Ռուս-թուրքական փոխադարձ սպառնալիքներ. սցենարներ Հայաստանի համար

- in Միջազգային
Erdoghan Putin

Ռուսաստանն ու Թուրքիան փոխանակվում են բավականին քաղաքավարի, բայց թափանցիկ փոխադարձ սպառնալիքներով: Թուրքիայի նախագահ Էրդողանն ազդարարել է Մոսկվայում ռուս-թուրքական բանակցության հերթական փուլի ապարդյուն ավարտը:

ԱԳՆ պատվիրակությունները բանակցում էին Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով Սոչիում ամիսներ առաջ ձեռք բերած պայմանավորվածությունները կատարելու համար: Սակայն պայմանավորվել չի ստացվում: Ասադի բանակը էական առաջընթաց է արձանագրել Իդլիբի վերահսկողության ուղղությամբ, ինչը Թուրքիային դրել է բարդ կացության առաջ: Անկարան Մոսկվային է մեղադրում սիրիական բանակին աջակցելու համար: Եթե Թուրքիան պատասխանի ռազմական ուժով, ապա դա կնշանակի թուրք-ռուսական բախում Իդլիբում: Իսկ լոկալ մասշտաբով արդեն իսկ եղած որոշակի բախման հետևանքով երկու կողմերն էլ ունեն զոհեր:

Թեև Անկարան հայտարարել էր, թե Իդլիբի պատճառով չեն փչացնի հարաբերությունը Ռուսաստանի հետ, որովհետև ունեն ավելի խորքային շահեր, այդուհանդերձ, գոնե առայժմ հարաբերությունը գնում է փչանալու ուղղությամբ: Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբում ռազմարշավին պատրաստվելն ավարտել են, և դա ժամանակի հարց է: Կրեմլը պատասխանել է մամուլի խոսնակի մակարդակով, որ դա կլինի Թուրքիայի ընտրած վատագույն սցենարը: Միաժամանակ, Էրդողանն արձագանքել է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կմասնակցի «վատ սցենարներին»: Այլ կերպ ասած՝ Մոսկվան Պեսկովի մակարդակով հայտարարում է՝ ապա մի թող Անկարան պատրաստվի ռազմական գործողություն իրականացնել, իսկ Անկարան էլ պատասխանում՝ ապա թող Մոսկվան փորձի մեզ կանգնեցնել: Կասկած չկա, որ երկու կողմում էլ կա ինչպես շանտաժի, այնպես էլ բլեֆի տարր՝ կախված այն հանգամանքից, թե որը կանցնի, և ումը կանցնի:

Պետք է արձանագրել, որ, սովորաբար, ավանդաբար անցել է հենց Թուրքիայինը, օրինակները բազմաթիվ են: Կդիմակայի՞ Ռուսաստանն Անկարայի շանտաժին կամ բլեֆին այս անգամ: Ավելորդ է ասել, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենատարբեր սցենարների՝ վատթարագույնից մինչև վատը կամ բավարար: Լավ սցենար այս դեպքում գոնե առայժմ քիչ է նշմարվում, թեև Իդլիբում թուրք-ռուսական խրվածությունը գործնականում կարող է բխել հայկական շահերից: Բանն այն է, որ Հայաստանի համար միջավայրն առավել հարմարավետ է, երբ Ռուսաստանն ու Թուրքիան չեն պատերազմում, բայց միաժամանակ փորձում են պայմանավորվել և չեն կարողանում: Որքան երկար մնա այդ իրավիճակը, այնքան Հայաստանի համար կարող է ժամանակ և տարածություն բացվել հետագա զարգացումներին պատրաստվելու և այդ ընթացքում իրավիճակին սեփական շահերն ու խնդիրները ադապտացնելու, նոր իրողություններ ձևավորելու համար: Այդուհանդերձ, Հայաստանը պետք է լինի չափազանց զգոն ու աչալուրջ, ռուս-թուրքական ներկայիս լարվածության, այսպես ասած, մետաստազներ չզգալու համար, որպիսիք կարող են լինել թե՛ Մոսկվայից, թե՛ Անկարայից՝ հնարավոր սադրանքների տեսքով: Միաժամանակ, դա իհարկե ենթադրում է նաև սերտ աշխատանքի ռեժիմ Մոսկվայի հետ, ու նաև Անկարայի, իհարկե ուղիղ հաղորդակցության խողովակների բացակայության պայմաններում՝ որքանով հնարավոր է կամ թույլ կտա միջնորդավորված որևէ խողովակ: Եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը տեսնի նաև Անկարան:

Համենայնդեպս, Հայաստանը պետք է լինի պատրաստ նաև դրան: Գերխնդիրը, անշուշտ, այն է, որ Հայաստանը թույլ չտա իրեն դիրքավորվել որևէ կողմում: Թուրքիայի կողմի մասին իհարկե խոսելը, թերևս, ավելորդ է, այստեղ կարող է խոսք լինել ռուսական կողմում դիրքավորման հնարավորության մասին: Դա Հայաստանին պետք չէ: Հայաստանն ու Ռուսաստանն ունեն անվտանգային ընդհանուր շահեր ռեգիոնում, և դա արդեն իսկ բավարար է առանց «ճամբարայնացման» համատեղ աշխատանքի համար, որը, ի դեպ, որևէ կախվածություն չունի էլ ռուս-թուրքական հարաբերության ընթացիկ ռեժիմից: Այդ իմաստով, Հայաստանը պետք է խաղա իր խաղը, և նրանց հետ, ովքեր պատրաստ են ընդունել այն փոխադարձ շահի հանդեպ՝ հարգանքի սկզբունքով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments