Իշխանության երրորդ ճյուղը կազատենք նախկին իշխանության ճիրաններից. ՀՀԿ և որոշ այլ ուժեր «ոչ»-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ են

- in Հասարակություն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՀՀԿ հայտարարությանը, որ չեն մասնակցելու սահմանադրական հանրաքվեի գործընթացներին:

«Կարծում եմ՝ քաղաքական օրակարգում իրենց խոսքն այնքան էլ կշիռ չունի, և կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը գնահատում եմ ևս մեկ առիթ ու պատճառ՝ շատ ակտիվ մասնակցել հանրաքվեին, գնալ ու ասել «այո»: Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձել են ու փորձելու են քողարկված ձևով, ինչպես նաև բացիեբաց սաբոտոժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը, այսինքն՝ անել ամեն ինչ, որպեսզի խոչընդոտվի այդ բարեփոխումը, որն իր մեջ ներառում է շատ շերտեր ու խնդիրներ»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Սահմանադրական դատարանը քաղաքականացված է, Հրայր Թովմասյանը, որը նախագահում է այսօր, ընտրված է անօրինական ձևով և փաստացի ներկայացնում է քաղաքական մի ուժ, քաղաքական թև, զբաղվում է քաղաքականությամբ: Եվ այդ հանրաքվեի մեկ տողի մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կլուծվեն, դա դատական համակարգի ընդհանուր բարելավումն է: «Դուք բոլորդ լավ գիտեք, որ խոսում են՝ հեսա վեց ամիս հետո հետ ենք գալիս, չորս ամիս հետո հետ ենք գալիս, հեսա բոլոր հարցերը լուծելու ենք, այդ բաստիոններից մեկը, որը մնացել է, Հրայր Թովմասյանն է իր դատական իշխանությունով: Ուստի, գալով հանրաքվեի, քվեարկելով «այո», մենք արդեն իշխանության երրորդ ճյուղը կազատենք նախկին իշխանության ճիրաններից»,- ընդգծեց նա:

Սահմանադրական հանրավքեի դեմ լինելու է երկու «ոչ»-ի շտաբ, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Ըստ նրա՝ մեկը ֆորմալ «ոչ»-ի շտաբն է լինելու, մյուսը՝ ոչ ֆորմալ:

«Այն ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, և որոշ ուժեր, որոնք հայտարարում են, որ «ոչ»-ի շտաբի մեջ չեն լինելու, իրենք ֆորմալ առումով չեն լինելու, բայց նրանք արդեն «ոչ»-ի ոչ ֆորմալ ու դե ֆակտո շտաբի մեջ են հիմա: Ավելին, հենց այդ շտաբի գործունեության արդյունքում է, որ այսօր ձևավորվել է ՍԴ շուրջ ճգնաժամը: Ավելին, այդ մարդիկ չեն ցանկանում հանրայնորեն պատասխանատվություն վերցնել «ոչ»-ի շտաբի դերակատարումը ստանձնելու, բայց իրենք բոլոր գործիքակազմով որպես ուրվական մասնակցելու են և ամեն բան անելու են, որպեսզի այդ «ոչ»-ի շուրջ կոնսոլիդացիան ունենա իր արդյունքը: Դրա համար մենք սա պետք է մեր հանրությանը ներկայացնենք, քաղաքացիները շատ լավ գիտեն»,- նշեց Կոնջորյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments