Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ ինձ տուգանել 10 հազար դրամ։

Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։

Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար»։

«Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով հարուցված վարչական վարույթի մասին վկայող փաստաթղթեր։

Աննա Հակոբյանը 10 հազար դրամով տուգանվել է առանձնատների տարածքում դստերը՝ Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնելու համար։ Իսկ ՃՈ-ն այդ մասին իմացել է, քանի որ Շուշանը կադրեր էր հրապարակել Ինստագրամում։