Աղմկոտ պաշտոնանկություն ոստիկանությունում․ մի նամակի պատմություն

- in Ով ով է ...
Vostikan

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նա այժմ Ոստիկանության ռեզերվում է։ Ոստիկանությունից կադրային այս որոշման մասին ստանդարտ պատասխան են տալիս՝ պնդելով, որ Բիչախչյանն ազատվել է մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների արդյունքում։

Իհարկե, այս դեպքում ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե հրաժարականի կամ՝ այսպես ասած, պլանային ազատման, այլ՝ ըստ էության, պաշտոնանկության հետ, մանավանդ, որ աշխատանքից ազատվել է նաև Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը։

Դժվար չէ նույնիսկ կռահել, թե որոնք են ոստիկանության երկու բարձրաստիճան աշխատակիցների աշխատանքից ազատման իրական պատճառները, մոտիվները։

Փետրվարին Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել։ Ղանաղունյանն իր նամակում պատմել էր Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացիություն ստանալու գործընթացում հանդիպած բազմաթիվ խոչընդոտների մասին։

Նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպիսի խնդիրների պատճառը բացահայտելու և բացառելու համար հանձնարարականներ էր տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ Անձնագրային և վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով։

Գրեթե վաստահությամբ կարելի է պնդել, որ Բիչախչյանն ու նրա տեղակալն ազատվել են վարչապետի հանձարարականի հետքերով։ Նման իրավիճակը երկակի տպավորություն է ստեղծում։

Անշուշտ, դրական է, որ քաղաքացիները վստահում են վարչապետին, ու նա կարողանում է ձեռքը միշտ զարկերակին պահել ու օպերատիվ արձագանքել խնդիրներին։ Սակայն ինքնին հասկնալի է, որ սա ինստիտուցիոնալ մոտեցում չէ․ ի վերջո՝ Փաշինյանը չի կարող արձագանքել հազարավոր մարդկանց, տասնյակ հազարավոր բողոքների։

Իրավապահ մարմինների ինստիտուցիոնալ, համակարգային բարեփոխումներն օրախնդիր են ու այդ հարցում լավագույնս համոզվել է հենց Նիկոլ Փաշինյանը, երբ հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնները վստահեց մարդկանց, որոնց այսօր պիտակավորում է «դավաճան» բառով։ Իրավապահ մարմիններում բոլոր կադրային լուծումները խիստ ժամանակվոր են լինելու՝ մինչև արմատական բարփոխումները։

Մյուս տարվանից տրվելու է ոստիակնության բարեփոխումների մեկնարկը։ Թյուրիմացություններից խուսափելու համար՝ նկատենք, որ ոչ թե ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը:

Եվրամիության 28 անդամներից 27-ն ունեն ներքին գործերի նախարարություն, իսկ Շվեդիայում ոստիկանությունն արդարադատության նախարարության կազմում է: Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, և կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման, որը որևէ կերպ չի ենթադրում ոստիկանության քաղաքականացում՝ ինչպես մինչև վերջերս պնդում էին իշխանության ներկայացուցիչները։

Լավ է, որ ոստիկանության համար օպտիմալ լուծում գտնվել է, կարծում եմ՝ բարեփոխման բանաձև պետք է գտնվի նաև ԱԱԾ-ի համար․ ի վերջո այս կառույցի գործունեության նկատմամբ նույնպես պետք է լինեն ժողովրդավարական վերահսկողության որոշակի մեխանիզմներ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments