ԱԱԾ մարտիմեկյան թղթերը. ո՞վ է դրդել Ռոբերտ Քոչարյանին

- in Վերլուծական

Ազգային անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ԱԱԾ-ն թվայնացնում է իր արխիվը արդեն տարիներ, որպեսզի ապահովի փաստաթղթերի պահպանության այսպես ասած երաշխավորված հնարավորությունը: Միաժամանակ նա հայտարարել է, որ ԱԱԾ-ն չունի Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր:

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի այդ հայտարարությունը հնչում է ոչ միարժեք: Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր ԱԱԾ-ն չունի, որովհետեւ բոլոր փաստաթղթերը, որ առնչվում են այդ գործին՝ պահպանված են անվտա՞նգ, թե՞ որովհետեւ չունի խնդիր հնարավոր չպահպանված փաստաթղթերի վերականգնման կարիքի առումով:
Իրավիճակն ուշագրավ է երկու առումով: Երբ, օրինակ, դեռեւս 2018 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեղափոխության ժամանակ ԱԱԾ-ում որոշ փաստաթղթերի ոչնչացման մասին, մամուլում եղան ոչ պաշտոնական տեղեկություններ, թե ոչնչացված փաստաթղթերի շարքում են եղել նաեւ մարտիմեկյան իրողություններին առնչվող թղթեր:

Հայտնի է, որ փաստաթղթերի ոչնչացման կապակցությամբ հարուցվել էր քրգործ, միաժամանակ հայտարարվել, որ փաստաթղթերի մի զգալի մասը վերականգնված է: Այդուհանդերձ, միարժեք պարզ չեղավ՝ ի վերջո ոչնչացվածների շարքում կայի՞ն Մարտի 1-ին վերաբերողներ, թե ոչ:

Մյուս հետաքրքիր հանգամանքը օրերս դատարանում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն էր գործի ամբողջական ծավալի առնչությամբ: Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմը պահանջում են գործի ամբողջական ծավալը, կասկած հայտնելով եղած գործում ԱԱԾ-ից ընդամենը մեկ-երկու փաստաթղթի առկայության վերաբերյալ: Պաշտպանական թիմն ու երկրորդ նախագահը այդպիսով  կասկածում են, որ կան այլ փաստաթղթեր, որոնք կարող են լինել ապացույցներ հօգուտ իրենց, այդ իսկ պատճառով էլ չկան գործում:

«Վիկիլիքսի նյութերն ընթերցելով տպավորություն է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվության է տիրապետել մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ, քան Հայաստանի ԱԱԾ-ն՝ միթե՞ դա հնարավոր է», հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը դատարանում, նշելով, թե մարտիմեկյան օրերին ԱԱԾ-ն իրեն ամենօրյա ռեժիմով ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ:

Երկրորդ նախագահը փաստորեն հարցնում է, թե ու՞ր են ԱԱԾ այդ ամենօրյա զեկուցագրերը կամ տեղեկագրերը, որ ներկայացվել են իրեն իրավիճակի վերաբերյալ, եւ որոնք թերեւս եղել են կարեւոր որոշումների հիմք: ԱԱԾ չի՞ պահպանել դրանք, որ այն ժամանակ ներկայացրել է նախագահին, Գերագույն գլխավոր հրամանատարին: Եթե պահպանվել են, ապա կներկայացվե՞ն դրանք մարտիմեկյան գործում: Կամ էլ ստացվում է, որ հատուկ ծառայությունն այդ օրերին խաբե՞լ է Գերագույն գլխավոր հրամանատարին, խթանելով փաստորեն իրադարձությունների այնպիսի զարգացում, որի հիմքը կամ անհրաժեշտությունը չկար, կամ կային դրանից խուսափելու բավարար հիմքեր կամ անհրաժեշտություն:

Այդ իմաստով, մասնավորապես, հետաքրքիր են օրերս համացանցում հայտնված Վիկիլիքսի «գրագրության» մանրամասները: Այդ օրերին ԱՄՆ գործերի հավատարմատարը ԱՄՆ Պետդեպ է գրում, որ մարտի 1-ին Լեւոն Զուրաբյանը կապվել է ու խնդրել է միջնորդել ու կապ հաստատել նախագահականի հետ: Կապը հաստատվել է, սկսել է արդյունավետ մեկնարկ, բայց հետո նույն Զուրաբյանը ասել է, որ արդեն իրենք ուղիղ երկխոսություն ունեն նախագահականի հետ, եւ փաստորեն դադարեցվել կամ արգելակվել է ԱՄՆ միջնորդությունը: Հետո տեղի է ունեցել այն, ինչ հայտնի է բոլորին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments