Ազատականը և ականը

- in Հասարակություն

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ծառուկյան Գագիկի երեկվա հարցազրույցի հետ կապված։

Երբեք Ծառուկյանին չեմ տեսել ու անձամբ ծանոթ չեմ։

Մտքերի հետ շատ ժամանակ համաձայն չեմ եղել։ Իհարկե, կլասիկի ցավը տանելը մեծ բացառություն է։

Բայց մի բան կասեմ հաստատ, որ Գագիկ Ծառուկյանը հայաստանցի է ուղնուծուծով։ Ծառուկյանի հետ կարող ենք համաձայն չլինել, բայց նա մերն է, Հայաստանինը ու ինչու չենք մտածում, որ նա արտահայտում է բազմաթիվ այլ գործարարների կարծիք, որոնք չեն ուզում կան չեն կարող ինքնուրույն արտահայտել։

Ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ մեդիաները Ծառուկյանի հետ հարցազրույցին ուղարկել են լրագրողների, որոնք մեր օրենսդրությունից, տնտեսական հարաբերություններից ու տերմինաբանությունից տեղյակ չեն։

Լրագրողը չի տարբերում գործարարին փայատիրոջից կամ բաժնետերից։

Լրագրողը չի տիրապետում տնտեսությանը վերաբերող և աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենքներին։

Լրագրողը պետության պարտավորությունը, սեփականության անձեռմխելիությունը և բարեգործությունը չի տարբերում իրարից։

Իմ կարծիքը։

ա) ՀՀ օրենքները պարտադրում են գործարարին կատարել պետության ֆունկցիաներ։

Օրինակ՝ երբ աշխատակիցը հիվանդ է կամ սպռավկա է կպցրել, ապա մինչև երեք օր վճարում է գործարարը, այն դեպքում, երբ Սահմանադրության Հոդված 1-ը ասում է. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Պետությունն արդեն իր պարտավորությունը գցել է գործարարի ուսերին։

Երբ մի հարևան իր ընտանեկան պարտավորությունները չի կատարում և այդ ամենը ընկնում է մյուս հարևանի ուսերին, մեկ էլ տեսար՝ այդ մյուս հարևանի մոտ իր ստանձնած պարտավորությունները ծնեցին նաև այլ իրավունքներ։ Ես չեմ ուզում, որ որևէ գործարարի մոտ ծնվեն հավելյալ իրավունքների միտումներ մեր պետականության հանդեպ։ Սա վտանգավոր է։ Լիքը պետություններ այս ճանապարհով օլիգարխիաների են վերածվել։

բ) Եկամտահարկը իրականում վճարում է գործարարը։

Ես հատուկենտ ձեռնարկություններ ու աշխատակիցներ գիտեմ, որոնք ունեն պայմանավորվածություն «կեղտոտ» աշխատավարձի վերաբերյալ։ Հիմնական պայմանավորվածությունները վերաբերում են մաքուրին։ Ու այստեղ որոշ գործարարների վրա է դրվում ոչ միայն եկամտահարկի վճարումը, այլ նաև դրոշմանիշային վճարներ, կենսաթոշակային վճարներ։

Մինչև յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր հարկերը չհաշվարկի ու չվճարի, այս կոնֆլիկտը մնալու է յուրաքանչյուր ձեռնարկությունում։ Գործարարը ՉՊԵՏՔ է լինի միջնորդ Քաղաքացու ու Իր Պետության միջև։

Ես տեսնում եմ, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ իրենց ելույթներում պարապուրդի օրերի պատասխանատվությունը գցում գործարարի վրա։

Սա լավ հետևանք չի ունենա։

Դուք, հարգելի պաշտոնյաներ, ստիպելու եք, որ ձեռնարկությունները ստիպված փակվեն։

Այս իրավիճակը աշխարհում կոչում են ֆորս մաժոր՝ արտակարգ հանգամանքներ, որոնց հետևանքով պայմանագրի պայմանները չեն կատարվում:

Սա վերաբերում է նաև պատերազմներին, հրաբուխների ժայթքմանը, ցունամիներին և այլն։

Պատերազմների ժամանակ շատ պետություններ որոշում են կայացնում, որ ձեռնարկությունները պետականցվեն, այսինքն՝ ամբողջ շահույթը գնա պետության կարիքներին։

Բայս սա ավելի ազնիվ ճանապարհ է, քան այն, ինչ կա։

Խնդրում եմ այս իրավիճակի բնորոշումս, որի հիմքը դրվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակներում, այսօրվա պաշտոնյաները սրերով չընդունեն։ Մենք պետք է մեր ՃԻՇՏԸ չկորցնենք։ Հայաստանի օրենսդրությունը բավականին ազատական էր, բայց աչքիս այդ ազատականից միայն ականն է մնալու։ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ։

Հ.Գ. Մեդիաների տնտեսական հարցերը լուսաբանող լրագրողների համար պատրաստ եմ կազմակերպել անվճար դասընթաց տնտեսության, հարկերի, աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ։ Սիրով, առանց նեղվելու, եկեք և իրար հետ ավելի մասնագիտորեն լուսաբանենք մեր պետության այս բնագավառը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments