Ամեն երկիր յուրովի է պայքարում ճգնաժամի դեմ

Թրամփի վարչակազմը 1 տրիլիոն դոլարի խթանման միջոցառումների ծրագիր է ներկայացրել, որի շրջանակում 50 միլիարդ դոլար է հատկացվելու տուժած ավիաընկերություններին, որոնց սնանկացում է սպառնում:

Վարչակազմը մտադիր է 1000-ական դոլար հատկացնել ամերիկացիներին: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը զգուշացրել է, որ առանց աջակցության միջոցառումների գործազրկության մակարդակը կարող է հասնել 20%-ի:

Թրամփի վարչակազմը փաստացի 1 տրիլիոն դոլար է մտցնում շրջանառության մեջ: Նավթի գնի նվազման ու ռուբլու արժեզրկման պատճառով ճգնաժամի մեջ հայտնված Ռուսաստանի նախագահն ասում է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամից օգնություն է տրամադրելու քաղաքացիներին: Նշվում է 300 միլիարդ ռուբլի թիվը, որը մասնագետներն անլուրջ թիվ են համարում: Ռուսաստանի ավիաընկերությունների 70%-ը սնանկանալու եզրին է:

Ամեն երկիր յուրովի է պայքարում ճգնաժամի դեմ: Որտեղ նավթի մեծ պաշար ու դրանից կախվածություն չկա, զգուշավոր միջոցառումներ են ձեռնարկվում՝ փորձելով չվնասել տնտեսության կառուցվածքը, հատկապես ֆինանսական համակարգն ու լոգիստիկան:

Հայաստանը կախված չէ նավթի գներից, բայց կա որոշակի կախվածություն համաշխարհային լոգիստիկայից: Համաշխարհային հաղորդակցությունների խախտումն սպառնում է Հայաստանի տնտեսությանը, բայց դրան դիմակայելու համար Երեւանը պետք է պահպանի տնտեսական կայունությունը:

Այս առումով պետք է շատ հավասարակշված քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ու թույլ չտալ, որ պայքարը քանդի պետության կենսագործունեության հիմքերը: Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ պետք է վերանայել կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը: Նա ասել է, որ հնարավոր է, մեզնից շատերն արդեն հիվանդացել ու լավացել են ու անգամ չեն նկատել դա: Այս մասին վկայում է մեկուսացվածներից շատերի մոտ ախտանիշերի բացակայությունը:

Սա շատ կարեւոր հայտարարություն է, եւ դա նշանակում է, որ խուճապի առաջին ալիքը թուլացել է, եւ սկսվում է սպառնալիքի ռացիոնալ գնահատումը: Ակնհայտ է, որ սպառնալիք կա հատկապես տարեց մարդկանց ու հղիների առողջությանը, եւ նրանց պետք է զերծ պահել հնարավոր վարակակիրների հետ շփումից: Այսինքն, կարանտինի անհրաժեշտություն կա, բայց որքանո՞վ է նպատակահարմար մեկամսյա արտակարգ դրությունը:

Արտակարգ դրության սահմանափակումներն այնքան էլ շատ չեն, բայց մարդկանց մեծ մասը ընդհանուր տագնապալի տրամադրության ազդեցությամբ կամավոր փակում են իրենց ձեռնարկությունները՝ շատերին մատնելով չվճարվող արձակուրդի:

Մենք իրոք պետք է փոխենք վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ, հասկանանք, որ հնարավոր է, արդեն հիվանդացել ու լավացել ենք կամ էլ եթե հիվանդանանք, այնքան էլ վտանգավոր չի լինի: Դա թույլ կտա որոշ չափով վերադառնալ կյանքի նորմալ ռիթմին ու պահպանել տնտեսության հիմքերը:

«Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Մենք փաթեթ ենք պատրաստել, որը մի քանի օրվա մեջ գործնականում հնարավոր կլինի կիրառել: Մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի», այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել սոցիալական հրատապ աջակցության համար, իսկ 80 մլրդ դրամի փաթեթ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն Հայաստանին նոր աշխարհին պատրաստելով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments