Սիրիան մի կողմից բավականին խոցված, մասնատված, մյուս կողմից, այդուհանդերձ, համաշխարհային հանգուցային կետ է

- in Միջազգային
Asad

Սիրիայի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանում Սիրիայի դեսպանը կոչ է արել նույնն անել բոլոր երկրների խորհրդարաններին: Սիրիան համաշխարհային ուժային կենտրոն չէ, և ավելին՝ ծվեն-ծվեն արված պետություն, ըստ այդմ, այդ երկրի խորհրդարանի ճանաչումը հայկական ընկալումներում հազիվ թե ունենա նույն աստիճանը, ինչպես որևէ այլ ուժային կենտրոնի պարագայում, էլ չենք խոսում գերտերության՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու բանաձևերի մասին:

Բայց, միևնույն ժամանակ, իրողություններն ու միջազգային զարգացումները պետք է դիտարկել որոշակի սխեմայի, շղթայի տրամաբանության ներքո, առավել ևս, որ այդ իմաստով Սիրիան վերածվել է հանգուցային օղակի: Ընդ որում պետք է արձանագրել նաև այն, որ չնայած արդեն տարիներ շարունակվող պատերազմին՝ բոլոր առումներով և բոլոր շրջանակներով, գրեթե «բոլորը-բոլորի» դեմ սկզբունքով, Սիրիային, նախագահ Բաշար Ասադին հաջողվեց պահպանել պետական իշխանությունը, իսկ դա մի կողմից ներքին կամքի, ներուժի, մյուս կողմից, իհարկե, արտաքին գործոնների հետաքրքիր համադրվածության և դասավորության վկայություն է:

Ըստ այդմ՝ Սիրիան մի կողմից բավականին խոցված, մասնատված, մյուս կողմից, այդուհանդերձ, համաշխարհային հանգուցային կետ է, որտեղ հայկական հարցի ճանաչումը ևս խորքային առումով ստանում է էական նշանակություն: Առավել ևս, եթե դիտարկենք, որ դա տեղի է ունենում սիրիական Իդլիբի շրջանում արտակարգ իրադրության ֆոնին, երբ բախվել են «ոխերիմ բարեկամներ» Ռուսաստանն ու Թուրքիան և փորձում են տևական ժամանակ պարզել հարաբերություններ, պայմանավորվել ինչ-որ ստատուս-քվոյի շուրջ: Ով, եթե ոչ հայերն են առավել քան զգայուն ռուս-թուրքական որևէ պայմանավորվածության հանդեպ: Ի վերջո, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Սիրիան անուղղակի, բայց, թերևս, շատ թափանցիկ կերպով ճանաչում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների արյունալի վտանգավորությունը: Ինչ է Հայոց ցեղասպանությունը, եթե ոչ զգալիորեն հենց ռուս-թուրքական պայմանավորվածությունների մի մեծ հետևանք, ընդ որում նաև իրավապայմանագրային կնիքով, ինչպիսին են ռուս-թուրքական մոսկովյան և Կարսի միմյանց հաջորդող պայմանագրերը:

Դե ֆակտո, Սիրիայի իշխանությունը, Իդլիբի շուրջ իրավիճակի ֆոնին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ընդունելով բանաձևը խորհրդարանում, արձանագրում է ռուս-թուրքական պայմանավորվածության արյունալի հետևանքը, ըստ այդմ՝ ակնարկում դրան, այսպես ասած, պատրաստ լինելու մասին: Միևնույն ժամանակ, անկասկած, ինքնին հատկանշական և կարևոր քաղաքական հանգամանք է, որ դա տեղի է ունենում հայկական հարցի գործադրումով, ընդգծելով դրա նշանայնությունը ոչ միայն հայ-թուրքական հարաբերության, այլ ռեգիոնալ և միջազգային իրողությունների առումով: Այդ իմաստով ակնառու է, որ հայկական հարցն աշխարհում նոր աստիճանի վրա է, ինչը տեղի ունեցավ նախորդ տարեվերջին, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն ընդունեցին հայկական բանաձևերը:

Հայկական հարցը միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային գործոնն է, այսպես ասած՝ աշխարհաստեղծ գործոն: Հատկանշական է, որ հենց այդ գործոնը խեղդելու վրա են կառուցվել աշխարհակարգային երկու պայմանավորվածությունները՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո: Սիրիան ներկայումս երրորդ աշխարհամարտի և նոր աշխարհակարգի շուրջ պայքարի տագնապալի խորհրդանիշն է, որն ինքնին խնդրի առանցքն ու մեխը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևով: Նոր աշխարհակարգի ճարտարապետությունն անհնար է առանց Հայաստանի, որովհետև, մեծ հաշվով, Հայաստանն է դրել դրա առաջին քարերից մեկն Արցախում: Ըստ այդմ, անհնար է այդ աշխարհակարգը առանց հայկական գործոնի, և առանց հայկական հարցի: Հայկական հարցն այս դեպքում խաղաթուղթ չէ, այլ գործնականում հենակետ կամ փրկօղակ է բոլոր նրանց համար, ովքեր դիմում են դրան: Այդ ամենն էական հետևության հիմք է Հայաստանում, որտեղ ներքաղաքական կյանքում այս օրերին գերձայնային ուժգնության են հասել անձնական հարցերի քննարկումները:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments