Սիրերգության երեկո «Տաղարանի» համերգին – Լուսանկարներ

- in Մշակույթ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի նախագարնանային համերգը սիրո բազմաշունչ ձոներգ էր և կրում էր «Իմ խորոտիկ, մորոտիկ յարն է» խորագիրը: Տողն այս վերցրած է այն սիրերգերից, որ հայկական պարեղանակների, աշխատանքի, կենցաղային երգերի շարքում ստեղծեցին մի մթնոլորտ, որ կբնութագրեի՝ իբրև հունչ մոտալուտ զարթոնքի, զվարթության և արարման:

Համերգը սկսվեց «Իլիկներով պարի» հնչմամբ, պարեղանակ, որ կնոջ մարմնաձևերի շարժման տեսիլքն էր ստեղծում. բուն հայկական եղանակ՝ Մաեստրո Սեդրակ Երկանյանի կողմից գործիքավորած «Տաղարանի» երաժշտակազմի համար (համերգին հնչած բոլոր մշակումներն ու գործիքավորումները Ս. Երկանյանինն էին): Հայկական աշխատանքային երգի ու պարի թեմաները հաճախ են տեղ գտնում համույթի համերգային ծրարերում, քանի որ առավելագույն կերպով են բնութարում հայի ստեղծարար էությունը:

Հաջորդիվ դարձյալ կատարվեցին պարեղանակներ՝ «Կլոր պարն» ու «Թամզարան»՝ ուդահար Լուսինե Դավոյանի մենակատարմամբ: Ըստ Կոմիտասի, «Թամզարան» հարսանեկան պար է, որտեղ գլխավոր դերերը վերապահված են պարբաշուն (պարագլխին) և պարապոչին, իսկ հարսը կանգնում է կնքահոր կողքին: Դարերի ընթացքում պարը կորցրել է իր ծիսական նշանակությունը, և այն հիմա զուտ գեղարվեստական արժեք է ներկայացնում: Ծիսական-ավանդական պարեղանակի կատարմամբ, ասես զարգանում էր համերգի կառուցման ներքին թեման՝ ստեղծելով բնությանը, մարդուն, նրանում սկիզբ առնող և բորբոքվող սիրո մի պատմություն… Լուսինե Դավոյանի մենակատարմամբ համերգի ընթացքին կատարվեցին նաև «Հայկական մեղեդիները», որ ուդի՝ ավանդաբար տխրահունչ լարով ունեցան կենսախինդ ու կենսահաստատ հնչողություն:

Այդ սիրերգության մյուս դրվագն էլ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Իրիկնային ղողանջ» քնարա-էպիկա-դրամատիկ ստեղծագործությունն էր, որ բլուլով կատարվելով՝ մի սիրուն հովվերգություն էր դարձել: «Իրիկնային ղողանջն» ինքնին ենթադրում է տեսիլքի կենդանացում, իրականության մեջ զգացական իրականության ստեղծում, որ եղավ բլուլահար Հասմիկ Հարությունյանի բացարձակ զգայուն, միաժամանակ զուսպ-լիրիկական, ըստ եղանակի տրամադրության զարգացման՝ հուզական տարբեր նրբերանգներով կատարման շնորհիվ: Քառամաս երաժշտական երկը, թեև չափերով ոչ այնքան ծավալուն, սակայն, դարձյալ հայոց կյանքի բազմազան ճյուղավորումն ու հոգևոր շերտերն էր ընդգրկում՝ աշխարհիկը, հոգևորը, սիրո կանչը, հոգու տվայտանքը… «Հայոց երգը», «Հավատի դատը», «Թե ուզում ես», «Թախծոտ երգ». համապատասխանաբար մեղեդահունչով դրանցում պատմվում էր վերոնկարագրյալի մասին՝ կոմիտասյան սիրելի նվագարանի՝ բլուլի գերակա հնչմամբ: Հավելեմ, որ սա բլուլի համար գործիքավորված «Իրիկնային ղողանջի» առաջնանվագն էր: Գեղեցկագույն կատարում, որում թե՛ եղանակների կառույցի հեղինակային յուրատիպությունը և թե՛ մենակատարի նվագի անհատական նրբագեղ հնչումը միահյուս, ներդաշնակ, բարձրորակ գեղարվեստական արժեք էին ներկայացնում:

«Իրիկնային ղողանջ» վոկալ շարքը կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը գրել է սրանից շուրջ երեսուն տարի առաջ, և նրանում ընդգրկված երգերը քանիցս կատարվել են: «Տաղարանի» գործիքակազմի համար փոխադրումով այն առաջին անգամ հնչել է 2018-ի նոյեմբերին, և ահա՝ շուրջ մեկուկես տարի հետո նոր կատարում՝ ձայնի փոխարեն բլուլի հնչումով: Շարքի բոլոր երգերն էլ գրվել են Հրաչյա Հովհաննիսյանի խոսքերով: Առաջինը Հայոց անցած ուղու, զոհերի և դարերում հնչող անլուռ, կորովի ձայնի մասին է. երգն այդպես էլ կոչվում է՝ «Հայոց երգը».

«Հին դարերից մի մեղեդի
Հնչում է միշտ նվիրաբար,
Ու չի լռում երբեք, երբեք,
Հնչում է զիլ ու տիրաբար…
Սու՞գ է անում զոհի վրա,
Թե՞ հարության կոչում զոհին,
Բայց բոլորը վաղուց գիտեն,
Որ դա Հայոց երգն է անբառ…»:

Երկրորդ՝ «Հավատի դասը» երգում թեման շարունակվում է՝«Մեր հույսերի, երազների ամենալավ մասը մնաց, մնաց այնպես, ինչպես հողում թաղված ջահել վազը մնաց…»:

Քնարական հունչն ավելի է ընդգծվում երրորդ և չորրորդ երգերում: «Թե ուզում ես…» և «Թախծոտ երգում» սիրային ռոմանտիկ տողերին հարիր երաժշտական թեմա է զարգանում: «Այսօր ինչ-որ պատուհանից\\ Լսեցի հին թախծոտ մի երգ,\\Հրաշք մի երգ, որ իմ հոգում\\ Բացեց փակված խորունկ մի վերք»: Սիրո այս տողերի փոխարեն բլուլը հնչեց թախծոտ-լուսավոր, անրջային:

Համերգին պարեղանակների շարքը լրացրեց համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գրչին պատկանող «Քոչարիների շարքը»՝ հերթականը իր պեղած և իրեն հատուկ ձեռագրով մշակած քոչարիների շարանում: Անդրադառնալով հայկական տարբեր տարածաշրջանների երաժշտարվեստին՝ Մաեստրոն, հարուստ բանահյուսական նյութն ատաղձ ունենալով, ստեղծում է պարեղանակների յուրհատուկ «շտեմարան»՝ նրանում պահպանելով բուն հայկականությունն ու վերընձյուղելով հայ մշակույթի արմատներից նորօրյա մշակութային արժեհամարգը կառուցելու և ներկա ու գալիք սրունդների դաստիարակությունը բխեցնելու կոմիտասյան պատգամը:

Հզոր, կարոտակեզ հայրենականչ էր Հովսեփ Նշանյանի կատարմամբ «Այգուն, այգուն» երգը, որի հեղինակը շատերիս համար անհայտ է, բայց այն հեղինակել է Եպիսկոպոս Ներսես Դանիելյանը, որը իր ժամանակին մեծ ջանքեր է գործադրել արյունարբու ջարդարարների յաթաղանից փրկելու իրեն վստահված հոտի անդամներին, բայց ինքն էլ Հայոց մեծ եղեռնին նահատակվել է: Այս իմանալով՝ առավել զգայնությամբ ու գորովով ես ունկնդրում Կիլիկիո աշխարհին նվիրված «Այգուն, այգունը»…

«Տաղարանի» երգչական կազմի կատարմամբ համերգին հնչեցին սիրո, կարոտի երգեր, մայրական քնքշության և հոգածության արտահայտություն «Օրորն» ու հույսի վերընձյուղման խորհրդանիշ դարձած «Ծիծեռնակը» («Տաղարանի» համար գործիքավորումով այս գործերը Գ. Ցոլակյանի մենակատարմամբ հնչեցին մի առանձին հմայչությամբ): Բարսեղ Կանաչյան, Ալեքսանդր Դոլուխանյան հեղինակների կողքին կատարվեցին ժողովրդական «Ալ էղնիմ», «Գացեք, տեսեք» սիրերգերը, որոնցում իրենց ձայները միահյուսեցին համույթի մեներգիչներ Լուսինե Մարկոսյանը, Պերճ Քարազյանը, Գալինա Ցոլակյանը և Հովսեփ Նշանյանը:

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 4 человека, в том числе Седрак Ерканян, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 5 человек, в помещенииНа изображении может находиться: 4 человека, люди на сцене, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 4 человека, в помещенииНа изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 3 человека, в том числе Седрак Ерканян, люди стоят и в помещении

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments