոնկրետ զորքի անձնակազմը ընտրող հրամանատարները նպատակահարմար չեն գտել անձնակազմի մեջ ներառել ժամկետային զինծառայողներին։ Որևէ հստակ խնդիր չի եղել, որ ժամկետային զինծառայողներ չպետք է ընդգրկվեն համահավաք գումարտակի կազմում, հրամանատարները նպատակահարմար են գտել, որ բարոյահոգեբանական վիճակը ավելի բարձր է սպաների, ենթասպաների ու պայմանագրային զինծառայողների մոտ, դրա համար էլ առաջին գումարտակի կազմում միայն նման ծառայողներն են ընդգրկվել։ Իսկ օրինակ երկրորդ գումարտակի կազմում եղել են նաև ժամկետային զինծառայողներ, քանի որ, օրինակ, հետախուզական գումարտակի ողջ կազմն ընդգրկվել է այդ գումարտակում, որը համալրված է նաև ժամկետային զինծառայողներով։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համահավաք գումարտակները կազմավորված են եղել միայն տեղացիներից, դրանց կազմում եղել են բացառապես ԼՂՀ-ում բնակվող անձինք։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Բացարձակապես նման խնդիր չի եղել։ Նախ ասեմ, որ այդ ժամանակ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի բոլոր պայմանագրային զինծառայողները և ենթասպաները եղել են ղարաբաղցիներ։ Սպաների մեծ մասը նույնպես Ղարաբաղի բնակիչներ են եղել, այդ պատճառով էլ համահավաք առաջին գումարտակի կազմում ընդգրկվել են մեծամասամբ Ղարաբաղի բնակիչներ, սակայն որևէ հատուկ կարգադրություն այդ կապակցությամբ չի տրվել։ Իսկ երկրորդ համահավաք գումարտակի մասին արդեն նշեցի, որ եղել են նաև ժամկետային զինծառայողներ, ովքեր զորակոչված են եղել նաև ՀՀ զինկոմիսարիատներից, հետևաբար նրանց մեջ եղել են նաև Հայաստանի բնակիչներ։

Հարց- Ասացեք, ԼՂՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների աշխատակիցները Երևան եկե՞լ են, թե՞ ոչ․ նրանք կենտրոնական հավաքակայանում մնացե՞լ են, թե՞ ոչ։

Պատասխան- Տեղյակ չեմ, իմ հրամանով կազմավորված անձնակազմի մեջ ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ չեն եղել։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԼՂՀ-ից Հայաստան ժամանած պաշտպանության բանակի ստորաբաժանումների ծառայողները տեղակայվել են նաև ՀՀ Նախագահի նստավայրում, Սահմանադրական դատարանի շենքում, նաև՝ Շիրակ հյուրանոցում։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։

Պատասխան- Ոչինչ չեմ կարող ասել, դա արդեն կայազորի պետի կողմից է կարգավորվել։ Այդ անձնակազմը ինքնուրույն ոչ մի որոշում չի կայացրել, բոլորը համաձայնեցրել են կայազորի պետի հետ, կատարել են նրա հրահանգները։

Հարց- Ասացեք, ի՞նչ սնունդ են տվել զինծառայողներին։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԼՂՀ-ից եկած զինվորականներին հատկացվել է բանակի զինծառայողներին տրվող սննդից էականորեն տարբերվող սնունդ, ընդ որում՝ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ այն ուղարկվել է գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից։

Պատասխան- Ես տեղյակ չեմ, կենտրոնական հավաքակայանի զորքի սննդի ապահովման և մյուս հարցերով չեմ զբաղվել։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2008թ․ փետրվար ամսին պաշտպանության բանակի՝ Երևան եկած զինծառայողներին պարբերաբար գումարներ են տրվել՝ 25000-30000 ՀՀ դրամի չափով։ Բացի այդ, Սամվել Կարապետյանը զորքից առանձնացրել է 20 հոգու, որոնք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում կրակել ժողովրդի վրա և արդյունքում դուրս են եկել Երևան քաղաքի փողոցներ ու կրակել ցուցարարների ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Ոչինչ չեմ կարող ասել․ հարցադրման մեջ նշված բոլոր հանգամանքներն ինձ անծանոթ են, ո՛չ գումարի մասին եմ լսել, ո՛չ էլ ժողովրդի վրա կրակած զինծառայողների։ Ինձ զեկուցել են, որ պաշտպանության բանակի ծառայողներն որևէ կրակոց չեն արձակել, նման խնդիր չի առաջադրվել։ Հնարավոր առանձին խմբերի ձևավորման մասին տեղյակ չեմ։

Հարց- 2008թ․ փետրվարի 23-ից հետո Դուք Երևան քաղաք եկե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որտե՞ղ եք եղել, ի՞նչ գործողություններ եք կատարել, այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին հանդիպե՞լ եք, թե՞ոչ։

Պատասխան- Ես Երևան չեմ եկել, այդ ժամանակ ԼՂՀ-ի սահմաններում որոշակի լարվածություն է եղել, նույնիսկ Մարտակերտի դիրքերից մեկի վրա դիվերսիոն գործողություն է կատարվել, սակայն շատ արագ վերականգնվել է դիրքի նախկին վիճակը, իսկ հակառակորդը հետ է շպրտվել։

Հարց- Կարո՞ղ եք ասել, թե ինչու  են թշնամու կողմից դիվերսիոն գործողություններ կատարվել հենց այն ժամանակահատվածում, երբ պաշտպանության բանակի անձնակազմից մեծ թվով սպաներ և ենթասպաներ են տեղափոխվել Երևան քաղաք ու տեղակայվել կենտրոնական հավաքակայանում ու կառավարության շենքում։

Պատասխան- Կարծում եմ, որ կապն ակնհայտ է, որ հակառակորդը նման գործողություն է կատարել՝ կապված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ։ Երևանում այդ ժամանակ իրավիճակը լարված է եղել ու իմ կարծիքով՝ թշնամին հաշվի է առել այդ հանգամանքը։

Հարց- Մի՞թե արդարացված էր նման պայմաններում պաշտպանության բանակի, կարելի է ասել, լավագույն կազմը, այդ թվում՝ դիրքապահ զինծառայողների հրամանատարներին բերել Երևան։ Արդյո՞ք իրականում եղել է դրա անհրաժեշտությունը, որ բանակի տարբեր ստորաբաժանումների փորձառու սպաները, որոնք ընդգրկված են եղել նաև մարտական հերթապահություններում և լուրջ խնդիրներ են լուծել, թողնեն իրենց ծառայությունը և գան Երևան։

Պատասխան- Պաշտպանության բանակի ուժերն ու միջոցները բավարար են եղել մարտական խնդրի կատարման համար, ինչը ապացուցվեց մարտի 3-ին հակառակորդի դիվերսիոն գործողություններին տրված պատասխանով։ Ինչ վերաբերում է զորքը տեղափոխելուն, ապա դա կատարվել է հրամանի հիման վրա։ Հրամանները զինվորականների համար ենթակա են կատարման՝ առանց քննարկման։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԼՂՀ-ից Երևան եկած զորքի կազմում եղել է նաև Սեյրան Օհանյանի որդին։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Սեյրան Օհանյանի որդին ծառայում էր 4-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայում, այժմ հստակ չեմ հիշում, թե նա համահավաք գումարտակի կազմում եղե՞լ է, թե՞ոչ։

Հարց- Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2008թ․ փետրվարի 23-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, ներկա են եղել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավար կազմը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Սերժ Սարգսյանին չեմ հիշում, ինձ մոտ տպավորվել է միայն Ռոբերտ Քոչարյանի խոսքը։ Եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ ներկա է եղել, համենայնդեպս չի խոսել, ելույթ չի ունեցել։ ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ղեկավար կազմը այդ խորհրդակցությանը մասնակցե՞լ է, թե՞ոչ՝ չեմ հիշում։

Հարց- Համաձայն 2006թ․ ընդունված ԼՂՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի՝ Արցախի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Արցախի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ ԱՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են։ Ինչո՞վ կբացատրեք Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը Երևան տեղափոխելու հանգամանքը։ Ասացեք, Արցախի Հանրապետության Նախագահը տեղյակ եղե՞լ է զորքի տեղաշարժից, մասնավորապես՝ Երևան տեղափոխվելու մասին, թե՞ ոչ։

Պատասխան- Այո, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տեղյակ եղել է, ես նրան տեղեկացրել եմ այդ մասին։ Ինչ վերաբերում է Արցախի Զինված ուժերի անձնակազմը Երևան տեղափոխելուն, ապա նշեմ, որ իմ հրամանի համաձայն՝ Երևան է տեղափոխվել պաշտպանության բանակի անձնակազմը, դա երևում է հրամանից։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմում գտնվող որևէ ստորաբաժանում Երևան չի տեղափոխվել։ Արցախի Հանրապետության Զինված ուժերն են հանդիսանում պաշտպանության նախարարը, սոցիալական բաժինը և զինվորական կոմիսարիատները։

Մնացած անձնակազմը դա պաշտպանության բանակն է, որը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության առանձին ստորաբաժանում։ Պաշտպանության բանակը գտնվում է ոչ թե ԼՂՀ-ի, այլ ՀՀ-ի Սահմանադրության իրավազորության ներքո։

Հարց- 2008թ․ ՀՀ-ում գործող Սահմանադրության 8․2-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։ 2008թ․ մարտի 1-ին, ինչպես նաև դրան նախորդած կամ հաջորդող օրերին, արդյո՞ք առկա է եղել սահմանադրական հիշյալ նորմով ամրագրված իրադրություններից մեկը, եթե այո, ապա նշեք կոնկրետ իրադրությունը։

Պատասխան- 2008թ․ փետրվարի 23-ին պաշտպանության բանակից զինծառայողներ են տեղափոխվել Երևան՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի, այդ մասին արդեն նշել եմ, իսկ մարտի 1-ին Երևանում հայտարարվել է արտակարգ դրություն։

Հարց- 2008թ․ գործող Սահմանադրության դրույթների համաձայն՝ ՀՀ Զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ռազմական դրություն հայտարարելու դեպքում, իսկ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում՝ ոչ։ Ի՞նչ կասեք այդ մասին, ինչո՞ւ է զորք տեղափոխվել Երևան։

Պատասխան- 2008թ․ մարտի 1-ին իմ կողմից 2-րդ համահավաք գումարտակ կազմավորելու մասին հրաման տալը նույնպես կապված է եղել ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի հետ։ Ես հրամաններ եմ կայացրել միայն զորքի տեղափոխումն ապահովելու համար, մնացած հարցերը կարգավորվել են թիվ 0038 հրամանով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments