Ադրբեջանում ստեղծվել է իրապես բարդ իրավիճակ

- in Վերլուծական
Adrbejan

Մարտի 30-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան և Կոթի գյուղերի ուղղությամբ: Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից 14-ամյա երեխա է վիրավորում ստացել, որը հոսպիտալացվել ու տեղափոխվել է Երևան։

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Կասկած չունենք, որ հայկական զինուժը համարժեք պատասխան է տալու ադրբեջանական սադրանքին, սակայն դրանից մեր մտահոգություններն ամենևին էլ չեն փարատվում։

Իլհամ Ալիևի ռեժիմը օգտվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում ստեղծված բարդ, խառը իրավիճակից և ռազմական սադրանքների է դիմում Հայաստանի տարածքի ուղղությամբ: Ավելորդ չէ նշել, որ Ադրբեջանի ավտորիտար իշխանության մյուս թիրախը երկրի ընդդիմությունն է. երեկ Ադրբեջանում հերթական ընդդիմադիր ակտիվիստն է ձերբակալվել: Վաղ առավոտյան բերման է ենթարկվել Սումգայիթում գործող «Յուքսելիշ նամինե» ընդդիմադիր կայքի խմբագիր Էլչին Մամեդը:

Սակայն անդրադառնանք մեր խնդիրներին, մանավանդ, որ իրադարձությունները կարող են զարգանալ վատթարագույն սցենարով՝ էսկալացնելով իրավիճակը առաջնագծում։

Ադրբեջանում ստեղծվել է իրապես բարդ մի իրավիճակ։ Մի կողմից՝ պաշտոնական Բաքուն, հետևելով ավտորիտար մյուս երկրների օրինակին, հաստատապես թաքցնում է կորոնավիրուսով հիվանդ մարդկանց իրական թիվը՝ մեծացնելով հանրային դժգոհությունը, մյուս կողմից՝ նավթի գների համաշխարհային անկումը սոցիալական լարվածության նոր օջախներ է ստեղծում։ Այս իրավիճակում Ալիևի իշխանությունը փորձում է իր հասարակությանը համախմբել հակահայկական հիստերիայով, մանավանդ, որ ամբողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսի մարտահրավերով։

Նման իրավիճակում խիստ կարևոր է, որպեսզի հայկական դիվանագիտությունը հանդես գա համարժեք պատասխանով։ Երեկ արդեն հնչել է Հայաստանի ԱԳՆ բավականին կոշտ արձագանքը, սակայն դրան պետք է հաջորդեն պաշտոնական Երևանի ակտիվ աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ՝ ինչքան էլ ներկա իրավիճակում բոլորի ուշադրությունը կենտրոնացած է պանդեմիայի վրա։

Մյուս կողմից՝ Երևանը պետք է ավելի պահանջատեր կեցվածք ընդունի ՀԱՊԿ հանդեպ, եթե նույնիսկ մեր հասարակության մեջ զրոյական սպասելիքներ կան բուտաֆորիկ այս կառույցից։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, որոնց պարբերական չկատարումը վաղ թե ուշ հանգեցնելու է մեր երկրի ու այս կառույցի հարաբերությունների ճշգրտման։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments