ՍԴ դատավորի սենսացիոն հայտարարությունը. մերկ իրականություն

- in Պնակալեզներ

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը, որ այդ կարգավիճակում է դեռեւս 1997 թվականից, փետրվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հանգամանքին, որ Սահմանադրական դատարանը տարիներ շաևրունակ եղել է կեղծվող ընտրությունները վավերացնողը, հաստատողը:

Ֆելիքս Թոխյանը հայտարարել է, թե Սահմանադրական դատարանը ընտրության վերաբերյալ որոշում է կայացրել այն ապացույցների ու փաստարկների հիման վրա, որ ներկայացվել են այդ ընտրություններից հետո: Նա կոչ է արել լրագրողներին, նաեւ մասնագետներին դիտարկել ՍԴ արխիվը, որտեղ կան բոլոր նյութերը, եւ տեսնել, թե արդյոք ընտրություններից հետո կեղծման վերաբերյալ ապացուցողական բազան եղել է բավարար, որ ՍԴ-ն կայացներ ընտրության արդյունքը չճանաչելու որոշում:

Ըստ դատավոր Թոխյանի, ապացուցողական բազան անբավարար է եղել: Ի դեպ, խնդրի մասին դեռեւս տարիներ առաջ արտահայտվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ ՍԴ-ում ընտրակեղծարարության բողոքները պետք է լինեին խիստ հիմնավոր եւ տարողունակ, այնտեղ ընդունվելու համար:

Սակայն լրագրողների հետ այդ թեմայով զրույցում դատավոր Թոխյանի հայտարարություններից ամենաուշագրավն այլ է՝ իշխանության ձեւավորման տրամաբանության մասին:

«Աշխարհում չկա որեւէ մի ՍԴ, որ իշխանության հարցը լուծվել է սահմանադրական դատարանում: Ոչ մի տեղ չկա, եւ չի էլ լինի: Ինչու: Որովհետեւ հարցը լուծվում է փողոցում, նոր Սահմանադրական դատարանում, եթե լուծվում ա: Ոչ մի Սահմանադրական դատարանում համազգային իշխանության հարցը չի լուծվել», հայտարարել է Ֆելիքս Թոխյանը:

Այդպիսով, Սահմանադրական դատարանի ամենահնաբնակ դատավորը հայտարարում է, որ նախորդ իշխող համակարգում ընդդիմությունները պարտվել են ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ փողոցում: Առերեւույթ, այդ հանգամանքը չի տեղավորվում իրավական կանոնակարգում: Բայց ամբողջ հարցն այն է, որ ընդդիմությունները հենց իրենք են տարիներ շարունակ հավաստիացրել հանրությանը, որ Հայաստանում չկա իրավական կարգ: Այդ առումով մեղմ ասած երկիմաստ է ստացվում՝ մի կողմից իշխող համակարգը հռչակել ամբողջապես անիրավ ու հանցավոր, բայց իրավական պաշտպանություն ակնկալել այդ համակարգի մաս կազմող որեւէ կառույցում՝ ակնկալելով այդպես հաղթել այդ համակարգին:

Ֆելիքս Թոխյանը փաստացի հարցը դնում է ոչ թե զուտ իրավական հռետորաբանությամբ, այլ արձանագրելով այն, ինչ կար կամ եղել է, ակնարկելով նաեւթավշյա հեղափոխության հաղթանակի մասին՝ հեղափոխությունը հաղթեց փողոցում, եւ ՍԴ-ն որեւէ կերպ ի զորու չէր եւ չէ կասկածի տակ դնել այդ հաղթանակն ու նոր իշխանության ձեւավորման այդ փաստը:

Այլ կերպ ասած, իրավակարգի, սահմանադրական գիտակցության գալու ճանապարհը թերեւս անցնում է հանրության քաղաքական գիտակցության ձեւավորման միջով, որի առանցքային մաս է իշխանություն ձեւավորելու հարցում սեփական կամքի առնչությամբ ինքնավստահությունը: Մի բան, որի բռնկումը եղավ 2018-ի ապրիլ-մայիսին, եւ որի տարօրինակ անկում ծավալվեց հետագա ընթացքում, երբ ամենատարբեր շրջանակներ հաղթած ու ինքնավստահ հանրության մոտ սկսեցին սերմանել «թերի կամ կիսատ հաղթանակի» առնչությամբ վախեր ու կասկածներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments