Ֆինանսների նախարարը՝ Վաչագան Ղազարյանի վերականգնած գումարների մասին

- in Տնտեսական

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերով վնասի փոխհատուցումն ինչպես է արտացոլվել պետական բյուջեում:

«Բյուջեում արտացոլվում են մուտքերը ճիշտ այնպես, ինչպես կարգավորումներով նախատեսված է: Իսկ դա նշանակում է, որ հարկերը հաշվառված են հարկային եկամուտների հաշիվներում, այլ եկամուտներին մասով դրանք հաշվառվում են որպես այլ եկամուտներ: Իսկ օգտագործումը տեղի է ունենում բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման համար»,- ասաց նախարարը:
Նա անդրադարձավ նաև հարցին, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է, քանի որ նա 3 մլրդ դրամ վնաս է վերականգնել: «Պետք է հիասթափեցնեմ ձեզ, եթե կարծում եք, որ պետական բյուջե միլիոնավոր վճարումների վերաբերյալ ես հիմա պատրաստ եմ տեղեկատվութուն տալ և գիտեմ, թե այդ 3 մլրդ-ն ինչ կառուցվածք ունի, սխալվում եք: Դա հարկ է, վնասի վերականգնում, թե ինչ, այդ մասին պետք է տեղեկատվություն ունենամ: Ես չգիտեմ, թե այն որպես ինչ է ձևակերպված: Դա մեկ գումար է, թե 30, դրա վերաբերյալ էլ ինֆորմացիա չկա: Դուք գիտե՞ք՝ դա մեկ թվով է փոխանցվել, թե՞ 300»,- ասաց նախարարը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments