Սահմանադրության փոփոխությունը` Հայաստանում իրավիճակի փոփոխության և հեղափոխության ամբողջացման գլխավոր նախադրյալ

Yntrutyun

Սահմանադրության փոփոխությունը գործնականում կարող է վերածվել նոր Սահմանադրության ընդունման՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով նաև, թե այդ առնչությամբ հանրաքվեն կարող է տեղի ունենալ խորհրդարանի հաջորդ ընտրությանը զուգահեռ:

Այդ հայտարարությունը նշանակում է, որ Սահմանադրության փոփոխության շուրջ սկսված աշխատանքը կարող է շարունակվել մի քանի տարի, եթե վարչապետի հայտարարությունը դիտարկենք հերթական ընտրության համատեքստում: Խորհրդարանի հերթական ընտրությունը 2023 թվականին է:

Նիկոլ Փաշինյանն իհարկե չի հայտարարել հաստատուն որոշման մասին, այլ խոսել է ընդամենը այդպիսի քննարկումների վերաբերյալ, սակայն եթե դիտարկենք դրանք որպես հավանական սցենար, ապա կստացվի, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կլինի 2023 թվականին: Արդյոք վարչապետը այդ մասին խոսելով փորձում է շոշափել հանրային տրամադրությո՞ւն, թե ինչպես կընկալի հանրությունը, կպահանջի՞ Սահմանադրության առավել արագ փոփոխություն, թե՞ կընդունի հաջորդ ընտրության հանգամանքը:

Անկասկած է, որ կա հանրային շերտ, խմբեր, որոնք Սահմանադրության փոփոխությունը դիտարկում են որպես Հայաստանում իրավիճակի փոփոխության և հեղափոխության ամբողջացման գլխավոր նախադրյալ: Միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչ հարաբերակցություն է տոկոսային առումով, հանրության քանի՞ տոկոսն է անհրաժեշտ համարում հնարավորինս արագ փոփոխությունը: Միևնույն ժամանակ Սահմանադրության փոփոխության մասին խոսելիս պետք է նաև արձանագրել, որ այն արդյունավետ կարող է լինել առավելապես լայն հանրային քննարկումների և ներգրավվածության պայմաններում մշակվելու և իրականացվելու դեպքում: Ըստ այդմ՝ ո՞րն է այն օպտիմալ ժամկետը, որ պահանջվում է այդօրինակ մշակումների և քննարկումների համար: Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ՝ մենք հանրայնորեն ինչպիսի՞ բովանդակության շուրջ ենք գալիս կոնսենսուսի, ինչպիսի՞ Սահմանադրություն ենք պատկերացնում, որով ամրագրված կարգով պետք է ապրենք՝ անկախ օրվա քաղաքական իշխանությունից: Սրանք թերևս իրապես ժամանակատար հարցեր են:

Մինչդեռ առանց լայն կոնսենսուսի ընդունվող ամենալավ Սահմանադրությունն անգամ չի ունենալու անհրաժեշտ հանրային էֆեկտ: Այն, որ շտապելն էլ, դանդաղելն էլ հավասարապես անցանկալի են՝ կասկածից վեր է: Սակայն գլխավորը մնում է իհարկե բովանդակությունը, որովհետև դա է իմաստավորելու գործընթացը, հանրության վերաբերմունքը դրան և, ըստ այդմ, դրա վերջնարդյունքի բարերար ազդեցությունը հանրային, պետական կյանքի վրա:

Մի բան անկասկած է, որ այստեղ շատ բան կա անելու ոչ միայն թղթի վրա լավ Սահմանադրություն գրելու, այլև դրան զուգահեռ ընդհանրապես սահմանադրականության շուրջ հանրային կոնսենսուսի կարևորության գիտակցում ձևավորելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ վարչապետի հայտարարությունը իհարկե առաջացնում է նաև հարցը մեկ այլ դիտանկյունից գնահատելու առիթ: Մասնավորապես, իսկ կարո՞ղ է արդյոք նոր Սահմանադրությունը պայմանավորել ԱԺ հաջորդ ընտրությունը, այսինքն՝ այն կայանա ոչ թե հերթական ժամկետով, այլ դիտարկվի նոր Սահմանադրության պատրաստ լինելու և դրա շուրջ լայն կոնսենսուսի պարագայում արտահերթ ընտրությանը զուգահեռ հանրաքվեի տարբերակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments