Վանեցյանի հարցազրույցի հիմնական աբսուրդը

- in Պնակալեզներ

Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնելու զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։

Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։ Սա հատված է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցից, որը հրապարակվել է «Առավոտ»-ում։

Առաջին տպավորությամբ՝ Վանեցյանն ասել է անվիճարկելի ճշմարտություն, համենայնդեպս՝ տեղեկատվությունից կտրված հասարակության համար այս խոսքերը միանգամայն «ընկալելի» են։ Թերևս այդ լսարանի համար էլ ԱԱԾ նախկին տնօրենը խոսում է՝ «ակադեմիական» հարցազրույցի ձևաչափում խուսափելով «անհարմար» հարցեր լսելու նեղությունից։

Նախ՝ կարևոր մի հանգամանք. այդպես էլ չգտա Վանեցյանի՝ նախկինում տված որևէ հարցազրույց, որտեղ նա դատապարտել է բանակի հաշվին PR անողներին, ու առհասարակ տհաճ է, երբ միայն հեղափոխության շնորհիվ հասարակությանը հայտնի դարձած մեկը փորձում է կեղծ պատրանք ստեղծել, թե իբրև նախկինում էլ քաղաքական դիրքորոշում կամ հրապարակային կարծիք է ունեցել։ Այդպիսի բան չի եղել նույնիսկ այն փուլում, երբ Վանեցյանն արդեն ԱԱԾ տնօրեն էր. նա ինքնուրույն ֆիգուրի համբավ չի ունեցել ու կատարել է բոլոր այն հրամանները, որոնք տրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սա բնական է ու բխում է օրենքից, խնդիրն այլ տեղ է՝ անբնական է, որ պաշտոնանկության բերումով ընդդիմադիր դարձած Վանեցյանը փորձում է հանրությանն ապացուցել անապացուցելին, թե իբրև «դիսիդենտ» է եղել հեղափոխության թիմում։

Հասկանալի չէ՝ Վանեցյանն ինչ է հասկանում «դասալիք» ասելով։ Կառավարությունում ու խորհրդարանում չծառայածներ անշուշտ կան, ու դրանք եղել են Երրորդ հանրապետության գրեթե բոլոր իշխանություններում։ Սակայն առնվազն տարակուսելի է, որ նման բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, իրավական գիտելիքների պաշար ունեցող մարդը նույնացնում է «դասալիք» ու «չծառայած» կատեգորիաները։ Իշխանության մեջ հաստատապես չկան մարդիկ, ովքեր դատվել են դասալքության համար, ու նրանք հիմա կարող են դատի դալ Վանեցյանին՝ զրպարտելու համար։ Ի դեպ, խնդիրը իրավական հարթություն տեղափոխելն ամենևին էլ դատապարտելի չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն Վանեցյանը դատի է տվել, օրինակ, «Հայկական ժամանակ»-ին՝ իրեն զրպարտելու համար։

Բայց նույնիսկ այս ամենը չէ Վանեցյանի հարցազրույցի հիմնական աբսուրդը։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այսօրվա կառավարությունում և խորհրդարանում «դասալիքներ» են, ապա նրանց Վանեցյանը չափազանց շատ է հարգել, անգամ մի քանի ամիս առաջ՝ ԱԱԾ տնօրենի կարգավիճակում, նրանց հերթով «պատիվ» է առել՝ փաստորեն նպաստելով վերջիններիս PR-ին։ Ստացվում է՝ Վանեցյանը զբաղված է ինքնաքննադատությամբ։

Ընդհանրապես դժվար է հասկանալ մարդկանց, որոնք քաղաքականությամբ են զբաղվում՝ առանց քաղաքականության մասին տարրական պատկերացումների, որոնք իրենց հասարակական ճանաչելիությունը շփոթում են բարձր վարկանիշի հետ։ Վերջում՝ մի խորհուրդ պաշտոնաթող գեներալին. չի կարելի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած օպերատիվ տեղեկատվությունը մանիպուլացնել ու ներկայացնել որպես քաղաքական դիրքորոշում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments