Ռաշա թուդեյի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերթական անգամ ծայրահեղ անհարգալից է արտահայտվել Հայաստանի հասցեին:

«Չինաստանից մերոնց տարհանման գործում ինձ ամենաշատը հուզել է այն, որ նրանցից 16-ը մերոնք չեն, իսկ Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիներ: Այսինքն, այդ մարդիկ գնացել են իրենց դեսպանատներ, իսկ նրանց ասել են. «Ինչ է, ծիծաղո՞ւմ եք, ինչպե՞ս ենք ձեզ տարհանելու: Գնացեք ռուսների մոտ, նրանք բոլորին կփրկեն: Ընթանում է փառապանծ անկախության երեսուներորդ տարին»:

Մարգարիտա Սիմոնյանը 30 տարի չի կարողանում համակերպվել, որ Հայաստանն անկախություն է կառուցում եւ Մոսկվային չի ընկալում որպես մետրոպոլիա, իսկ Ռուսաստանի հայերին՝ սատրապ: Ժամանակին Սերգեյ Կուրղինյանն ասում էր, որ Հայաստանին անկախություն պետք չի: Հիմա էլ Կրեմլի գլխավոր պրոպագանդիստը ծաղրում է «փառապանծ անկախությունը»:

Սակայն, Սերգեյ Կուրղինյանը հասկանում է, որ չի կարելի կտրել ճյուղը, որի վրա նստած ես, եւ հաղորդումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ հետխորհրդային միակ երկիրը, որը պետականության ավանդույթներ ունի, Հայաստանն է:

Ռուսաստանը 100 տարի հայերին վախեցնում է, որ եթե Ռուսաստանը չլինի, թուրքերը կգան: Բայց պարզվեց, որ ռուսները թուրքերի հետ կիսեցին Հայաստանը, որն իքնիշխանությունից զրկվեց ռուս-թուրքական պայմանագրով: Երբ այս մասին Հայաստանում սկսեցին բաց խոսել, անմիջապես պարզ դարձավ, թե ինչու Պուտինը Հայաստան ժամանելիս առաջինը Գումրիի բազա գնաց: Այդպես նա ցույց տվեց հավատարմությունը ռուս-թուրքական պայմանագրին:

Հետո Մոսկվան սկսեց Հայաստանին վախեցնել Արեւմուտքով: Իբր, եթե մեր գաղութը չլինեք, Արեւմուտքի արբանյակը կդառնաք: Բայց երբ Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համաձայնագիրը, եւ պարզ դարձավ, որ Արեւմուտքը ոչ մի բան չունի Հայաստանի ինքնիշխանության դեմ, Ռուսաստանում որոշեցին տալ գլխավոր թշնամու անունը:

Ռուսաստանի գլխավոր թշնամին Հայաստանում ինքնիշխանությունն է: Ռուսաստանը շատ բան է արել, որ Հայաստանի ինքնիշխանությունը մազից կախված լինի: Ադրբեջանին միլիարդավոր դոլարի սպառազինության մատակարարումը Մոսկվան պայմանավորում է «հավասարակշռության պահպանմամբ»: Այսինքն, Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանն այնքան ամրանա, որ կարողանա վերջնական հաղթանակ տանել:

Հայկական ազգանունով շատ ռուսաստանցիներ դեռ հույս ունեն, որ 30 տարին ժամկետ չէ, եւ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Իրենց գործունեությունն էլ ուղղում են Հայաստանի ինքնիշխանության նվաստացմանն ու չեզոքացմանը:

Spread the love