Հայաստանի կառավարող մեծամասնությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանի հետ կոնֆլիկտը լուծել դատարանը «խաղից դուրս» դնելով: Դրա համար ծրագրվում է օրենսդրական փոփոխություն, որով խորհրդարանը ազատվում է օրենսդրական գործունեությունն ու Սահմանադրության փոփոխությունը Սահմանադրական դատարանում «ստուգելու» պարտավորությունից:

Խորհրդարանի մեծամասնության այդ նախաձեռնությունը տեղի է ունենում երկու հիշարժան իրողության ֆոնին: ԵԽԽՎ-ում ընդունվում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայության թեմային առնչվող կոշտ բանաձեւ: Դրան զուգահեռ, Հայաստանի հարցի համազեկուցողները կարեւոր էին համարել իշխանության թեւերի տարանջատումն ու դատական համակարգի հանդեպ ճնշման քայլերի եւ հայտարարությունների բացառումը:

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանին փաստացի նախազգուշացրել էին քայլերից, որոնք ոչ միայն կարող են խնդրահարույց լինել ժողովրդավարության եւ իրավական համարժեքության տեսանկյունից , այլ նաեւ Հայաստանում ստեղծել այդօրինակ տրամաբանությամբ լուծումներ փնտրելու նախադեպ:

Ի վերջո, այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում տեսականում որեւէ կերպ չի բացառվում «խաղից դուրս» դնելով նաեւ քաղաքական այլ հարցեր լուծելը:

Այդպիսով, կասկածի տակ է հայտնվելու Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգության, այդ թվում նաեւ մասնավորապես Արցախի հարցում էական առավելության՝ ժողովրդավարության հարցը: Բայց այդ հարցը ամենեւին չի ենթադրում ընդամենը ֆորմալ կառուցակարգ: Ժողովրդավարական առավելությունը նաեւ մտածողություն է, ու այդ իմաստով է նաեւ շատ կարեւոր հարցը, թե ինչպիսին է լինելու մտածողությունը Հայաստանի ներսում:

Եթե անգամ դիտարկենք, որ Եվրոպայի Խորհրդի հետ անհամաձայնությունը հնարավոր է հարթել ինչ որ կերպ, կամ պարզապես «վերապրել» մի քանի ամիս,- ի վերջո Հայաստանը «վերապրել» է Եվրաասոցացումից կոպիտ ու ամոթալի հրաժարումը,- ապա հնարավոր չէ որեւէ կերպ «վերապրել» ներքին կյանքի կազմակերպման ու հարցերի լուծման մտածողությունը:

Իսկ Հայաստանի ժողովրդավարական խաղաքարտը երկարաժամկետ իմաստով կենսունակ կարող է լինել հենց այդ տիրույթում, երբ գտնվում են համակեցության ընդհանուր մեխանիզմներ եւ ինստիտուցիոնալ կարողություններ:

Հակառակ պարագայում, ցանկացած ժողովրդավարական բռնկում եւ անգամ հեղափոխություն կարող է սպառվել արագ: Իսկ ժողովրդավարական իմիտացիաների ունակ կարող է լինել անգամ Ադրբեջանը:

Հայաստանը կարող է եւ պետք է ժողովրդավարության ունակ լինել մտածողության, իրավագիտակցության մակարդակում: Ժողովրդավարությունը համաձայնությունների շուրջ մեծամասնության պայմանավորվածությունը չէ, այլ բոլորի՝ փոքրամասնության հետ մեծամասնության պայմանավորվածությունը անհամաձայնությունների շուրջ: Եթե չի դրսեւորվում այդպիսի կարողություն, սկսում է աշխատել մսխման ռեժիմը: Էական նշանակություն չկա՝ մսխվողը հանրային բարիքը, ռեսուրսն է, թե ժողովրդավարության ռեսուրսը: Ի վերջո, առաջինի մսխումը որպես կանոն սկսվում է, երբ գիտակցական ու հոգեբանական մակարդակում ավարտվում է վերջինի մսխումը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •