Փաշինյանը պատժում է նաև իր թիմի անդամներին, որոնք չեն կարողանում զսպել իրենց «ախորժակը»

- in Կարծիք

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան։

Միջնորդությունը, բնականաբար, ենթակա է բավարարման՝ հաշվի առնելով Վերմիշյան առաջադրված մեղադրանքը․ նա ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Սակայն, իրավականից զատ, խնդիրն ունի քաղաքական նշանակալի ենթատեքստ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունը, որի ներկայացուցիչն էր Վերմիշյանը, անհաշտ պայքար է հայտարարել կոռուպցիային։

Սա մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է․ Կառավարության վերջին նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվելուն:

«Վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար 5000 դոլար կաշառք վերցնել և վարչապետին միջնորդություն ներկայացնել` այդ անձին կոչում շնորհելու նպատակով: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի, 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների հասցեին»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, թե նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

«Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե Հայաստանում կային մարդիկ, որ կասկածում էին կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը, հույս ունեմ, որ  հասկացան` ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել: Թե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից, անպայման, գնալու ենք»,-ասել է նա:

Խնդիրն իրականում ավելի բազմաշերտ է ու դուրս է «լավ կամ վատ» իրադարձություն դիտարկվելու հարթությունից։

Թավշյա հեղափոխության օրակարգի առանցքային հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է ու այս հարցում որևէ մեկը կասկածի տակ չի դնում քաղաքական ղեկավարության վճռականությունը։ Միևնույն ժամանակ՝ կոռուպցիայի դեմ պայքարում միայն քաղաքական կամքը բավարար չէ ու եթե չեն դրվում այն արմատախիլ անելու ինստիտուցիոնալ, օրենսդրական հիմքերը, ապա համակարգային կոռուպցիան կարող է ընդամենը նահանջել՝ վերանալու փոխարեն։ Պարգևավճարների ձևով նախարարների, մարզպետների աշխատավարձերի կրկնապատկումը, իրավապահ մարմինների ցուցադրական ակտիվությունն ընդամենը դրական ֆոն են ապահովում, եթե ստեղծված չէ պետական արդյուավետ համակարգ, բացառված չեն պետական կրկնվող ֆունկցիաները, երկրում իրականություն չեն դարձել խորքային բարեփոխումները, չի փոխվել քաղաքական, տնտեսական հարաբերությունների կառուցվածքը, վերջապես՝ բացակայում է դատական իրապես անկախ համակարգը։

Հայաստանում այս իրավիճակը դեռևս չկա, գոյություն ունի միայն քաղաքական իշխանության կամքը, որին դիմադրում է հին համակարգի իներցիան ու պատահական չէ, որ հեղափոխության շատ կադրեր չդիմացան գայթակղությանն ու հիմա առնվազն չորս կոռուպցիոն գործ կա, որի «հերոսներն» ոչ թե հին, կոռումպացված համակարգի նշանային դեմքերն են, այլ՝ Փաշինյանի կաբինետի փոխնախարարներ, առանցքային պաշտոնյաներ։ Եթե կառավարությունը բարեփոխումների հարցում շարունակի հապաղել, ապա շատ շուտով կոռուպցիոն հնարավոր բացահայտումները կվկայեն ոչ թե կառավարության հակոռուպցիոն պայքարի վճռականության, այլ՝ պետական համակարգի անթույլատրելի կոռումպացվածության մասին, ու հասարակությունը ստիպված կլինի սպասել, թե ով է հաջորդ կալանավորված կոռուպցիոները։

Մյուս կողմից՝ աշխարհի ոչ մի կառավարություն երաշխավորված չէ կոռուպցիայից ու եթե Փաշինյանի իշխանությունը չի ներում անգամ յուրաինների «մեղքերը», դա ինքնին վկայում է այն մասին, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում չի ծառայեցվում քաղաքական նպատակներին, անցանկալիներից, ընդդիմախոսներից ազատվելու գերնպատակին։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց կողմնակիցները սիրում են քաղաքականացնել այն կոռուպցիոն մեղադրանքները, որոնք առաջադրվում են իրենց։ Փաշինյանը պատժում է նաև իր թիմի անդամներին, որոնք չեն կարողանում զսպել իրենց «ախորժակը»՝ ուժեղ հարված հասցնելով նախկիններին, իրենց թալանին քաղաքական աստառ հագցնելու նրանց նկրտումներին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments