Փաշինյանն արձանագրել է մեզ համար կարևորը՝ «մյունխենյան սկզբունքները»

- in Հրապարակ

Մադրիդյան սկզբունքները փոխարինվում են մյունխենյան սկզբունքներով: Գործնականում դա գլխավոր արձանագրումն է, որ հայկական հանրությունը պետք է անի Մյունխենում տեղի ունեցած քննարկումից կամ բանավեճից, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իհարկե, բանավեճի ընթացքում Հայաստանի վարչապետը շոշափեց մի քանի կարևոր ասպեկտներ, բայց հենց այդ ամբողջն էլ գործնականում հետագա ֆեյսբուքյան գրառումով պարփակեց «մյունխենյան սկզբունքներ» արտահայտության շրջանակում՝ այդպիսով արձանագրելով, որ Հայաստանի պետական քաղաքական ուղենիշը և բանակցային առաջնահերթությունը այլևս ոչ թե մադրիդյան, այլ մյունխենյան սկզբունքներն են:

Կասկածից վեր է, որ Բաքուն հնարավորինս դիմադրում է այդ հանգամանքին, իսկ միջազգային հանրության արձագանքը կառուցված է լինելու հենց այն հանգամանքի վրա, թե ո՞ր կողմն է ավելի արդյունավետ լինելու իր քաղաքականության մեջ առնվազն միջնաժամկետ հեռանկարում՝ հայկական կողմը մյունխենյան սկզբունքները առաջ մղելո՞ւ, թե՞ ադրբեջանականը՝ մադրիդյան սկզբունքները պահպանելու հարցում: Մյունխենում կազմակերպված քննարկում-բանավեճը խոշոր հաշվով խորհրդանշական էր այդ իմաստով:

Բանավեճի առնչությամբ Հայաստանում հնչող կարծիքները բազմազան են, ամենատարբեր և ամենածայրահեղ, այդ թվում և այն, որ ինքնին ձևաչափը հայկական կողմի համար պետք է լինի անընդունելի: Տվյալ պարագայում, սակայն, հենց խորհրդանշականությունն է, որ կարևոր է, թեկուզ իր մեկանգամայնության համատեքստում: Անկասկած պետք է ձեռնպահ մնալ միջազգային թամաշայի առարկա կամ մասնակից լինելուց: Միաժամանակ՝ անվտանգային համաշխարհային հեղինակավոր համաժողովի շրջանակում կազմակերպված այդ բանավեճ-քննարկումը բավականին հատկանշանակորեն ի ցույց դրեց մի կողմից՝ իրադրության բովանդակային տրամաբանությունը, մյուս կողմից՝ իհարկե նաև հենց խորքային, ռազմավարական իրողությունը՝ կարևորը լոկ բառ առ բառ այն չէ, թե ինչ ես ասում, այլ կարևոր է այն, թե ինչպիսի դիրքեր ես ապահովում քաղաքական մոտեցումները միջազգայնորեն առաջ մղելու համար:

Ըստ այդմ՝ Փաշինյանն արձանագրել է մեզ համար կարևորը՝ «մյունխենյան սկզբունքները», հաջորդիվ Հայաստանի հանրության համար ամենաքննարկելին չպետք է այն լինի, թե ինչպիսին կարող էր լինել վարչապետ Փաշինյանի խոսքը, բովանդակությունը Մյունխենում: Հայաստանի հանրության և հայության համար քննարկելին այլևս պետք է լինի այն, թե ինչպիսին է լինելու Հայաստանի բովանդակությունը՝ ներքին և միջազգային օրակարգի համատեքստում: Որովհետև մենք մեծ հաշվով հենց այդ «մեծ ու լայն» բանավեճն է, որ պետք է կարողանանք հաղթել Ադրբեջանին, որովհետև այդ բանավեճի մեջ մենք լինելու ենք միշտ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments