Փողերը դեռ աշխատում են պետության դեմ

- in Կեղտոտ լվացք
Dolar

Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկա հնգամյակում բանակի սպառազինության արդիականացման համար ծախսվելիք 2,5 միլիարդ դոլարից 1,5 միլիարդը պետք է ապահովվի հակակոռուպցիոն պայքարի արդյունքում, այդ թվում՝ տարիների ընթացքում հանրությունից յուրացվածը վերադարձնելու ճանապարհով:

Սպառազինությանը հնգամյակում 2,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է 2018 թվականին՝ խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզչության ընթացքում: 2019 թվականին կառավարությունը ցուցադրել է սպառազինության էական համալրում: Տարեվերջին Հայաստանը ներկայացրեց ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը՝ 4 մեքենա, և նաև հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրներ: Միաժամանակ հայտարարվել է, որ եղել էր այլ էական համալրում, ինչը, սակայն, ռազմական գաղտնիության շրջանակում է: Դրան զուգահեռ, պաշտպանության նախարարը հունվարին հայտարարեց, որ ՍՈՒ 30 ՍՄ-ների նոր խմբաքանակը Հայաստան կգա մոտ ապագայում: Հայաստանի այդ ձեռքբերումները, անշուշտ, կենսական անհրաժեշտություն են պատերազմի պատրաստվելու և այդպիսով խաղաղություն ապահովելու բանաձևի շրջանակում:

Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը փաստորեն առաջին անգամ է հայտարարում, որ ազդարարված 2,5 միլիարդ դոլարի կեսից ավելին պետք է ապահովի հակակոռուպցիոն պայքարը կամ յուրացրածը վերադարձնելու գործընթացը: Այդ առումով, իհարկե, առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ինչպիսի՞ն է պատկերը մինչ այժմ, որքա՞ն է վերադարձվել այդ պայմանական 1,5 միլիարդից, որքան է մնացել: Եվ արդյո՞ք միայն սպառազինությանն են ուղղվում այդ միջոցները, թե՞ նաև այլ հարցերի լուծման: Գլխավորը, իհարկե, հնչած հայտարարության մեջ այն է, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն որոշակիորեն բացում է հետհեղափոխական ներքին կյանքում ամենաքննարկվող թեմաներից մեկը, և բացում է այն Սահմանադրական հանրաքվեի գործընթացին զուգահեռ: Մի բան այստեղ, իհարկե, միարժեք է կամ աներկբա՝ անձնական հարստությունը, որ նախորդ իշխող համակարգի ներկայացուցիչները կուտակել են քառորդ դարի ընթացքում, պետք է վերադարձվի հանրությանը: Առայժմ պատկերն այնպիսին է, որ այդ հարստությունը, իհարկե, զրկված լինելով իշխանության լծակներից, այդուհանդերձ, զգալիորեն աշխատում է հասարակության դեմ՝ մթնոլորտ քայքայելու, պղտորելու, նաև հակապետական քարոզչություն ծավալելու առումով:

Այդ իմաստով, խորքային խնդիրը գուցե նույնիսկ էապես լուծված լիներ, կամ հարցը լիցքաթափված լիներ էապես, եթե հեղափոխությունից հետո այդ հարստությունը սկսեր ծառայել հանրությանն ու պետությանը, առանց մարդկանց նյարդերը քայքայելու տեղեկատվա-քարոզչական քաղաքականության, ինչն իր հերթին սադրեց իշխանության կոշտ պատասխան ու վարքագիծ, հետհեղափոխական իրավիճակը նետելով սև ու սպիտակի կամ նորի ու հնի միջև հարաբերություններ պարզելու ճահիճ, հետո փորձելով այդ ճահճում արդեն ներկայանալ իբրև քաղաքական հետապնդումների զոհ: Մինչդեռ, իրական զոհը շարունակում է մնալ պետությունը, քանի դեռ վերադարձված չէ այն, ինչը յուրացվել է պետության անվտանգությունից: Իսկ դա բացահայտվել է բոլորովին էլ ոչ հեղափոխությունից հետո:

Դա բացահայտվել է 2016 թվականի ապրիլի պատերազմին, երբ պարզ դարձավ, որ առաջնագիծը չի ունեցել անհրաժեշտ տարրական հագեցածություն, այն դեպքում, երբ ամեն մի պաշտոնյայի կամ օլիգարխի, այսպես ասած, անձնական թիկնազորը թերևս հագեցած է եղել առավել մեծ պաշտպանական կարողությամբ: Մեծ հաշվով, կառավարող նախկին համակարգի համապարփակ, այսպես ասած, իշխանական և ոչիշխանական թևերի կամ բևեռների «կռախը» եղել է ոչ թե հեղափոխությունը, այլ Ապրիլյան քառօրյան, երբ նրանք բոլորն առերեսվել են պետության ու հանրության հանդեպ սեփական մեղսակցությանը: Այն դեպքում, երբ մինչ այդ հենց անվտանգությունն էին դարձրել անձնական բարեկեցության ալիբի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments