ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «հեռախոսով մարդկանց հետեւելու» օրինագիծը

- in Հասարակություն
AJ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։

Հիշեցնենք, որ այս փաթեթով նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքար մղել կորոնավիրուսի դեմ։ Մասնավորապես, նախատեսված է սմարթֆոնների միջոցով քաղաքացիների գտնվելու վայրը պարզել՝ հետևելու նրանց տեղաշարժին և առողջական վիճակին։ Դրա իմաստն այն է, որ պարզեն, թե անձը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչ շրջանակների հետ է շփվել։ 

Նախքան քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասաց «Խնդրի վերաբերյալ տարընկալումներից խուսափելու համար արձանագրենք, որ այս նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն թե հեռախոսազանգերի բովանդակության, թե հաղորդագրությունների բովանդակության մասին։ Ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն այս կամ այն համարին։ Երկրորդ, պետք է արձանագրենք, որ, իհարկե, նախագիծը հարցն ամբողջությամբ չի լուծում, և չկա որևէ գործիք, որն աշխարհում կլուծեր բոլոր հարցերը։ Ուղղակի սա կառավարությանն ու պարետատանը օգնում է լրացուցիչ արդյունավետ գործիքներ ներդնել։ Հասկանալի է նաև, որ այս պահին այդ տվյալների հասանելիությունը հնարավոր է բացառապես դատարանի որոշմամբ, և դրանով է պայմանավորված նախագծի անհրաժեշտությունը»։

Մակունցը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանն առաջարկություններ ունի, որոնք կներկայացնի մինչև երկրորդ ընթերցում, մասնավորապես, խոսքը տվյալների ամբողջական ոչնչացման մասին է, նաև վերահսկողական լրացուցիչ գործիքներ ներդնելու մասին։ Ուստի, ըստ նրա, «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկում առաջին ընթերցմամբ։

Նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments