Քննարկել նոր սկզբունքները` նշանակում է ստանձնել պատասխանատվություն

- in Կարծիք

Հայաստանի հանրությունը շարունակում է քննարկել Մյունխենում Փաշինյան-Ալիև բանավեճ-քննարկումը, դրա, այսպես ասած, շահեկան կամ ոչ շահեկան կողմերը: Իհարկե, այդ քննարկումները, ինչպես միշտ, ուղեկցվում են մանիպուլյացիայի, նենգափոխումների առատ հոսքով:

Դրան զուգահեռ՝ կառավարող մեծամասնության ներկայացուցիչներն ու համակիրները հրապարակ են բերում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա խոսում է 7 շրջան հանձնելու պատրաստակամության մասին, ընդ որում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման:

Դրա ֆոնին Հայաստանի վարչապետ Փաշինյանը առաջ է քաշում «մյունխենյան սկզբունքներ» եզրը՝ Մյունխենի հանդիպումից հետո ֆեյսբուքյան գրառումով ներկայացնելով 6 կետեր, որոնք փաստացի հայկական նոր մոտեցումն են Արցախի հարցում. 1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Ահա այն, ինչ պետք է քննարկի Հայաստանի հանրությունն ու հասարակական-քաղաքական միտքը՝ «մյունխենյան սկզբունքները»: Ընդունելի՞ են դրանք հանրության համար, եթե ոչ, ապա ի՞նչ առարկությամբ և հետևաբար՝ փոխարինող կամ լրացնող ի՞նչ կետերով: Քննարկել պետք է հենց դա, ոչ թե Մյունխենի բանավեճը, Փաշինյանի անգլերենը, Ալիևի ծիծաղը կամ ոտքերի ու ձեռքերի դասավորությունը: Ընդ որում, մեծ հաշվով ներկայացված վեց կետերը կարող են լինել յուրօրինակ մարտահրավեր հայաստանյան քաղաքական ուժերի համար, ինչպես մեծ մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը դրական իմաստով մարտահրավեր նետեց Արցախի նախագահի թեկնածուներին:

Հայաստանի որևէ քաղաքական ուժ դեռևս չի արձագանքել «մյունխենյան սկզբունքներին», այդ թվում՝ նրանք, որոնք առավել ևս բանակցել են մադրիդյան կոչված սկզբունքների շրջանակում, որոնք ընդունվել են 2007 թվականի վերջին: Այդ իմաստով իհարկե հարմար է քննարկել Մյունխենի բանավեճը, ոչ թե արձագանքել «մյունխենյան սկզբունքներին»: Որովհետև բանավեճ քննարկելը առավելագույնը պարունակում է քարոզչական դիմակայության ռիսկ, երբ ընդդիմախոսներին կառավարող մեծամասնությունը կհիշեցնի հենց այն, ինչ քննարկում էր, օրինակ, Սերժ Սարգսյանը, կամ ինչ քննարկել են Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ տարբեր անուն կրող փաթեթներով:

Մինչդեռ քննարկել նոր սկզբունքները և հայտնել դրանց համաձայնություն կամ անհամաձայնություն՝ կոնկրետ այլընտրանքի տեսքով, նշանակում է ստանձնել պատասխանատվություն շատ կոնկրետ դիրքորոշման ու բովանդակության համար: Ո՞ր ուժն է լինելու առաջին համարձակն այդ իմաստով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments