ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ու ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկությամբ նշանակվեցին այլևս որպես իրենց կառույցների, այսպես ասած, հիմնական ղեկավար պաշտոնյաներ:

Այդ նշանակումները հանրության շրջանում ընկալվում են մեղմ ասած՝ ոչ միարժեք, սակայն այստեղ խնդիրը, թերևս, անձերը չեն, և դա վաղուց, այլ համակարգերը: Հայաստանում հետհեղափոխական երկրորդ տարում կա որոշակի հակասական վերաբերմունք իրավապահ և ուժային բլոկի նկատմամբ՝ բացառությամբ բանակի: Չկա նախկինում քաղաքական իշխանության հանդեպ անվստահությունից բխող անվստահությունը այդ կառույցների նկատմամբ, բայց միաժամանակ ակնառու է, որ չկա նաև ներկայիս քաղաքական իշխանության հանդեպ վստահությանը համարժեք վստահությունը: Եվ այդ խնդիրը հատկապես նկատելի դարձավ ԱԱԾ և ոստիկանության նախկին պետերի պաշտոնանկության ֆոնին, հաշվի առնելով այդ պաշտոնանկությունների «բովանդակությունը»:

Այդպիսով, հնարավոր է թերևս արձանագրել, որ իրավապահ այս կարևոր կառույցների նկատմամբ հանրային վստահությունը, այսպես ասած, մնացել է նախկին իշխանության և հեղափոխությամբ ձևավորված նոր կառավարության միջև առկախված: Եվ անձերով չէ, որ այլևս այստեղ լինելու է շարժ առաջ կամ հետ: Անձերն այստեղ թերևս լուծելու են առավելապես քաղաքական իշխանության տիրույթում գտնվող խնդիրներ, ընթացիկ կառավարման արդյունավետություն և վստահելիություն վարչապետ Փաշինյանի համար, որպեսզի երկրորդ անգամ չստացվի Վանեցյան-Օսիպյան պաշտոնանկության իրողությունը: Դա արդեն կվկայի իսկապես էական խնդիրների մասին, որ կան կառավարման համակարգում ընդհանրապես: Դա չի նշանակում, որ նոր պաշտոնյաները չեն կարող պաշտոնանկ լինել: Խնդիրը, սակայն, բովանդակությունն է, որը նախկին օրինակներին մոտ լինելու պարագայում էական հարված կլինի քաղաքական մեծամասնությանն ու վարչապետին: Կասկած չկա, որ Փաշինյանը հիանալի պատկերացնում է քաղաքական այդ իրողությունները: Մյուս կողմից, այստեղ լուծումներն էլ չեն կարող հիմնվել զուտ պաշտոնյաների անհատական վստահելիության վրա: Նա, իհարկե, վստահում է ԱԱԾ և ոստիկանության պետերին, նրանց նշանակելով այդ պաշտոնին, մյուս կողմից անկասկած է, որ այստեղ առավել արդյունավետը, այսպես ասած, համակարգային լուծումներն են: Դրանք մի կողմից վերջնականապես կօգնեն համակարգը սկզբունքորեն դուրս բերել նախկինի և ներկայիս արանքում հայտնված վիճակից՝ հանրային ընկալման իմաստով, և մյուս կողմից՝ արդեն կառավարելիության բեռը կհանեն անձերի վստահելիության տիրույթից: Ընդ որում, դա կթեթևացնի և կլիցքաթափի նաև անձերի միջև փոխհարաբերությունն ու սուբորդինացիոն գիծը, ազատելով նրանց ավելորդ լարվածությունից և օգնելով կենտրոնանալ ֆունկցիոնալ խնդիրների վրա:

Նիկոլ Փաշինյանը, շաբաթներ առաջ քննարկելով ոստիկանության ռեֆորմի ռազմավարությունը, հայտարարեց, որ չեն գնալու կարճաժամկետ, իրավիճակային լուծումների: Ի դեպ, այդ ժամանակ էլ արձանագրեցինք, որ, ըստ ամենայնի, դա նշանակում է ոստիկանապետի ԺՊ նշանակում, այսպես ասած, հիմնական կարգավիճակով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախընտրում են ժամանակն ու ռեսուրսը ներդնել երկարաժամկետ ռեֆորմացիոն քաղաքականության վրա: Ակնառու է, որ քաղաքական մեծամասնությունը պետք է ստանձնի դրա արագության, օպերատիվության, և արդյունավետության քաղաքական պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այդ կառույցն անշուշտ ունի բավականին նուրբ առանձնահատկություններ, և այստեղ ռեֆորմացիայի խնդիրը որքան կարևոր, նույնքան բավականին զգայուն է մի շարք խորհրդապահական ասպեկտների առումով: Միով բանիվ, ուժային բլոկն առայժմ վարչապետ Փաշինյանի համար ունի ընթացիկ էական նշանակություն, հաշվի առնելով քաղաքական բլոկի կայացվածության բավականին ցածր մակարդակը: Այդ իմաստով, ուժային բլոկը ունի որոշակի հենարանային՝ առնվազն հոգեբանական նշանակություն և իմաստ: Նորանշանակ պաշտոնյաները պետք է ապահովեն քաղաքական մեծամասնության լեգիտիմությունը համակարգերում և համակարգերի լեգիտիմությունը հանրային-քաղաքական մեծամասնության տիրույթում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •