Ապրելու եմ Արցախում. Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը

- in Ընտրություններ
Bako Sahakyan

Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 13:00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կնոջ` Անահիտ Սահակյանի հետ:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Սահակյանն ասել է, որ ինքը նպատակ ունի մնալու Արցախում և իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելու մեր հայրենիքին:

Այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Բ. Սահակյանը պատասխանել է, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելիություն:

«Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դարձնելուն: Արցախի յուրահատուկ պատկանելիությունը կայանում է նրանում, որ այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված էինք արցախցիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով, ֆիզիկական անվտանգությունն ապահովելով: Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,- նշել է Սահակյանը:

Արցախի Հանրապետության նախագահի խոսքով՝ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, կատարվել է հավաքական ներուժի միջոցով: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այդ հաջողությունները արձանագրելու գործում:

«Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ասել է նախագահը:

Բակո Սահակյանը ներկայացրեց Արցախի համապետական ընտրությունները չհետաձգելու պատճառը։

Այս մասին Սահակյանն ասաց` անդրադառնալով այն դիտարկումներին, թե ընտրությունը պետք էր հետաձգել` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

«Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որի հետևանքով վտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը։ Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ունենք բոլոր նախադրյալները` Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար։ Այս պահի դրությամբ Արցախում չի գրանցվել կորոնավիրուսի վարակման դեպք։ Մենք մշտադիտարկում ենք անցկացնում։ Այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»,– ասաց Սահակյանը։

Բակո Սահակյանի խոսքով` ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սահակյանն ասաց համապետական ընտրություններում իր քվեարկությունից հետո, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ պատասխանելով հետընտրական գործընթացների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հետևել են նախընտրական փուլին, նկատել են, որ քարոզարշավի ընթացքը եղել է բաց և ազատ մրցակցային:

«Օրենքից դուրս հավանական զարգացումների դեպքում մենք պարտավոր ենք զսպել դրանք: Բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն ոտնձգություններ իրականացնել մեր պետականության դեմ կամ արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, պարզ է, կգործադրենք օրենքով սահմանված միջոցները: Բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակցումը եղել է դժվարությունները հաղթահարելը և հաջողությունների հասնելը, համոզված եմ, որ այս քաղաքական գործընթացն էլ բացառություն չի լինելու: Մենք համոզված ենք նաև, որ այդպիսի զարգացումներ չենք ունենալու»,- ասել է նախագահը:

Այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել, ԱՀ նախագահը պատասխանել է, որ նման քննարկումներ որևէ մեկի հետ չի ունեցել և որ պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում այս կամ այն զարգացումների հանդեպ, ճիշտ հակառակը՝ նա պետք է փորձի իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments