Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ կենսագրությունում թաքցրել է դատված լինելու փաստը: Ըստ հրապարակման՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին և դատապարտվել է ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2007 թվականին համաներումով:

Պապիկյանը նշել է, որ այս արշավը նպատակ ունի սևացնել իր բարի համբավը ու նսեմացնել կատարված աշխատանքը ու նաև մրոտել «այո»-ի շտաբի աշխատանքները, որն ինքն է ղեկավարում:

ՏԿԵ նախարարը պատմել է, որ ճակատագրի բերումով ծառայել է ոչ հայկական բանակում: «Ծառայության ընթացքում, երբ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, լինում են որոշակի խնդիրներ: Խոսքը վերաբերում է 2004-2006 թվականներին իմ ծառայության ընթացքին: Եղել է միջադեպ, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող, ինքնասիրությանը հարված է հասցվել, և հայտնվել եմ միջադեպում», – ասել է Պապիկյանը՝ ավելացնելով, որ սուր գործիքով չի հարվածել, որևէ մեղք չի ընդունել, համաներմամբ ազատ է արձակվել, նաև դրանով համարվել է մարված իր դատվածությունը: «Սա կյանքի մի էտապ է, որը փակված եմ համարում: Ափսոսում եմ, որ կյանքում այդպիսի հատված եմ ունեցել», – ասել է Պապիկյանը:

Պապիկյանն իրավապահներին հորդորել է պարզել, թե ով է իր մասին գաղտնի տեղեկությունը տրամադրել լրատվամիջոցներին:

«Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է, ոստիկանության հատուկ բաժնում է պահվում, դրա հասանելիությունը կարող է լինել իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին: Իրավապահ շրջանակի տարբեր բարձաստիճան պաշտոնյաներ ինչ-որ փուլում, հետհեղափոխական շրջանում, փոխանակ զբաղված լինեին Հայաստանի Հանրապետությունը թալանողների հանցագործությունները բացահայտելով, տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյաների, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատ հավաքելով և տվյալ անձինք այսօր խոսում են սպայի պատվից», – ասել է Պապիկյանը և դիմել ԱԱԾ տնօրենին, ոստիկանության պետին ու խնդրել է պարզել, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկատվությունը դարձել հանրության և տարբեր լրատվականների սեփականությունը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •