Ռուսաստանում հակահայկականությամբ զբաղված են ծագումով ինչ-որ հայեր

- in Հրապարակ

Վերջին շրջանում ռուսական, այսպես ասած, մեդիափորձագիտական տիրույթում աշխուժացել է հակահայկական քարոզչությունը, ընդ որում՝ թե՛ հայկական և թե՛ ոչ հայկական ազգանուններով: Ինչպես ռուսները կասեին՝ մենք դրան վաղուց ենք վարժվել, սակայն դիտարկել ալիքներն ամեն անգամ թերևս պարտավոր ենք:

Բանն այն է, որ այդ հակաքարոզչության հիմքում կարող է լինել ոչ միայն զուտ անձնական ու խմբային քենը, որ կարող են շատերը տածել Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող փոփոխության նկատմամբ: Ընդ որում, այս դեպքում խոսք կարող է լինել թե՛ հայաստանյան, թե՛ ռուսական շրջանակների մասին: Այսինքն՝ թե՛ Հայաստանում կան շրջանակներ, որոնք ռուսական կապերը կարող են և պատրաստ են օգտագործել նոր Հայաստանի հանդեպ քենը արտահայտելու համար, և թե՛ կան այդ շրջանակներն ու խմբերը Ռուսաստանում, որոնք Հայաստանի նախկին իշխող համակարգը դարձրել էին լավ բիզնես՝ Հայաստանի վասալության կոնվերտացիայով: Ի վերջո, այն ներկայումս էլ կարող է ռուսական շրջանակների համար լինել լավ բիզնես, որը վճարում է Ադրբեջանը, այսպես ասած՝ համատեղ բիզնես:

Միևնույն ժամանակ, ռուսական մեդիափորձագիտական տիրույթում Հայաստանի, հայերի դեմ քարոզչական և տեղեկատվական կոնտենտի ձևավորումը կարող է ունենալ նաև քաղաքական շարժառիթներ, ինչն էլ առանձնապես ուշադրության առարկա է՝ հատկապես նկատի ունենալով ներկայիս միջազգային մթնոլորտն ու դրանում ռուս-թուրքական բախումը: Որքան էլ Իդլիբում այն թեժ է, Կովկասում այդ բախումը ունի առանձնահատուկ նրբերանգներ, որոնցում գերակշռում է պայմանավորվածության կամ պայմանավորվելու տրամաբանությունը, համենայնդեպս՝ առայժմ: Իսկ այստեղ խանգարողը հայերն են, ընդ որում՝ հավասարապես թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային:

Այդ պատճառով է գուցե, որ Էրդողանը Բաքվում է հակահայկական քարոզչությամբ զբաղված, իսկ Ռուսաստանում էլ դրանով զբաղված են թե՛, այսպես կոչված, ծագումով ինչ-որ հայեր և թե՛ այլ շրջանակներ: Այդ ալիքները պարբերաբար անցնում են, երբ Մոսկվայում հասունանում է հայերին ինչ-որ պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Հայաստանում պետք է հասունանա այդ կապակցությամբ հանրային և քաղաքական դիմադրողունակությունը: Սահմանադրության հանրաքվեն դրա գուցե ոչ ուղիղ, սակայն նշանակալի միջոցներից է:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments