Ռուբեն Հայրապետյանը ոստիկանապե՞տ կնշանակի

- in Պնակալեզներ
ruben hayrapetyan

Ոստիկանություն բերման ենթարկվելուց եւ մի քանի ժամ անց ազատ արձակվելուց հետո Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը Հայաստանում դարձել է բուռն քննարկումների առարկա: Խոսքը նրա այն հայտարարության մասին է, թե այսօր իրեն են պառկեցրել, վաղը ինքն է պառկեցնելու եւ ոտքերը սրբելու ոստիկանության վրա:

Այդ հայտարարությունը առաջացրել է բուռն վրդովմունք, միաժամանակ աշխույժ խոսակցություններ այն մասին, թե ոստիկանությունն է թույլ: Դա ընթանում է բավականին նկատելի եւ մեծ ալիքով, ընդ որում նաեւ շատ հետաքրքիր տողատակով: Այդ քննարկումների համատեքստում արդեն հնչում են անուններ, թե ով պետք է գլխավորի ոստիկանությունը, որպեսզի ոստիկանությունը «թույլ չլինի» եւ թույլ չտա այնպիսի հայտարարություններ, որ արել է Ռուբեն Հայրապետյանը:

Այն, որ Հայրապետյանի հայտարարությունը վիրավորական է ոստիկանության ու պետության համար, անկասկած է: Ամբողջ հարցն այն է սակայն, թե ի՞նչ պետք է լիներ այդպիսի հայտարարություն չլինելու դեպքում: Ռուբեն Հայրապետյանի լեզու՞ն կտրեին, թե՞ հայտարարությունից հետո սպանեին նրան, որ բոլորն արձանագրեին ոստիկանության ուժը: Քննարկումները կարող են հասնել ընդհուպ անհեթեթ ու անտրամաբանական ծայրահեղության, թեեւ հասկանալի է դրանց շարժառիթ մթնոլորտը, որի խթանման հարցում, ի դեպ, իր լուման ունի նաեւ հենց ինքը Հայրապետյանը եւ իր համակիրներն ու թիմակիցները:

Պարզապես, բանն այն է, որ նրանց համար դա շահեկան վիճակ է, եթե անգամ որեւէ բառից հետո հայտնվում են հանրության կոշտ քննադատության ներքո: Նրանք փաստորեն մի քանի բառով կարող են հանրությանը հանել հունից եւ հասցնել «հոգեխանգարմունքի»: Այդպիսով, նրանք առնվազն այդ իմաստով հանրության հանդեպ արդեն ձեռք են բերել որոշակի հոգեբանական իշխանություն:

Եթե որեւէ մեկը կարծում է, թե հնարավոր է հասնել մի վիճակի, երբ նախկին իշխող համակարգի ներկայացուցիչները պապանձվում են ու լռում մեկընդմիշտ, ապա դա խորը մոլորություն է եւ անգամ իրավիճակի, ու նույնիսկ Հայաստանում կատարված հեղափոխության անհամարժեք ընկալում: Դա այլ հարց է: Բայց, փաստն այն է, որ անգամ այդ հեղափոխության անունից խոսողներն ու նույնիսկ երդվողները մոտ երկու տարի առաջ անվերապահ ու ինքնավստահ հաղթանակ արձանագրած հանրությանը վերադարձրին թերարժեքության, սեփական հաղթանակի հանդեպ անվստահության հոգեվիճակ ու բարդույթ, այդ ընթացքում լուծելով սեփական հարցեր:

Իսկ դրա հետեւանքով ոչ միայն ընդամենը մեկ-երկու բառով նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ կարող է հանրային տրամադրություն ուղղել կամ նույնիսկ կառավարել, այլ փաստորեն բավական մոտ կարող է լինել անգամ ոստիկանապետ նշանակելուն, թեկուզ անուղղակի, համենայն դեպս առայժմ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments