Փաշինյանը ձևակերպեց խնդիրը․ սպասե՞նք պաշտոնանկության

- in Հրապարակ

Արցախում անցած շաբաթ օրը ՀՀ և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստից բացի՝ տեղի է ունեցել մեկ այլ խորհրդակցություն ևս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Ստեփանակերտում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:

Ակնհայտ է, որ այս խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բանակում վերջին շաբաթներին գրանցված ոչ մարտական կորուստներին։ Ի դեպ, թեմային Փաշինյանն անդրադարձել էր դեռևս Անվատանգության խորհուրդների համտեղ նիստում։  Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է. «Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»:

Այլ խոսքով՝ վարչապետն, ըստ էության, ձևակերպել էր խնդիրը՝ հասկացնելով, որ բանակում ծառայության հեղինակությունն անկում է ապրում, ինչը նաև կոնկրետ մարդկանց, բարձրաստաիճան զինվորական պաշտոնյաների ու սպաների պատասխանատվության խնդիրն է։

Անցած ամբողջ շաբաթ համառորեն լուրեր էին պտտվում, որ ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համատեքստում հրաժարականներ ու պաշտոնանկություններ են սպասվում նաև Արցախի ՊԲ-ում։ Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ անցած շաբաթ պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը։ Որոշմանը նախորդել էր վերջին 1,5 ամսվա ընթացքում 10-ից ավելի մահվան դեպքերի վերաբերյալ քննարկումը։

Այս ընթացքում մամուլում շրջանառվում են նաև Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը։ Ավելին՝ լուրեր էին պտտվում, որ Աբրահամյանը պաշտոնանկ է արվելու՝ հենց Փաշինյանի Արցախ կատարելիք այցի ընթացքում։

Սակայն զույգ խորհրդակցությունների ավարտից հետո ընդհանուր բնույթի տեղեկատվություն տարածվեց՝ շրջանցելով Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի կամ պաշտոնանկության թեման։

Իհարկե, հիմա դժվար է վաղաժամ ենթադրություններ անելը։ Ընդամենը կարելի է կանխատեսել, որ Կարեն Աբրահամյանի պաշտոնանկության հարցը գտնվում է տեխնիական համաձայնեցումների փուլում․ ի վերջո՝ ֆորմալիստական առումով այդ որոշումը գտնվում է Արցախի իշխանությունների լիազորությունների տիրույթում։

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Արցախում կադրային լուրջ փոփոխությունները, այդ թվում՝ ՊԲ հրամանատարի մասով, հետաձգվել են ու տեղի են ունենալու մարտի 31-ին կայանալիք ընտրություններից հետո։

Ամեն դեպքում՝ բանակում տեղի ունեցած ու սպասվող կադրային փոփոխությունների թեման շարունակում է հուզել հասարակությանը, որն ուզում է իմանալ ոչ միայն հանցագործությունների կոնկրետ մեղավորների, այլ նաև՝ բանակում ստեղծված իրավիճակի պատասխանատուների անունները։ Իհարկե, շատ կարևոր է, որ ոչ թե «որոշվեն» արհեստական թիրախներ, այլ հայտնաբերվեն կոնկրետ պատասխանատուներ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments