Ռուսաստանը մարտի՞ է պատրաստվում Թուրքիայի դեմ

- in Միջազգային
nav

Մոսկվան Անկարային ցավակցություն է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք ցավակցություն ենք հայտնում եւ, կրկնում եմ մեկ անգամ եւս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թուրք զինվորականների անվտանգությունը, որոնք Իդլիբի գոտում ապահովում են ապաէսկալացիայի ռեժիմը, ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Երեկ գիշերը, երբ հայտնի դարձավ Իդլիբում թուրքական զորքին հարվածի մասին, Անկարայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվեց ամբոխ, որը գոչում էր «Ասադ մարդասպան», «Պուտին մարդասպան»:

Թուրքիայում արգելափակվել են սոցցանցերը, եւ պաշտոնական քարոզչությունը հակառուսական տրամադրություններ է սրում: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդական Մեսութ Հաքքին խոստացել է, որ վրեժ կլուծվի Ռուսաստանից Իդլիբում ավել քան 30 զինվորականի սպանության համար: «Նախկինում 16 անգամ մարտնչել ենք Ռուսաստանի հետ եւ նորից կանենք», – ասել է Հաքքին: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում 25 միլիոն մուսուլման է ապրում: «Մեր վրեժը սարսափելի է լինելու», – նախազգուշացրել է նա:

Ռուսաստանի ՊՆ-ն արդարացել է թուրքական զորքերին հարվածելու հարցում, նշելով, որ այդ վայրում չպետք է թուրք զինվորականներ լինեին: Ռուսաստանը հայտնել է, որ այդ օրն իր ավիացիան չի մասնակցել մարտին:

Այդուհանդերձ, Թուրքիայում հակառուսական տրամադրությունները շիկանում են, հնչում են սպառնալիքներ, եւ Ռուսաստանը բարդ երկընտրանքի առաջ է՝ շարունակել պնդել Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ պաշտպանել գոյություն ունեցող սահմանները, թե զիջել Թուրքիային՝ նրա հետ նոր պայմանագիր ստորագրելով:

Ռուսական «Ծովակալ Մակարով» եւ «Ծովակալ Գրիգորովիչ» ռազմանավերը, որոնք զինված են «Կալիբր-ՆԿ» հրթիռային համալիրով, շարժվել են Սեւաստոպոլից: Դրանք կմիանան Միջերկրական ծովում գործող Ռուսաստանի ռազմածովային նավատորմին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ռուսաստանը կկիրառի՞ «Կալիբրները» թուրքական զորքի դեմ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments