Հայաստանի երեք, և Արցախի մի նախկին վարչապետի նախաձեռնությունը՝ երաշխավորություն Ռոբերտ Քոչարյանի ազատության, խափանման միջոցը փոխելու հարցում, բացի երկրորդ նախագահի զուտ պաշտպանական մարտավարության արդեն ինչ որ իմաստով հասկանալի տրամաբանություն լինելով՝ տարատեսակ միջնորդություններով հնարավորինս խաղալ ժամանակի վրա, նաև բավականին հետաքրքիր շերտ է պարունակում քաղաքական իմաստով, կամ ներքաղաքական:

Նախկին վարչապետերի կազմը հետաքրքիր է՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Կարապետյան, և Արցախից՝ Անուշավան Դանիելյան: Եթե Անուշավան Դանիելյանի առումով շատ բան պարզ է, նա իր պաշտոնավարման ընթացքում էլ դիտարկվել է որպես Ռոբերտ Քոչարյանի  «կադր», ապա Հայաստանի նախկին վարչապետերի պարագայում եռյակը ընտրված է հետաքրքիր: Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը դիրքավորված են Հայաստանի ներքաղաքական կյանքում, իսկ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել է Ռուսաստան, վերադարձել մենեջերական դիրքերին: Սակայն այդ իմաստով կար նաև մի հետաքրքիր հանգամանք: Դեռևս ՌԴ վարչապետ Մեդվեդևին կից ստեղծվեց փորձագիտական խորհուրդ և Կարեն Կարապետյանը արդեն ՌԴ երեք նախկին վարչապետերի կողքին դարձավ այդ խորհրդի նախագահության անդամ: Իսկ նախագահությունը գլխավորում էր Պուտինի աշխատակազմի նախկին ղեկավար Վոլոշինը, որն իր ժամանակին համարվում էր գորշ կարդինալ: Սակայն, դրանից կարճ ժամանակ անց Ռուսաստանում տեղի ունեցան հայտնի զարգացումները, որոնց արդյունքում պաշտոնը թողեց ՌԴ վարչապետ Մեդվեդևը:

Փոխե՞լ է այդ հանգամանքը նաև Կարեն Կարապետյանի կարգավիճակը, թե՞ խորհուրդը գործում է ներկայիս վարչապետ Միշուստինին կից: Բանն այն է, որ համենայն դեպս ուշադրության արժանի է փաստը, թե արդյո՞ք երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության երաշխավորություն ներկայացնող Հայաստանի նախկին վարչապետը ունի ՌԴ իշխանության մերձքաղաքական դիրքավորում, թե ոչ: Իհարկե պետք չէ անել հեռուն գնացող հետևություն, կապելով նախաձեռնությունն  այդ իշխանության հետ, բայց համենայն դեպս կարող է առաջանալ հնարավոր հետաքրքիր դիտարկումների առիթ: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին և Խոսրով Հարությունյանին, ապա այստեղ ներքին ակտիվության տարբեր ռեժիմ է:

Վազգեն Մանուկյանը հայտարարել է իր ԱԺՄ-ն վերականգնելու մասին, միաժամանակ լինելով Վերնատուն նախկին իշխող համակարգի հավաքական նախաձեռնության հեղինակ: Այդ հանգամանքն ինքնին հուշում է, որ Վազգեն Մանուկյանը այդ հավաքականը դիտարկում է ավելի շատ մրցակից, քան աջակից: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորության նախաձեռնությանը Մանուկյանի մասնակցությունը, ներգրավվածությունն ըստ ամենայնի պետք է դիտարկել այդ խնդրի համատեքստում: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը նախկին իշխող համակարգում այդ խնդիրը սրող գլխավոր հանգամանքներից մեկն է: Երկրորդ նախագահն այդ իմաստով իր հետնախագահական լատենտ ակտիվությամբ խափանել էր նախկին համակարգը վերահսկելու Սերժ Սարգսյանի հնարավորությունը, այժմ նա իր խափանման միջոցով, արդեն գուցե ակամա, խափանում է նախկին իշխող համակարգի ռազմավարական վերադասավորման խնդիրը, որը անլուծելի է, քանի դեռ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ:
Spread the love