1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը գլխավորող  ընկերությունների մասով ունենք դինամիկ  զարգացում

- in Տնտեսական
Hashvark

«Առհասարակ, 1000 խոշոր հարկատուների  ցանկը կարելի որոշ իմաստով համարել յուրաքանչյուր երկրի տնտեսության հայելին և կոնկրետ  Հայաստանի պարագայում պարբերաբար հրապարակվող այս ցուցակը վկայում է այն էական փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել մեր տնտեսության մեջ։

Ակնհայտ է, որ 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը գլխավորող  ընկերությունների մասով ունենք դինամիկ  զարգացում, հատկապես «Գրանդ Տոբակո» կազմակերպության պարագայում  հրապարակված ցուցանիշը շատ տպավորիչ է, սակայն ես կցանկանայի ուշադրություն հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ևս՝  ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խոշոր հարկատուների մասին, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնենք  տնտեսության այն ոլորտները, որտեղ գործում են այդ կազմակերպությունները․ սա այն հիմնախնդիրներից մեկն է, որն այսօրվա դրությամբ կանգնած է մեր տնտեսության առջև և մասնավորապես նկատի ունեմ Հայաստանի տնտեսության կառուցվածքի ձևավորումը։ Ընդհանրապես տնտեսագիտությունը խնդիր է դնում զարգացնել այն ոլորտները, գործունեության այն տեսակները, որոնք ավելի շատ ավելացված արժեք են ստեղծում։ Այս տեսանկյունից՝ հենց առաջին հորիզոնականում հայտնված «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի աճը նախորդ տարիների աճի համեմատ բավականին տպավորիչ է և բավարարում է ավելացված արժեք ստեղծելու պահանջին, կոնկրետ հայրենական տնտեսության վրա կառուցված տնտեսություն է և բացի այդ, այն, ըստ էության, ապահովում է նաև տնտեսության երկու կարևորագույն ճյուղերի միջև կապը՝ գյուղատնտեսության և մշակվող արդյունաբերության։ Սա այն կազմակերպություններից է, որը վերջին տարիների ընթացքում աչքի է ընկնում նաև արտահանման խոշոր ծավալներով»,- նշեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը՝ անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների ցանկին։

Հիշեցնենք, որ Պետական  եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է  2019թ-ի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարի պետական բյուջե է վճարել 57 մլրդ դրամ, ինչը 2018թ-ի համեմատ աճել է՝  35.1%-ով։ Նշենք, որ 2018թ-ին «Գրանդ Տոբակոն»-ն վճարել է 42 մլրդ 222 մլն դրամ։

Երկրորդ տեղում «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ։

Խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2019թ-ին  վճարել է 43 մլրդ 644 մլն դրամի հարկ։ Հիշեցնենք, որ 2017թ-ին ընկերությունը գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը՝ 39 մլրդ 717 մլն  դրամ վճարած հարկով:

Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որը 2018թ-ին զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 19 մլրդ 223 մլն դրամի  հարկ՝ 2018թ-ի 13 մլրդ դրամի փոխարեն։

Հինգերորդ տեղում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը՝  2019թ-ին պետական բյուջե վճարելով 16 մլրդ 441 մլն դրամի հարկ։

Ցուցակի վեցերորդ տեղը զբաղեցնում է «Ֆլեշ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 15 մլրդ 990 մլն դրամ։ Նշենք, որ 2018թ-ին այս ընկերությունը 10-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 12 մլրդ 248 մլն դրամ:

Յոթերորդ տեղում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունն է, որը պետական բյուջե է վճարել 14 մլրդ դրամ հարկ։

Ութերորդ հորիզոնականում հայտնվել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝  13 մլրդ 700 մլն դրամ հարկով։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն էլ հայտնվել է 9-րդ հորիզոնականում՝  վճարելով 13,67 մլրդ դրամ։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որը 2019 թ-ին  պետական բյուջե է վճարել  12 մլրդ 238 մլն դրամ հարկ։

Նշենք նաև, որ 2019թ-ին  վերոնշյալ 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ-ի համեմատ ավելի է 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments