Ռուս-թուրքական «անկեղծության պահը» Սիրիայում. ռազմական բախման հեռանկարը

- in Միջազգային
Erdoghan Putin

ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային՝ Իդլիբում ռազմական գործողություն սկսելու պարագայում: Այդ տեղեկությունը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով ՆԱՏՕ անդամ երկրի դիվանագիտական աղբյուրին: Ռուսական տեղեկատվական խաղարկու՞մ է այն, թե՞ Հյուսիսատլանտյան դաշինքն իրապես չի ներգրավվի թուրքական ռազմարշավում:

Տեղեկությունը համենայն դեպս հետաքրքիր է մի կողմից ռուս-թուրքական բանակցության ֆոնին, որ ընթանում է արդեն մի քանի օր՝ Իդլիբի շուրջ պայմանավորվելու առայժմ ապարդյուն փորձով, մյուս կողմից՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության, որ դաշինքը տարբեր թեմաներով ինտենսիվ շփումներ ունի Ռուսաստանի հետ:
Թուրքիան աջակցության համար դիմել էր ՆԱՏՕ-ին, բայց ըստ ամենայնի աջակցությունը բավարարվեց լոկ մտահոգությամբ, որ դաշինքն արտահայտել էր Իդլիբի իրավիճակի կապակցությամբ: Ընդ որում, երբ իրավիճակին ներգրավվում է ՆԱՏՕ-ն, դժվար է ասել՝ դա օգնությու՞ն է Թուրքիային, թե՞ հակառակը:

Համենայն դեպս, այդ պարագայում Անկարայի հետ որեւէ պայմանավորվածություն Մոսկվայի համար կարող է դիտարկվել հենց ՆԱՏՕ-ին զիջելու համատեքստում, հաշվի առնելով ռուսական պաշտոնական պրոպագանդայի հայտնի հիմնարար «թեզերը»: Միաժամանակ, հյուսիսատլանտյան դաշինքը Թուրքիային փաստորեն թողնում է իր ռազմա-տեխնիկական գործընկերոջ հետ դեմ դիմաց: ՆԱՏՕ-ն բազմաթիվ փորձեր արեց կանխել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը, սակայն Թուրքիան մնաց անդրդվելի: Այժմ Անկարային թողնում են Ռուսաստանի հետ առերեսման վիճակում, կամ ըստ ամենայնի բավական թանկ գին պահանջում առավել առարկայական աջակցության համար:

Էրդողանն Իդլիբում բարդ դրության մեջ է: Նա հոխորտում է, սպառնում ռազմարշավով: Ի՞նչ կանի, եթե ռուսները չնահանջեն: Կմտնի՞ Անկարան ուղիղ ռազմական բախման մեջ: Մյուս կողմից, բավական լուրջ է նաեւ Մոսկվայի դրությունը, քանի որ Սիրիայի հարցում Կրեմլը մենակ չէ՝ կա Թեհրանը, եւ այդքան հեշտ չէ հերթական անգամ պատասխանատու պահին հանձնել դաշնակցին, ինչի «բարի ավանդույթն» ունի ռուսական քաղաքականությունը:

Մոսկվայի նահանջի մեկ այլ ճանապարհ էլ փակեց Սիրիան, խորհրդարանում ճանաչելով հայերի ցեղասպանությունը: Հայկական հարցը ռուս-թուրքական հարաբերության «անկեղծության պահն» է: Ի դեպ, այդ առումով հատկանշական էր նաեւ Մյունխենում Ալիեւի հետ քննարկմանը Լենին-Աթաթուրք պայմանագրի մասին Հայաստանի վարչապետի հիշատակումը:

Իր հերթին, Ռուսաստանի սպաների միություն կազմակերպության ղեկավար գեներալ-մայոր Լիպովոյը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն Իդլիբը չէ, այլ Հալեպը՝ Օսմանյան կայսրության վերականգնումը: Ի՞նչ տրամադրություններ են լինելու ռուսաստանյան սպաների, գեներալակազմի մոտ Պուտինի հանդեպ, եթե նա հերթական անգամ համաձայնի Էրդողանի պայմաններին եւ բավարարի նրա նպատակները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments