Վարչապետի քաղաքական որոշումը. ինչ կլինի Գագիկ Ծառուկյանի հետ

- in Ով ով է ...

Ունենք սպորտի կողքին ամուր կանգնելու քաղաքական որոշում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պարգեւներ հանձնելով 2019 թվականի ընթացքում աչքի ընկած մարզիկներին եւ մարզաշխարհի ներկայացուցիչներին:

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել նախագահի նստավայրում, ու ինչպես հնարավոր է դատել պաշտոնական հաղորդագրությամբ տարածված լուսանկարներից, այդ արարողությանը չի մասնակցել հայկական մարզաշխարհի «արքան»՝ Գագիկ Ծառուկյանը, որը Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է:

Միեւնույն ժամանակ, սպորտի կողքին ամուր, պինդ կանգնելու քաղաքական որոշման մասին վարչապետի հայտարարությունը հետաքրքիր շերտեր է պարունակում հայկական մարզաշխարհի ներկայիս կառուցվածքի մասին: Մարզաշխարհը, ինչպես հանրային պետական կյանքի բոլոր ոլորտները, Հայաստանի նախկին իշխող համակարգում քվոտավորված էր: Թե ինչ սկզբունքով են բաշխվել քվոտաները, պարզ չէ, սակայն Գագիկ Ծառուկյանին բաժին է ընկել ամենամեծ տիրույթը, ինչը նշանակել է նաեւ ամենամեծ պատասխանատվությունն ու ծախսը:

Ծառուկյանը դա իրականացրել է այսպես ասած պատվով ու նվիրումով, սակայն բանն այստեղ ամենեւին Ծառուկյանը, կամ որեւէ այլ անձը չէ, այլ պետական խնդիրը՝ մարզաշխարհն ի վերջո ազդեցիկ հովանավորների քվոտա՞ է, թե՞ հանրային-պետական կենսագործունեության կարեւոր ոլորտ:

Այդ հարցն է, որ պահանջում է իսկապես քաղաքական որոշում, որովհետեւ փոխելով պետական կառավարման համակարգի տրամաբանությունը, հնարավոր չէ փոխել հանրային-պետական կյանքի տրամաբանությունն առանց այդ համակարգի «կցակառույցներում» հարաբերությունների մեխանիկան փոխելու եւ ստվերային քվոտավորման տրամաբանությունից դուրս բերելու:

Միաժամանակ, կասկածից վեր է, որ սպորտում Գագիկ Ծառուկյանի ազդեցության «տեսակարար կշռի» նվազեցումը կամ դրա կառուցվածքի վերափոխումն իր ազդեցությունը կթողնի նաեւ Ծառուկյան քաղաքական գործոնի վրա: Ինչ դեր ունի այդ հանգամանքը պետության քաղաքական որոշման մոտիվացիոն հիմքում, հնարավոր է ենթադրել: Միեւնույն ժամանակ, հազիվ թե որեւէ մեկը մարզաշխարհից դուրս դնի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին: Եվ այստեղ խնդիրն այն է, թե որքան անշահախնդիր է եղել մարզաշխարհին աջակցության նրա մոտիվացիոն հիմքը, որքան է այն եղել Գագիկ Ծառուկյանի քաղաքական շահերից անկախ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments