Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ 2018 թվականի ամռանը մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար։ Այս գործի շրջանակներում նա նաև մեղադրվում էր շորթման համար:

«Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաև Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչը ինքը վճարել է՝ սպառնալիքների ներքո:

Ներկայումս կարճվել է միայն շորթման մասով գործը հանցակազմի բացակայության պատճառով։

Սուսաննա Արիստակեսյանի խոսքերով՝ Վաչագան Ղազարյանին առաջադրված մնացած մեղադրանքները ևս առաջիկայում հերթով կկարճվեն, քանի որ նա առ այսօր էլ մեծ ազդեցություն ունի իրավապահ մարմիններում և շարունակում է պատվերներ իջեցնել իրավապահներին, որոնք, ի դեպ, հնազանդվում են ու կատարում են այդ պատվերները։ «Իմ մասով գործը ևս ի սկզբանե եղել է պատվեր, քննվել է քաղաքային վարչությունում, տարիուկես հետո գործը տեղափոխվել է ՀՔԾ, ՀՔԾ-ում գործը ութ ամիս մնալուց հետո նորից տեղափոխվել է քաղաքային վարչություն, երկու ամիս էլ այնտեղ մնալուց հետո գործը տեղափոխվել է հատուկ կարևորագույն գործերի քննության վարչություն: Երեք տարի է՝ մենք գտնվում ենք քննչական տարբեր մարմինների ձեռքին՝ որպես խաղալիք, քանի որ գործը ի սկզբանե եղել է պատվեր, և այս գործում շատ-շատ քննչական մարմիններ են թաթախված: Գործը գցեցին իրար վրա, հետո ՀՔԾ-ում որոշեցին տուժողի մասով գործը կարճել: Մինչդեռ ես պնդում եմ, որ բոլոր բավարար հիմքերը կային հենց այդ դրվագով Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց տիկին Արիստակեսյանը՝ հավելելով. «Ես իմ տուն ու տեղը վաճառեցի և, որպես փրկագին, տվել եմ Վաչոյին ու նրա կնոջը, որպեսզի ազատվեմ կալանավայրից: Դա իմ փրկագինն էր: Իրենք ստացականի մեջ գրել են, որ ստացել են 40 միլիոն դրամ, և որ վնասը հատուցված է: Եվ սա այն պարագայում, որ մինչև հիմա քրեական գործի որևէ դրվագով ապացուցված չէ վնասը, թե իրենց ինչ վնաս էր հատուցվել: Մինչև հիմա գործը գտնվում է փորձաքննության մեջ և ապացուցված չէ իմ կողմից իրենց առաջացված վնասը: Ես բազմաթիվ հարցեր եմ առաջադրել իրենց, թե ես այդ ինչ վնաս եմ հասցրել իրենց, և այդ 40 միլիոն դրամը ինչպես է գոյացել: Ես ուղղակի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում չհայտնվելու համար վաճառել եմ իմ ունեցածը և 40 միլիոն դրամը տարել տվել եմ Վաչոյի կնոջը՝ Ռուզաննային, իսկ նա քննչական մարմիններին գրել է, որ վնասը հատուցված է: Մինչդեռ Ջոն Ֆարխոյանը, որպես քննչական մարմին, գումարը չի դեպոզիտացրել, որ այսօր ես նման պատմության միջից դուրս գայի: Սա ապացուցում է, որ քննչական մարմինների ու Վաչոյի միջև լուրջ կապ կա, վեցերորդ վարչությունից սկսած մինչև ՀՔԾ:

Ժողովրդական ասացվածքն ասում է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը: Ես այս պահին ոչ փող ունեմ, ոչ մի բան: Ես միայն լիքը պարտքեր ունեմ, անգամ տուն չունեմ, վաճառեցի, որ Վաչոյի ու նրա կնոջ ճանկերից պրծնեի: Եթե ես այդ գումարը չտայի, ապա մինչև հիմա կլինեի Աբովյան ՔԿՀ-ում»։ Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 40 միլիոն դրամի ստացականը գտնվել էր նաև Վաչագան Ղազարյանի բնակարանը խուզարկելու ժամանակ: Այդ ժամանակ, ի դեպ, տիկին Արիստակեսյանի խոսքերով՝ քննչական մարմինները Ղազարյանի բնակարանից առգրավել են նաև չորս հատ համակարգչի կոշտ սկավառակ, որոնք եղել են հենց իր աշխատասենյակի համակարգչի կոշտ սկավառակները, որոնք փաստում են, որ Վաչագան Ղազարյանը և նրա կինը իր դեմ դավերը նյութել են նախապես, դրա համար էլ համակարգչի հիշողության սկավառակները տարել են իրենց տուն: Սուսաննա Արիստակեսյանն ասաց, որ ինքը, այս ամենից զատ, ունի նաև մի շարք այլ ապացույցներ, ձայնագրություններ, որոնց մի մասը տվել է քննչական մարմիններին, որոնք դրանց վրա ուշադրություն չեն դարձրել, մի բան էլ կոծկել են եղածը: Իսկ ձայնագրություններից մեկում, օրինակ, տնօրենը կրկնում է Վաչագան Ղազարյանի կնոջ բառերը, որ եթե Արիստակեսյանին բաց թողնեն, ապա նա դուրս կգա ու ամբողջ աշխարհին կհայտարարի, որ շանտաժ են արել իրեն ու փողերը տարել: «Իսկ քննիչը Ռուզաննային հարցնում է՝ Ռուզաննա դուք աշխատում եք «Յանս»-ում», իսկ վերջինս պատասխանում է, որ ոչ ու ասում է, թե ինձ չի ճանաչում, մինչդեռ իմ ձեռքի տակ բազմաթիվ փաստեր կան, որ Ռուզաննան «Յանս»-ում աշխատել է որպես տնօրեն, հիմնադիր, ղեկավարել է ամբողջ ռեստորանը: Նա ինչպես կարող էր իրենց հաշվապահին՝ ինձ չճանաչել: Դա աբսուրդ է: Ասեմ ավելին, որ իմ ունեցած տեղեկություններով՝ Ռուզաննա Բեգլարյանը աշխատել է ԱԱԾ-ում: Ինձ դա ասել է նաև քննիչը: Ասեմ ավելին՝ Ռուզաննա Բեգլարյանին կցված էր նաև Սեյրան անունով վարորդ, որը ևս աշխատում էր ԱԱԾ-ում: Այսքանից հետո կարելի՞ է հարց տալ, թե ինչ հիմքով են նրանք մոլորեցրել մարդկանց ու թալանել պետության փողերը»,- ասաց տիկին Արիստակեսյանը՝ հավելելով, որ ամբողջ գործի քննության ընթացքում այնպես պտտեցրեցին փաստերը, որ մեղադրանք չառաջադրվի ո՛չ Ռուզաննա Բեգլարյանին, ո՛չ Վաչագան Ղազարյանին, ո՛չ էլ Սերգեյ Կարապետյանին:

Սուսաննա Արիստակեսյանն ասաց, որ իրենք պատրաստվում են դատական կարգով բողոքարկել կարճման որոշումը, բայց դատարաններից էլ մեծ ակնկալիք չունի։ «Դատարաններից էլ հույս չունեմ, քանի որ մինչև հիմա երկու դատավորի հետ եմ շփվել, մեկը՝ Դավիթ Գրիգորյանը, որն ինձ կալանավորել է առանց հիմնավոր պատճառների, մյուս դատավորն էլ, որ ինձ ազատ է արձակել կալանքից, բայց նրա մոտ մի անգամ հարց չառաջացավ, որ եթե հայտ է ներկայացվել 25 միլիոնի, ինչու է վճարվել 40 միլիոն: Ես հո հիմար չէի, որ իմ տուն ու տեղը ծախեի ու տայի Վաչոյին, կամ Ռուզանին, որ վայելեր հենց այնպես: Նրանք ինձ ու իմ ընտանիքին ենթարկել են շանտաժի, մենք գտնվել ենք ահավոր վատ վիճակում:

Եթե Վաչագան Ղազարյանը չլիներ Սերժի Վաչոն, ինձ չէին էլ կալանավորի: Բայց ինձ կալանավորեցին միտումնավոր, որ ինձ ենթարկեին ճնշումների, որ ես վաճառեի իմ ողջ ունեցվածքը և տայի իրենց, որովհետև նրա կինը այդպես էր ուզում: Ռուզաննա Բեգլարյանը ինձ կանչեց իր աշխատասենյակ և բառացիորեն ասաց՝ կամ ինքնասպան կլինես, կամ կտաս 40 միլիոն դրամ, հակառակ դեպքում քեզ կդարձնեմ բոմժ և կգցեմ Ռուսաստանի քուչեքը: Ապա շարունակեց, որ ամուսինը՝ Վաչոն, ավելի լավ տարբերակ ունի՝ հա՛մ գումարը պետք է տամ, հա՛մ դատվեմ: Իսկ քննիչը Ռուզանին հարցնում է՝ դուք նման բան ասել եք, տիկին Ռուզաննա, իսկ նա ասում է՝ ոչ: Քննիչն էլ, թե բա տեսնում եք՝ տիկին Ռուզաննան ձեզ նման բան չի ասել: Ես քննիչին ասում եմ, որ Ռուզաննան ինձ դրդել է ինքնասպանության, իսկ քննիչը ինձ հարցնում է՝ իսկ դուք ինքնասպա՞ն եք եղել: Սա է մեր քննչական համակարգի խղճուկ վիճակը»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում որոշակի դրական սպասելիք ունի նշանակված փորձաքննություններից:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •