Սերժ Սարգսյանի արդարացումը. Ինչից ազատեց հեղափոխությունը

- in Կարծիք
Serzh Sargsyan

Դատարանի դիմաց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, առաջացրել է հանրության քննադատությունն ու տարակուսանքը: Քննադատություն ու տարակուսանք այն առումով, որ Արցախի անունով ներկայում կուրծք են պատռում մարդիկ, որոնք ունեին մեծ իշխանություն եւ շատ ժամանակ՝ Արցախի հարցում հիմնավորապես եւ որակապես այլ իրավիճակ ձեւավորած լինելու համար, բայց նրանք ձեւավորել են սեփական բարեկեցություն: Այժմ, երբ դրա առնչությամբ առաջացել են իրավական հարցեր, Արցախը բոլորի համար դարձել է վահան՝ անձնական պաշտպանության համար:

Միեւնույն ժամանակ, Արցախի առնչությամբ Սերժ Սարգսյանի հայտարարություններն ունեն թերեւս մեկ այլ երես, որին արժե նայել: Առերեւույթ, որեւէ կապ չկա դիզվառելիքի գործի եւ Արցախի հետ, բայց Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց այդ կապը չէ, որ փորձում էր ստեղծել: Սարգսյանը դատարանի դիմաց խոսում էր թերեւս այլ երեւույթի մասին, փողոցում կանգնած համախոհներին կամ համակիրներին հավաստիացնելու համար, որ ամեն ինչ հանուն Արցախի է: Ամեն ինչը վերաբերում է իշխանությունը թողնելուն, որովհետեւ այդ առնչությամբ Սերժ Սարգսյանը համակիրների, համախոհների, իր իշխանության ամենատարբեր մասերի եւ մասնիկների մեծ կասկածի տակ է: Այդ թվում դիզվառելիքի գործով, որն անկասկած ոչ միայն նրան մերժած հանրության համար է «կասկածելի փոքր կալիբրի» մեղադրանք, այլ նաեւ Սարգսյանի համար փողոց դուրս եկածների:
Սերժ Սարգսյանը նրանց առաջ արդարանում է, որ իշխանությունը թողել է Արցախի հարցում վտանգների պատճառով, որոնք կուտակվել են այն համակարգի ավելի քան քառորդդարյա կենսագործունեության հետեւանքով, որի տարբեր տարիների եւ տարբեր աստիճանի շահառուներն են եղել թե դատարանի դիմաց հավաքվածներից շատերը, թե այլ տեղերում եւ խմբերով հավաքվողները:

Ընդ որում, այդ առումով Սարգսյանը հայտնվել էր երկիմաստ վիճակում: Խոշոր հաշվով, նա արել էր առավելագույնը, այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների համախմբի պայմաններում, որոնց ձեւավորած միջավայրում պետք է սպասարկեր Արցախի հարցը: Դա սակայն առավելագույնն էր, ժամանակի ու տարածության սահմանափակ ռեսուրսով՝ մարտահրավերների ուժգնացման անսահմանափակ ռեսուրսի եւ դինամիկայի պայմաններում:

Այդ պայմաններում, թավշյա հեղափոխությունը Սերժ Սարգսյանի համար ընտրություն էր վատի եւ վատթարի միջեւ, վատի ընտրությունը՝ վատթարից խուսափելու համար, որ հասունանալու էր Արցախի հարցում եւ Հայաստանի դեմ ընդհանրապես: Հայաստանի դատարանը այդ իմաստով Սերժ Սարգսյանի համար թերեւս նույնիսկ ապահով հեռանկար է, քան այն հեռանկարը, որ կարող էր սպասվել իշխող համակարգի գոյության շարունակության պարագայում՝ արտաքին միջավայրային ռիսկերի եւ համակարգի ներքին քայքայվածության պայմաններում:

Հանրային ահռելի էներգետիկայի գեներացիան ու լեգիտիմ իշխանության ձեւավորումն են Հայաստանի եւ այդ ռիսկերի միջեւ ձեւավորել առնվազն շոշափելի տարածություն, Հայաստանին տալով առավել դիմադրունակ եւ ինքնիշխան դառնալու նոր հնարավորություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments