ԱՄՆ-ն այլեւս ուղիղ կճանաչի Արցախը. Առայժմ Ղրիմի համերգի հետեւանքը

- in Վերլուծական

ԱՄՆ կառավարությունը, ըստ տեղեկության, կրճատել է օգնությունն Արցախին: ԱՄՆ միակ պետությունն է, Հայաստանից բացի, որ Արցախին տրամադրում էր ուղիղ մարդասիրական օգնություն, չճանաչելով Արցախի անկախությունը:

Այդ օգնությունն ուղղված էր մարդասիրական ականազերծմանը: Թեեւ դեռեւս այդ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, սակայն աներկբա է, որ ժամանակի ընթացքում հարցն օրակարգում պետք է մղվեր երկրորդ պլան: Բուն խնդիրը սակայն այդտեղ չէ, քանի որ օգնությունը քաղաքական որոշում եւ մոտեցում է, ըստ այդմ կարելի էր ուղղել նաեւ այլ հարցի՝ երբ ականազերծումը դառնար ոչ օրակարգային:

Այդպիսով, բուն հարցը քաղաքականությունն է, եւ այստեղ այն ունի ուշագրավ շերտեր: ԱՄՆ-ն միակ պետությունն էր, որի ֆեդերատիվ կառույցները ՝ նահանգները, ճանաչել են Արցախի անկախությունը: Դրանց թիվը տարիների ընթացքում դարձավ տասնյակ: Ինչ է ստացվել դրա դիմաց: Դրա դիմաց, օրինակ 2013 թվականին ստացվել է Ստեփանակերտի մայրաքաղաքում ինչ որ համերգ՝ Ղրիմի համար: Որեւէ մեկը Ստեփանակերտից չէր ակնկալում դատապարտել Ղրիմը, բայց որեւէ մեկը թերեւս չէր պատկերացնում, որ 21-րդ դարի ինքնորոշման փաստացի էտալոն Արցախում ինչ որ մեկը համերգ էր կազմակերպելու Ղրիմի համար: Ու թեեւ այդ համերգը կազմակերպվել էր հասարակական հիմունքով, սակայն պարզ է, որ դրա պատասխանատվությունն Արցախի այն ժամանակի իշխանության վրա էր:

Այդ իշխանությունը, ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի նախկին իշխանությունն անցնող ավելի քան քառորդ դարում պարզապես մակաբուծել է մի շարք արտաքին իրողությունների վրա, որոնց թվում նաեւ Արցախին ցուցաբերվող ԱՄՆ ուղիղ աջակցությունը: Այդօրինակ քաղաքական երեւույթները մեկ օրում չէ, որ ծնվում են, եւ մեկ օրում կամ տարում չէ, որ դադարում են: Դրանք իրենց մեջ պարունակում են խորքային երեւույթներ եւ արտացոլում դրանք որոշակի արդյունքի տեսքով:

Դրա պարզ վկայությունն էր այն, որ Արցախին ուղիղ օգնությունը դադարեցնելու մտադրությունը հայտնվել էր դեռեւս Բարաք Օբամայի վարչակազմի օրակարգում:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը ներկայում ունի Արցախի համապետական ընտրության հանդեպ աննախադեպ հետաքրքրություն եւ ուշադրություն, ինչը պայմանավորված է նրանով, որ այդ ընտրությունն իրապես կարող է ձեւավորել քաղաքականապես նոր Արցախ, որը վերադառնալով ինքնորոշման եւ ազատագրական պայքարի իր էտալոնային ակունքին, կկտրվի քաղաքական մակաբուծության այն իրականությունից, որ եղել է մոտ երկու տասնամյակ:

Միեւնույն ժամանակ, հատկանշական է եւ այն, որ Արցախում իշխանության հավակնում են նաեւ ուժեր եւ խմբեր, որոնք օրգանական կապի մեջ են «Ղրիմի համերգի» ժամանակաշրջանի հետ, որը այլ բան չէ, քան քաղաքական անհամարժեքության եւ տկարության, աշխարհքաղաքական կարճատեսության եւ արկածախնդրության այցեքարտ:

Սկզբունքորեն, ընտրությունն իրապես նոր Արցախի, Արցախի նոր քաղաքական հայտի եւ հին այցեքարտի նոր դիզայնի միջեւ է: Ընդ որում, օրակարգում, այն էլ աշխարհակարգային վերափոխումների այդ փուլում, այլեւս Արցախին ուղիղ օգնության հարցը չէ: Ուղիղ այլեւս չի լինի ոչ մի բան, կամ նոր Արցախի պարագայում կլինի պարզապես ոչ թե ուղիղ օգնություն, այլ ուղիղ ճանաչում: Օգնությունն այլեւս անցած էտապ է, նոր աշխարհում պահանջակը սուբյեկտությունն ու գործընկերությունն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments