Ռուս-թուրքական բախումն ընդլայնում է աշխարհագրությունը. Գյումրիի ռուսական բազան կարող է հայտնվել թիրախում

- in Միջազգային
Rus zinvor

Մոսկվայում տեղի է ունենում Սիրիայի Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցության երկրորդ փուլը: Առաջինը տեղի էր ունեցել Թուրքիայում եւ արդյունք չէր տվել: Կողմերը միմյանց մեղադրում են Իդլիբի ապաէսկալացիոն կամ անվտանգության գոտում պայմանավորվածությունները չպահելու մեջ: Ասադի կառավարական բանակը Իդլիբում գրավել է մի քանի բնակավայր ու վերահսկողություն հաստատել թուրքական պահակակետերի զգալի մասի վրա:

Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին Ասադին չզսպելու համար, սպառնալով հարձակում սկսել: Զուգահեռ թուրքական պաշտոնական շրջանակներում ու ԶԼՄ-ներում հակառուսական ալիք է բարձրացել, իսկ այդ երկրում ՌԴ դեսպանը սպառնալիքներ է ստանում: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նման իրավիճակում Անկարայում սպանվեց ՌԴ դեսպանը, սակայն Մոսկվան ի վերջո արդարացրեց Թուրքիային, դա վերագրելով երրորդ ձեռքին:

Բանակցության մոսկովյան փուլից առաջ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ռուս եւ թուրք զինվորականների միջեւ բնականոն հարաբերություններ ու փոխգործակցություն կա, սակայն քաղաքական հարթությունում կան տարաձայնություններ: Լավրովի այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ բանակցության մոսկովյան փուլին զուգահեռ Դոնբասում անջատականների ուժերը, որոնք հիմնականում ռուսաստանցի զինվորականներ են, հարձակում են գործել ուկրաինական բանակի դիրքերի վրա, պատճառելով կորուստներ: Մի քանի օր առաջ Ուկրաինայում այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեմարշ էր արել Ռուսաստանի ուղղությամբ, հայտարարելով Ղրիմի անեքսիան չճանաչելու մասին:

Բացի այդ, այսօր Լիբիայում, Տրիպոլիի նավահանգստում ոչնչացվել է զենքով բեռնված թուրքական նավ, որը նախատեսված էր Տրիպոլիի կառավարության համար: Լիբիայում ներկայում փաստացի երկիշխանություն է, Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը, իսկ Ռուսաստանը՝ մարշալ Հավթարին, որին օգնում են ռուս զինվորականները:

Այս իրադարձություններն այնքան էլ չեն վկայում, որ ռուս եւ թուրք զինվորականների միջեւ բնականոն հարաբերություններ կան: Ավելին, ռուսական փորձագիտական շրջանակներում տեսակետներ կան, որ զինվորականությունը դժգոհ է քաղաքական ղեկավարության՝ Թուրքիային զիջումների գնալու քաղաքականությունից, եւ որոշակի պայմաններում կարող է գործել ըստ «իրավիճակի»: Դա քիչ հավանական է թվում, սակայն այս երկու իրադարձությունները Լիբիայում եւ Սիրիայում ուղիղ եւ անուղղակի հարված են Թուրքիային՝ բանակցություններում որոշակի առավելության հասնելու համար:

Բացի այդ, պետք է նկատի առնել նաեւ Ասադի դիրքերի որոշակի ամրությունը, որը պայմանավորված է թե ռուս-իրանական աջակցությամբ, թե նրանով, որ Արեւմուտքն արդեն չի դնում նրան հեռացնելու պահանջ: Ավելին, Ասադն օգտվում է ԱՄՆ-ի քաղաքականության ընձեռած հնարավորություններից, որի էությունը Սիրիայում եւ հիմա արդեն Լիբիայում Ռուսաստանի ու Թուրքիայի ներքաշումն է տեւական գործընթացների մեջ, այդ երկու երկրների կրկնակի զսպման քաղաքական կուրսի շրջանակում: Դրա վկայությունն էր Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ակտը:

Ո՞ւր կհասնի «ռուս եւ թուրք զինվորականների միջեւ հարաբերությունների» թեման: Ռուսական մեդիադաշտում ռուս-թուրքական «կարգավորումների» հարցում զուգահեռներ են անցկացվում Իդլիբի ու Ղարաբաղի միջեւ, իսկ Չավուշօղլուն հայտարարում է, որ եթե Ռուսաստանն օգնի, կլուծեն Ղարաբաղի խնդիրը:

Ռուս-թուրքական առայժմ անուղղակի բախումներն ընդլայնում են աշխարհագրությունը: Այս կապակցությամբ, կրկին անհրաժեշտ է ուշադրության առնել Գյումրիի ռուսական բազայի խնդիրը, որը կարող է դառնալ այս քաղաքականության թիրախը՝ դրանից բխող հետեւանքներով: Հայաստանը պետք է դիտարկի բազան հայ զինծառայողներով համալրելու եւ հայկական հրամանատարության տակ դնելու խնդիրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments