Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Սիրիայի հյուսիսում կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարող են հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որը նախկինում մերժել էր Սիրիայի քրդերի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր խնդրանքը, հիմա պատրաստ է դա անել:

«Ասում էի համաձայնագիր ստորագրեք քրդերի հետ: Էրդողանը չէր ուզում, քրդերն էլ չէին ուզում: Արդյունքում նրանք ստեղծեցին այսպես կոչված անվտանգության գոտին», – ասել է Թրամփը Fox News-ի եթերում: «Հետո նրանք սկսեցին պատերազմել, եւ իրավիճակը շատ տհաճ դարձավ, այլ երկրներ էլ միջամտեցին: Հիմա ասում եմ՝ համաձայնագիր ստորագրեք: Եվ նրանք պատասխանում են՝ լավ, կստորագրենք», – պնդում է ԱՄՆ նախագահը:

Թուրքերն ու քրդերը համաձայնագիր կստորագրե՞ն ու ի՞նչ ժամկետում: Թուրքիան չի կարող նման համաձայնության գնալ առանց զիջումների, ու հարցն այն է, թե ինչի է պատրաստ Թուրքիան: Համաձայնագիրը նախատեսու՞մ է Սիրիայի հյուսիսում քրդական միավորման ստեղծում: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ռուսաստանն ու Սիրիան, որոնք հայտարարում են, որ գլխավոր խնդիրը Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է:

Օրեր առաջ Սիրիա է այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը նախագահ Բաշար Ասադի հետ ռազմական հարցեր է քննարկել: Դրանից առաջ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի Մ4 մայրուղու վրա, բայց առաջին իսկ պարեկությունն ավարտվել էր երկու թուրք զինվորականի սպանությամբ, իսկ երկրորդը՝ եւս երկուսի վիրավորումով:

Թուրքերը ցույցերի մեջ մեղադրում են արմատական ջիհադական խմբերին, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչում մոսկովյան համաձայնագրերը: Փորձագետներն ասում են, որ նրանց հետեւում քրդերն են կանգնած:

Արդյոք Շոյգուի այցն Ասադին նշանակում է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Թուրքիայի հետ համատեղ պարեկությունից, եթե թուրքերն ԱՄՆ օգնությամբ պայմանավորվեն քրդերի հետ: Թե՞ Ռուսաստանը մտադիր է ուղիղ աշխատել Ասադի հետ ու ընդլայնել սիրիական զորքերի ազդեցության գոտին, եւ դրա համար անհրաժեշտ է Սիրիայի հյուսիսից դուրս մղել ոչ միայն թուրքական զորքը, այլ նաեւ քրդերին:

Մինչ այդ Էրդողանը փորձում էր պայմանավորվել Ռուսաստանի ու ԱՄՆ հետ: Էրդողանն ասել էր, որ Կամիշլիում ու Դեյր էզ-Զորում նավթի պաշարներ կան, որոնք շահագործում են քրդերը: Նրա պնդմամբ, ԱՄՆ-ն հավակնություններ ունի այնտեղ նավթահանքերի նկատմամբ, իսկ Կամիշլիի հանքավայրում՝ Ռուսաստանը: Էրդողանը Պուտինին առաջարկել է ստացված նավթի օգնությամբ ընկերություն ստեղծել, իսկ եթե Ռուսաստանն աջակցի ֆինանսապես, կարող են ոտքի կանգնեցնել պատերազմից ավերված Սիրիան: Նրա պնդմամբ, Պուտինը ոչ մի պատասխան չի տվել:

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել նման առաջարկ անել Դոնալդ Թրամփին, եթե դրան համաձայնություն տա Ռուսաստանը:

Կամիշլիում կոմպակտ հայ բնակչություն կա: Այս քաղաքը ռուս-թուրքական համատեղ պարեկությունից դուրս էր բերվել Հայաստանի խնդրանքով: Հայկական Կամիշլին կդառնա՞ նոր քրդական միավորման սահմանը, ինչպես այժմ Արմյանսկ քաղաքն է Ղրիմը բաժանում Ուկրաինայից: