Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա,  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանի ցուցմունքը։

2008թ․ փետրվարի 18-ից սկսած ոստիկանության զորքերի զորամասերում ծառայության ուժեղացված ռեժիմ մտցվեց, որը կապված էր ՀՀ Նախագահի ընտրությունների հետ, ինչպես նաև դրանից հետո Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցող շուրջօրյա զանգվածային միջոցառումների կապակցությամբ։ Փետրվարի 20-29-ը ներառյալ Երևան քաղաքի փողոցներում տարվում էր պարեկապահակային ծառայություն՝ ուժեղացված ռեժիմով, կատարվում էր հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանություն։

Նույն ժամանակահատվածում, գրեթե ամեն օր, ՀՀ ոստիկանությունում անց էին կացվում օպերատիվ խորհրդակցություններ, քննարկվում և վերլուծվում էին ոստիկանությունում և ազգային անվտանգության ծառայությունում ստացվող օպերատիվ տեղեկատվությունները։

2008թ․ փետրվարի 29-ին կայացավ հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում որոշվեց, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում և օպերայի շենքի հարակից տարածքում պետք է կատարվեր հետազոտում։ Այդ որոշման համաձայն՝ միջոցառմանը մասնակցելու էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ Կոնկրետ ոստիկանության զորքերը, որպես ռեզերվային ուժ, ժամը 7-ից պետք է տեղակայվեին Ֆրանսիայի հրապարակում՝ Սայաթ-Նովա փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման տարածքում։ Միջոցառման ընդհանուր ղեկավար նշանակվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանը։ Ես նշանակվեցի նրան տեղակալ՝ ոստիկանության զորքերի ղեկավարումը համատեղ իրականացնելու համար։

Նշեմ, որ նման որոշման կայացումը պայմանավորված էր ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստացած հավաստի օպերատիվ տեղեկատվությամբ, համաձայն որի՝ Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցող շուրջօրյա զանգվածային միջոցառումների կազմակերպիչները մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված այլ առարկաներ էին տեղում կուտակել, որոնք մտադիր էին բաժանել հավաքված խմբերին՝ մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպելու համար։

Փետրվարի 29-ից լույս մարտի 1-ի գիշերը ես և ՈԶ հրամանատարը գտնվել ենք վարչությունում։ Մշակվել և հեռախոսագրերով զորամասերի հրամանատարներին են փոխանցվել «մարտական կարգադրություններ», որոնցով կոնկրետ հանձնարարականներ են տրվել դուրս բերվող անձնակազմի քանակի և տեղակայման վերաբերյալ;

Մարտի 1-ի առավոտյան ժամը 06․55-ին Ֆրանսիայի հրապարակ և նրան հարակից տարածք ժամանեցին 1031, 1032,1033 և 1035 զորամասերի անձնակազմերը, ինչպես նաև ՈԶ վարչության կազմում ընդգրկված հատուկ նշանակության ջոկատը։ Զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորվեցին, նրանցից յուրաքանչյուրին պարզաբանվեց իր ստորաբաժանման առջև դրված խնդիրը, պահպանման ենթակա տարածքը։ Այնուհետև նրանց ցուցում տրվեց անձնակազմերը պահել մեքենաներում։

Քիչ  անց հայտնեցին, որ Ազատության հրապարակում ցուցարարները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, խոչընդոտել են տարածքի զննման աշխատանքներին։ Ավելի ուշ իմացա նաև, որ նրանք նախապես տեղեկացված են եղել նախատեսված միջոցառման մասին։ Արդյունքում զննումը կատարվեց, բավականին շատ զենք և զինամթերք հայտնաբերվեց։

Ժամը 9-ի սահմաններում ոստիկանության զորքերի ստորաբաժանումների միջոցով շրջափակվեցին Ազատության հրապարակը, օպերայի շենքն ու հարակից տարածքը։ Ոստիկանության օպերատիվ և քննչական ծառայությունների աշխատակիցները շարունակում էին զննել տարածքը, որի ավարտից հետո սկսվեցին տարածքի աղբից մաքրման աշխատանքները։ Իմ հանձնարարությամբ այդ աշխատանքների կատարմանը ներգրավվեցին նաև մեր զինվորները։

Ժամը 10։30-ի սահմաններում գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը գնաց ՀՀ ոստիկանություն։

Ժամը 11-ի սահմաններում տեղեկություն ստացվեց, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդկանց բազմություն է հավաքվել, որոնք Գրիգոր Լուսավորչի փողոցում խափանել են երթևեկությունը, կառուցել բարիկադներ։ Հասարակական կարգի պահպանման նպատակով իմ հանձնարարությամբ մեր անձնակազմի մի մասը և ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ տեղափոխվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Քիչ անց ինձ զեկուցեցին, որ տեղում հարձակում են գործել մեր զինծառայողների և ոստիկանների վրա։ Իմ հրամանով այնտեղ ավելացվեց մեր զինվորների ու սպաների թիվը։ Ֆրանսիայի դեսպանատան մոտ մեկնեցինք ես, գեներալ-մայոր Աֆյանը, ոստիկանության այլ բարձրաստիճան սպաներ։՛

Որոշ ժամանակ անց ցուցարարների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նրանք պետք է տեղափոխվեն Մատենադարանի հարակից տարածք։ ՈԶ ստորաբաժանումները Ֆրանսիայի դեսպանատան մոտից դուրս բերելուց հետո վերադարձվեցին օպերայի տարածք և տեղակայվեցին այնտեղ։ Կազմակերպվեց զինվորների հանգիստն ու կերակրումը։

Ոստիկանական ուժերն այնտեղից դուրս բերելուց հետո հավաքված բազմությունը երթով Մատենադարան շարժվելու փոխարեն դիրքավորվեցին Մյասնիկյանի արձանի շրջակայքում։ Տեղեկություն ստացվեց, որ մոտակա շինհրապարակից մեծ քանակությամբ քարեր ու ձողեր են հավաքվում, տրանսպորտային միջոցների օգտագործմամբ փակվել էր երթևեկությունը մոտակա փողոցներով։ Քաղաքապետարանի մոտ հարձակման ու ծեծի էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցները, նրանցից մեկի մոտից հափշտակվել էր հաշվեցուցակային ատրճանակը, այսինքն՝ անկարգություններ էին տեղի ունենում։

Ժամը 17-18-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունում ձևավորված շտաբից տեղեկություն ստացվեց այն մասին, որ անկարգության մասնակիցների մոտ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր կան, նրանք ցանկանում էին հարձակումներ գործել ՀՀ Նախագահի նստավայրի և կառավարության շենքերի վրա։ Որոշվեց քաղաքապետարանի հարակից տարածքներում սկիզբ առած անկարգությունները կանխել նույն տեղում, քանի որ տարածվելու դեպքում կարող էին դուրս գալ վերահսկողությունից։

Փոխոստիկանապետ Ա․ Երիցյանն ինձ փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հանձնարարությունը՝ ՈԶ ստորաբաժանումների մի մասը տեղափոխել ու տեղակայել Մաշտոց և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկում։

Ժամը 19-ի սահմաններում իմ գլխավորությամբ նշված վայր տեղափոխվեցին ՈԶ հիմնական ստորաբաժանումները։ 1033 զորամասի գումարտակներից մեկը տեղակայվեց Շահումյանի հրապարակում, 1031 զորամասի անձնակազմի մի մասը՝ Նախագահի նստավայրի մոտ։ Նշածս բոլոր վայրերում մեզ հետ միասին ծառայություն էին իրականացնում նաև ոստիկանական այլ ստորաբաժանումներ։

Մարտի 1-ի առավոտյան ՈԶ ստորաբաժանումները զորամասերից դուրս են եկել միայն պաշտպանական միջոցներով՝ վահան, սաղավարտ, զրահաբաճկոն, ռետինե մահակ, հակագազ, ծնկակալ և արմնկակալ։ Բացի այդ, 1032, 1033 զորամասերի և ՀՆ ջոկատի կազմերում դուրս են բերվել նաև հատուկ միջոցների կիրառման փոքրաթիվ խմբերը, որոնք զինված էին միայն հատուկ միջոցներով՝ ԿՍ-23 կարաբիններ, ՍՊՇ և Կորնետ ատրճանակներ (որոնք արտաքինից ոչնչով չեն տարբերվում մարտական ատրճանակից, սակայն կրակում են միմիայն ռետինե փամփուշտներ), ծխարձակ և լուսաձայնային նռնակներ։

Ստացված տեղեկատվությամբ զանգվածային անկարգության մասնակիցների մոտ զենք և զինամթերք կար։ Բացի այդ՝ նույն օրն առավոտյան արդեն իսկ Ազատության հրապարակում զենք-զինամթերք էր հայտնաբերվել։ Միանշանակ հաստատված փաստ էր, որ զանգվածային անկարգության մասնակիցների կողմից հափշտակվել էր ոստիկանության աշխատակցի հաշվեցուցակային ատրճանակը։

Այս հանգամանքների առկայության պայմաններում հնարավոր էին անկանխատեսելի զարգացումներ, վտանգի տակ էր հասարակական կարգի պահպանման խնդիրը, առավել ևս՝ ոստիկանության աշխատակիցների ու զինծառայողների կյանքը։

Վերը նշածս նկատառումներից ելնելով՝ ես որոշում կայացրեցի մի քանի հոգու զինել հրազենով։ Իմ հանձնարարությամբ՝ 1033 զորամասից 5 հոգի և հատուկ նշանակության ջոկատից 20 հոգի մեկնեցին զորամասեր, զինվեցին և վերադարձան։

Կոնկրետ 1033 զորամասից 5 հոգին ստացան 5,45 մմ տրամաչափի <Կալաշնիկով> ինքնաձիգեր՝ բոլորն էլ անգնդակ փամփուշտներով։ Հատուկ նշանակության ջոկատից 19 ենթասպաներ ստացան 5,45 մմ տրամաչափի <Կալաշնիկով> ինքնաձիգեր, որոնցից 3-ն՝ անգնդակ փամփուշտներով, 16-ը՝ լուսածիրային փամփուշտներով։ Հատուկ նշանակության ջոկատից 1 ենթասպա ստացավ 7,62 մմ տրամաչափի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան՝ մարտական փամփուշտներով։

ՈԶ զինվորներից, ենթասպաներից ու ապներից ձևավորված շղթա-շարասյունը տեղակայվեց Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում՝ համարյա Մաշտոցի գետնանցման վերևի բաց տարածքում։ Հատուկ միջոցներով զինված խմբերը տեղակայվեցին շարասյան հետևում, իսկ հրազենով զինվածները՝ ամենահետևում։ Դրանով 2 խնդիր էր ապահովվում․ նախ՝ շարասյան թիկունքն էր պաշտպանվում հնարավոր անակնկալ հարձակումներից, բացի այդ՝ բացառվում էր հրազենով զինվածների անմիջական շփումը զանգվածային անկարգության մասնակիցների հետ։

Ավելի ուշ մեզ միացավ նաև ՈԶ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը։ Ես նրան զեկուցեցի անձնակազմին հրազենով զինելու իմ որոշման մասին։ Նրա կողմից առարկություններ չեղան։

Մեր նպատակն էր կանխել անկարգության մասնակիցների առաջխաղացումը Երևանի քաղաքապետարանի և Մյասնիկյանի արձանի կողմից դեպի Պարոնյան և Պռոշյան փողոցներ։

ՌԴ դեսպանատնից քիչ ներքև Գրիգոր Լուսավորիչ փողոցը փակված էր անկարգության մասնակիցների կողմից՝ փողոցին ուղղահայաց կանգնեցված ավտոբուսներով ու մեքենաներով, որոնք որպես բարիկադներ էին ծառայում նրանց համար։

Պարբերաբար այդ ավտոբուսների հետևից մարդիկ էին դուրս գալիս, մոտենում մեր շարասյանը, տարբեր առարկաներով հարվածում էին զինվորներին ու փախչում։

Մոտավորապես ժամը 20-ի սահմաններում Զաքյան փողոցի դիմաց և նշված ավտոբուսների մոտ կուտակված մարդկանց շրջանում ակտիվություն սկսվեց։ Նրանց միջից մի քանի հոգուց բաղկացած խմբեր էին առաջանում դեպի զինվորները, քարեր ու տարբեր առարկաներ էին նետում նրանց վրա։ Հարվածում էին նաև ձողերով։ Զինվորներին կոչ էին անում չենթարկվել հրամանատարներին, չկատարել նրանց հրամանները։ Գնալով ավելացավ անկարգության մասնակիցների քանակը նշված տարածքում։ Նրանք աստիճանաբար ավելի ագրեսիվ էին դառնում և առաջանում դեպի մեր շարքերը։ Սկսեցին դյուրավառ հեղուկներով լցված այրվող շշեր նետել մեր ուղղությամբ։ Ամեն ինչ արվում էր զինվորների ու սպաների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Նույնիսկ սկսեցին կրակոցներ արձակել։ Դրանք արձակվում էին տարբեր կետերից։ Հաստատ կարող եմ ասել, որ մեր դեմ 1,2 կամ 3 միավոր հրազեն չէր օգտագործվում, այլ շատ ավելի մեծ քանակությամբ։ Նաև ավտոմատ կրակահերթեր էին լսվում։

Անհրաժեշտ էր անկարգության մասնակիցներին հետ մղել և  փշալար անցկացնել, քանի որ նրանք արդեն գրեթե ընդհուպ մոտեցել էին մեր շարասյանը։

Հրաման տրվեց վահանաշարն առաջ շարժել՝ դեպի Զաքյան փողոց։ Զինվորների հետևից՝ նախնական տարածությունները պահպանելով, սկսեցին առաջ շարժվել նաև հատուկ միջոցների կիարռման խմբերը և հրազենով զինվածները։ Ես, Գրիգոր Գրիգորյանը և նրա մյուս տեղակալները գտնվում էինք շարասյան վերջում, մեզ հետ էր նաև դիպուկահարը։ Ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգները տրվում էին ռադիոկապով, սակայն աղմուկի պատճառով երբեմն անհրաժեշտություն էր առաջանում մոտենալ նրանց և փոխանցել հրամանները։

Զորքի առաջխաղացմանը զուգահեռ անկարգության մասնակիցներն առավել ագրեսիվացան, սկսեցին նռնակներ և այլ պայթող սարքեր գցել վահանաշարի վրա։ Ավելի շատացան մեր դիմացից արձակվող կրակոցներն ու կրակահերթերը, որոնք մթության մեջ ավելի պարզ էին երևում։ Մի քանի րոպեների ընթացքում մեր անձնակազմի մի զգալի հատվածը վիրավորվեց, վահանաշարը խախտվեց։ Վիրավորների մեջ կային նաև սպաներ, այդ թվում նաև՝ ՈԶ թիվ 1032 զորամասի հրամանատարը, կապիտան Համլետ Թադևոսյանը։

Շարասյունը վերակազմավորելու և վիրավորներին դուրս բերելու նպատակով հրաման տրվեց <կրիա> մարտակարգ կազմել։ Մի պահ զինվորների մի մասը ընդհանուր շարքից կտրվեց՝ մնացին առաջին գծում։

Տեղում գեներալ-լեյտենանտ Գրիգորյանի հետ քննարկեցինք ստեղծված իրավիճակը։ Որոշեցինք հատուկ միջոցներ կիրառել, քանի որ հարկավոր էր սաստել անկարգության մասնակիցներին, նրանց հետ մղել ու դուրս բերել վիրավորներին։ Տրված հրամանի համաձայն՝ հատուկ միջոցների կիրառման խմբերի սպաներն ու ենթասպաները սկսեցին կրակել  ԿՍ-23 կարաբիններից, ՍՊՇ և Կորնետ ատրճանակներից։ Կրակում էին Վոլնա-Ռ, Չերյոմուխա 4 և 7 փամփուշտներով։ Անկարգությունների մասնակիցների ուղղությամբ նետվեցին հատուկ միջոց հանդիսացող «Զարյա», «Սիրեն», «Դրեյֆ» և «Կասետ» պայթուցիչներ։

Նշեմ, որ այդ ամենը զանգվածային անկարգության մասնակիցների վրա մեր սպասած ազդեցությունը չգործեց, քանի որ նրանք շարունակում էին հարձակումը մեր ուղղությամբ։ Դա ինձ համար շատ անսպասելի էր և տարօրինակ։ Կրկին այրվող շշեր ու նռնակներ էին նետվում շարասյան ուղղությամբ։

Եթե այդ հատվածում զանգվածային անկարգության մասնակիցները ճեղքեին վահանաշարը, ապա զորքի մեծ մասը կմնար նրանց օղակում։ Բացի այդ՝ դրանից հետո ավելի կմեծանար անկարգությունների տարածքը։ 2 դեպքում էլ հետևանքներն անկանխատեսելի էին։ Վտանգի տակ էին զինծառայողների կյանքը և հասարակական կարգի պահպանությունը։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՈԶ հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հրաման տվեց հրազեններից օդ կրակել։ Դա որոշակի ազդեցություն գործեց անկարգության մասնակիցների վրա։ Նրանք նահանջեցին, սակայն կարճ ժամանակ անց նորից վերսկսվեց գրոհը մեր ուղղությամբ։ Անկարգության մասնակիցների թիվը գնալով ավելանում էր։

Գրիգոր Գրիգորյանը նահանջի հրաման տվեց։ Բոլորս գտնվում էինք զինվորների շարքերում, որպեսզի կազմակերպեինք նրանց նահանջը, երեխաների մոտ խուճապ չառաջանար։ Նահանջի ընթացքում Գրիգոր Գրիգորյանը կրկին հրաման տվեց օդ կրակել, քանի որ նրանք նորից մոտեցել էին վահանաշարի առաջին շարքերին։ Անգնդակ և լուսածիրային փամփուշտներով կրկին կրակահերթեր արձակվեցին օդ մեր սպաների և ենթասպաների կողմից։

Լուսավորիչ փողոցի վերջնամասում փորձ արվեց փշալարով փակել փողոցը, սակայն անկարգության մասնակիցները հարձակվեցին փշալարը փռող ոստիկանական ՈՒԱԶ մեքենայի վրա։ Վարորդը թողեց մեքենան և մի կերպ դուրս պրծավ նրանց ձեռքից։ Անկարգության մասնակիցները մեքենան հետ վարելու միջոցով ձգված փշալարը թուլացրեցին, այն չծառայեց իր նպատակին։

Մաշտոցի պողոտայի գետնանցման վերևի հատվածում ՈԶ անձնակազմն առավել խոցելի դարձավ, քանի որ անկարգության մասնակիցների հետ շփման ճակատն ավելի լայնացավ, բացի այդ՝ նրանք հնարավորություն ունեին մեզ վրա 3 կողմերից հարձակվելու։ Այդ ժամանակ ես նկատեցի, որ Մաշտոցի պողոտայում՝ շուկայի դիմաց, մեր մեքենաներից մի քանիսն այրվում էին։

Գրիգոր Գրիգորյանն ինձ և հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանին հրահանգավորեց իրավիճակից ելնելով հրաման արձակել հրազեն կիրառելու համար։

Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասը փշալարով փակելու 2-րդ փորձն էլ չստացվեց։ Անկարգության մասնակիցները տիրեցին նաև այդ մեքենային։

Գրիգոր Գրիգորյանը հրամայեց զորքը մտցնել Պարոնյան փողոց, որտեղ նորից վահանաշար ձևավորեցինք։

Մաշտոցի պողոտայի գետնանցման վերևի բաց տարածքում անկարգության մասնակիցները մի քանի մեքենաներ հրկիզեցին, որոնց մեջ էր նաև մեր բուժծառայության մեքենաներից մեկը։ Մի քանի ենթասպաների օդ կրակելու օժանդակությամբ ՈԶ հրամանատարի տեղակալ Արթուր Խաչատրյանին հաջողվեց այդ մեքենայից դուրս բերել բուժքրոջը։ <Լենդ-ռովեռ> մակնիշի մեր մեքենան և մյուս մեքենաներն ամբողջությամբ այրվեցին։

Անկարգության մասնակիցները Պարոնյան փողոցի սկզբնամասից շարունակում էին գրոհել զորքի վրա։ Զինվորներին անկարգության մասնակիցների հետ անմիջական շփումից հեռացնելու նպատակով մենք ավելի հետ նահանջեցինք, հասանք մինչև Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկ։ Նշեմ, որ այդ նահանջի ընթացքում ևս մեր դիմացից կրակոցներ էին լսվում։ Իմ, Գրիգոր Գրիգորյանի և Բագրատ Խաչատրյանի հրամաններով շարունակվում էին հատուկ միջոցների կիրառումները, միաժամանակ նաև օդ կրակելու հրամաններ էինք տալիս։ Տվյալ իրավիճակում այլ ելք չկար, անհրաժեշտ էր պաշտպանել զինվորներին։

Քիչ անց մեր հետևից մոտեցան ՈԶ ջրցան մեքենաները, որոնց օգնությամբ մենք առաջացանք և նորից հասանք մինչև Պարոնյան փողոցի սկզբնամաս։ Մեքենաների ջուրը վերջանալուց հետո անկարգության մասնակիցները նահանջեցին։ Մեքենաները դուրս բերելուց հետո նորից նահանջեցինք մինչև Լեո-Պարոնյան խաչմերուկ։

Այդ հատվածում անկարգության մասնակիցները փորձեցին մի քանի մեքենաներով գրոհել զինվորների շարասյան վրա։ Նախ զինվորների ուղղությամբ սլացավ մեր ՈւԱԶ մեքենաներից մեկը, սակայն վարորդը կորցրեց կառավարումը, հարվածեց բորդյուրներին ու կանգնեց։ Այդ մեքենան անկարգության մասնակիցները գրավել էին փշալարը փռելիս։ Դրանից հետո նույն կերպ շարասյան ուղղությամբ շարժվեցին մեկ ավտոբուս և մեկ բեռնատար մեքենա, որոնք 2-ն էլ պատկանում էին ոստիկանությանը։ Եթե ավտոբուսը և բեռնատարը հասնեին զինվորներին, ապա տասնյակ զոհեր ու վիրավորներ կունենայինք։ Գրիգոր Գրիգորյանը հրաման տվեց ուղիղ նշանառությամբ կրակել մեքենաների վրա։ Ավելի կոնկրետ նա հրամայեց ԿՍ-23 կարաբինից Չերյոմուխա-7 փամփուշտով կրակել մեքենաների դիմապակիներին՝ վարորդի կողքը։

Իմ հիշելով՝ հատուկ նշանակության ջոկատի տղաներից էին ԿՍ-23 կարաբիններով կրակողները։ Այս պահին անվանական նշել չեմ կարող, քանի որ բոլորն էլ սաղավարտներով էին։ Կրակոցներից հետո ավտոբուսը և բեռնատարը կանգնեցին, քանի որ դրանց սրահն ու խցիկը ծխով լցվեցին։ Վարորդներն իջան և փախան։

Մոտավորապես ժամը 23-ի սահմաններում մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ Նախագահի հրամանագրով Երևան քաղաքում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Գրիգոր Գրիգորյանի հրամանով տվյալ հատվածում գտնվող ՈԶ բոլոր ստորաբաժանումները տեղակայվեցին Լեո փողոցում։ Կրկին վահանաշար կազմվեց՝ դեմքով ուղղված դեպի Պարոնյան փողոցը։ ՈԶ հրամանատարությունը գտնվում էր շարասյան հետևում՝ դեպի Սարյան փողոցը։ Հրամանատարներն ու սպաները շարքերից դուրս էին բերում վիրավորներին, որոնք տեղափոխվում էին քաղաքացիական բուժհիմնարկներ կամ հոսպիտալ։ Տեղում փորձում էինք պարզել վիրավորների և շարքից դուրս գտնվողների քանակը, որպեսզի անհրաժեշտության դեպքում համալրում կատարվեր։

Լեո փողոցում տեղակայվելուց հետո «Սվին» խանութի մոտ նռնակ պայթեց։

Մեզ զեկուցեցին, որ մարտական նռնակ էր պայթել։ 1032 զորամասի սպաներից փոխգնդապետ Արթուր Պապոյանը մարմնական վնասվածք էր ստացել։ Ես և Գրիգոր Գրիգորյանը մոտեցանք։ Այնտեղ կանգնած 2 մեքենաներն էլ բավականին վնասվել էին, բեկորների հետքեր կային և՛ մեքենաների, և՛ մոտակա շինության պատերի վրա։ Հաստատ համոզված եմ, որ մարտական նռնակ էր պայթեցվել։

Դրանից մի քանի րոպես անց հերթական կրակոցի ձայնը լսվեց, որից անմիջապես հետո զինվորների շարքում իրարանցում սկսվեց։ Օգնության կանչեր ու բղավոցներ էին։ 1033 զորամասի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը պարանոցի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։ Անմիջապես նա տեղափոխվեց հիվանդանոց։ Հետագայում նա մահացավ։

Գրիգոր Գրիգորյանի հրամանով սպաներն ու ենթասպաները կանգնեցին զինվորների շարքի առաջ։ Դիպուկահար Եվգենի Կաչակին հրաման տրվեց դիտարկում կատարել, զինված մարդ տեսնելու դեպքում նշանառու կրակ բացել և վիրավորել։

Որոշ ժամանակ անց դարձյալ կրակոցի ձայն լսեցի։ Ինձ զեկուցեցին, որ մեր դիպուկահարն էր կրակել։ Մեզ մոտեցավ Եվգենի Կաչակը և զեկուցեց, որ Պարոնյան-Լեո փողոցի անկյունում զինված մարդ է նկատել՝ զենքն ուղղված դեպի զինվորների վահանաշարը, կրակել է նրա վրա և ոտքից վիրավորել։ Մի քանի սպաներ անմիջապես գնացին Կաչակի մատնանշած տեղը, բայց այնտեղ արդեն ոչ ոք չկար։

Մարտի 2-ի առավոտյան ժամը 06-ի սահմաններում տագնապի ավարտ հայտարարվեց։ Անձնակազմը տեղափոխվեց զորամասեր։

Հարց- Զինծառայողներին հրազենով զինելու հրաման անձամբ Դո՞ւք եք տվել, թե՞ Ձեզ նույնպես նման հրաման է տրվել։ Հրազենի կիրառման հրամանը Գրիգոր Գրիգորյա՞նն է տվել, թե՞ ոչ։

Պատասխան- Մեկ անգամ ևս պնդում եմ, որ 1033 զորամասի և ՀՆ ջոկատի զինծառայողները հրազեն ստացել են իմ հրամանով, իմ անձնական նախաձեռնությամբ։ Տվյալ պարագայում ես ուղղակի պարտավոր էի հրազենով զինված մարդիկ ունենալ, այլապես կվտանգվեր հարյուրավոր զինվորների կյանքը։ Հրազենի օգտագործման հրամանները սկզբում Գրիգոր Գրիգորյանն է տվել, այնուհետև ինձ և Բագրատ Խաչատրյանին թույլատրել է իրավիճակից ելնելով հրամաններ արձակել։ ՈԶ հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների զենքերի, զինամթերքի ու հատուկ միջոցների ստացման ու օգտագործման վերաբերյալ ծառայողական քննությունը կատարվել է անձամբ իմ կողմից։ Մեկ անգամ ևս պնդում եմ, որ հատուկ միջոցների ու հրազենի կիրառումը կատարվել է <Ոստիկանության մասին> և <Ոստիկանության զորքերի մասին> ՀՀ օրենքների պահանջների սահմաններում։

Հարց- Դուք նշեցիք անկարգության մասնակիցների կողմից ՈԶ ստորաբաժանումների դեմ նռնակների օգտագործման մասին։ Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ առավել մանրամասն։

Պատասխան- Ես մասնակցել եմ և՛ մարտական գործողությունների, և՛ բազմաթիվ զորավարժությունների։ Պայթյունի ձայնից, արձակվող ծխից, իսկ ամենակարևորը պայթյունի հետևանքներից միանշանակ կարող եմ ասել, որ դրանք մարտական նռնակներ էին։ Բազմաթիվ զինծառայողներ պայթյունաբեկորային վնասվածքներ են ստացել։ Ես անձամ եմ տեսել <Սվին> խանութի մոտ նետված նռնակի պայթյունի հետևանքները։ Հաստատապես համոզված եմ, որ մեր դեմ օգտգործվել են մարտական նռնակներ։ Նորից եմ նշում, որ անկարգության մասնակիցների կողմից մեր դեմ կիրառվել է նաև մեծ թվով հրազեն։

Spread the love