Garnik Isagulyan

Սահմանադրության փոփոխության հանրաքվեով ՍԴ խնդիրը լուծելու որոշումից հետո նախկին իշխող համակարգի շրջանակում հնչել է անսպասելի գաղափար: Դրա հեղինակը Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանն է:

Նա կոչ է արել բոլորին միավորվել եւ ստեղծել զուգահեռ անցումային կառավարություն, քանի որ հանրաքվեի մասին որոշումով Հայաստանն այլեւս գտնվում է ոչ օրինական, ոչ սահմանադրական ընթացքի մեջ: Նա նույնիսկ անուններ է հնչեցրել, կոչ անելով ստանձնել այդ ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը: Անունները տվյալ դեպքում էական չեն, գոնե առայժմ:

Իսկ Իսագուլյանի գաղափարն իսկապես անսպասելի է, նույնիսկ յուրօրինակ մարտահրավեր կառավարության ընդդիմախոս բոլոր ուժերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարող մեծամասնությունը թերեւս լավագույն սցենարի դեպքում իսկ չէին պատկերացնի այդպիսի համահունչ եւ ներդաշնակ արձագանք: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի խնդրով հանրաքվեի անցկացումն ունի բազմաշերտ նշանակություն: Դրանից մեկն էլ թերեւս մարտահրավերն է բոլոր ուժերին, որոնք դիրքավորվում են ընդդիմության դաշտում: Մի բան է ընդդիմախոսությունն առօրյա ընթացքում, հիմնականում մեդիաքարոզչության հարթությունում, մեկ այլ բան է կոնկրետ քաղաքական գործընթացը, որը պարտադրում է ստանձնել արդեն ավելի առարկայական պատասխանատվություն:

Ահա այդ առումով, Գառնիկ Իսագուլյանի առաջարկն ուղղակիորեն սրում է այն մարտահրավերը, որը հանրաքվեով առաջ է բերում վարչապետ Փաշինյանը:

Գրեթե կասկած չկա, որ կառավարության ընդդիմախոսության դաշտում գտնվող ուժերի գերակշռող մեծամասնությունը հրաժարվելու է Գառնիկ Իսագուլյանի՝ զուգահեռ ժամանակավոր կառավարություն ձեւավորելու առաջարկից, որովհետեւ դա ենթադրում է արդեն խիստ որոշակի պատասխանատվություն:

Մի բան, որ Հայաստանի քաղաքական դաշտում առանձնապես պահանջարկ ունեցող երեւույթ չի եղել երբեք:

Թե ինչու է Գառնիկ Իսագուլյանը որոշել Նիկոլ Փաշինյանից ավելի սուր պատասխանատվության տակ դնել թվում է թե գործընկեր կամ համակիր դաշտի մասնակիցներին, դժվար է ասել: Մյուս կողմից, բազմիցս նշել եմ, որ այդ դաշտում կա էական մրցակցություն մի շարք հարցերի շուրջ, որոնց գումարվել է նաեւ մրցակցությունը հենց այդ ընդդիմադիր դաշտում գերիշխող դիրքի համար: Մարտահրավերն անշուշտ այդ դաշտից է: Ընդ որում, հետաքրքիր է, որ Գառնիկ Իսագուլյանի առաջարկած ժամանակավոր վարչապետի թեկնածուների շարքում չկա Հրայր Թովմասյանի անունը, թեեւ թվում է, որ նա է երեւի թե ամենաարժանին՝ հաշվի առնելով վերջին իրողություններն ու նրա «խրամատային» համառ պայքարը: Թե՞ Հրայր Թովմասյանին պահում են զուգահեռ անցումային ՍԴ նախագահի համար:

Spread the love