Ալիևը ՀԱՊԿ-ի հարցը սրում է նաև ներհայաստանյան դիսկուրսում

- in Կարծիք
HAPK

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։

Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում: Ադրբեջանցիների փորձը ձախողվել էր՝ արձանագրելով նաև մարդկային կորուստներ։

Իհարկե, կարելի է ամենատարբեր վարկածներն առաջ քաշել, թե ինչու է Բաքուն ապակայունացնում իրավիճակը ու թիրախավորում է հատկապես Հայաստանի պետական սահմանը։ Վարկածներն ամենատարբեր են։

Ոմանք կարծում են, որ Բաքվի արկածախնդրությունը պայմանավորված է սիրիական Իդլիբում ծավալվող իրադարձություններով ու դրանց համատեքստով, այլ խոսքով՝ Անկարան փորձում է Բաքվի միջոցով խայթել Մոսկվային։ Այս վարկածն, իհարկե, տեղ ունի եթե․ նույնիսկ մարտի 5-ին Պուտինի ու Էրդողանի միջև տեղի են ունեցել համաձայնություններ, ապա դրանք, այսպես ասած, իրավիճակային ու ոչ երկարաժամկետ բնույթ են կրում։

Մյուս կողմից գործ ունենք Ադրբեջանի մշտական դարձած քաղաքականութայն հետ, որը գուցե չունի հատուկ պատճառներ ու ընդամենը միտված է շանտաժի միջոցով խաղի կանոններ թելադրել միջազգային հանրությանը, միջնորդներին։ Գուցե Բաքվում կարծում են, որ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը նպաստավոր է՝ նոր էսկալացիա սանձազերծելու համար։

Չի բացառվում նաև, որ Բաքվում ջղաձգվում են նավթի գների անկման փաստից։ «Նավթային ասեղի» վրա նստած Ադրբեջանում գրեթե անխուսափելի են սոցիալական հուզումները ու Ալիևի ավտորիտար իշխանությունը փորձում է հասարակությանը կոնսոլիդացնել հակահայկական տեսարաններով։ Մոտավորապես նման իրավիճակ էր նաև 2016-ի Ապրիլյան պատերազմից առաջ։

Բայց կոնկրետ Հայաստան – Ադրբեջան սահմանին հրադադարի խախտումն ու լարվածության սադրումը նպատակ էր հետապնդում մի կողմից՝ խայթել Մոսկվային, մյուս կողմից՝ ի ցույց դնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա որոշակի խնդրահարույց իրավիճակը, որովհետև Հայաստանի պետական սահմանը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։

Կարծում եմ՝ հենց սա է Բաքվի հիմնական մոտիվը։ Ալիևը, մեծ հաշվով, սպանում է ՀԱՊԿ-ն։ Եթե նույնիսկ նա ցանկանում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ իրական դաշնակիցներ ունի, քան՝ Հայաստանը, միևնույն է՝ հարվածում է, առաջին հերթին՝ Մոսկվայի հեղինակությանը, որովհետև ո՞ւմ է պետք այն ռազմա-քաղաքական բլոկը, որն, ըստ էության, ֆիկցիա է ու ընդամենը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես են ոտնձգություններ կատարում իր անդամ երկրի պետական սահմանի նկատմամբ։

Սակայն Ալիևը ՀԱՊԿ-ի հարցը սրում է նաև ներհայաստանյան դիսկուրսում։ Ի վերջո, Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը լրջագույնս պետք է քննարկեն այն հարցը, թե ինչքանով է արդյունավետ Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում, ինչքանով է անվտանգային այդ միջավայրը ապահովում մեր երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը։ Առայժմ տպավորություն է, որ ՀԱՊԿ-ի հանդեպ Երևանը պահանջատեր չէ անգամ հեղափոխությունից հետո, այլ խոսքով՝ պահպանվում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների տխուր իներցիան։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments