Առավոտից նոր խստացումներ. 70-ի մեկուսացման 14 օրը լրացել է. լավ լուրերի ենք սպասում

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներով պայմանավորված՝ մարտի 24-ից մեկ շաբաթով կդադարեցվի սրճարանների, ռեստորանների, որոշ շինարարական աշխատանքների և մի շարք ձեռնարկությունների գործունեությունը, Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ անհրաժեշտ է որոշակի ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին: Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար: Որոշակի շինարարական աշխատանքներ կդադարեն: Կդադարի նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունների, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը», ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, իսկ Պարետատունը կհրապարակի թույլատրելի գործունեության ցուցակը:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց հնարավորինս սահմանափակել տեղաշարժը և տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման ժամկետն ավարտվել է, նրանք նոր թեստ կհանձնեն, Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք: Մեր մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման 14 օրը լրացել է, պետք է նրանց նորից թեստավորենք, և նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի և նրանք կվերադառնան իրենց առօրյա կյանքին»,- ասաց Փաշինյանը:

Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արսեն Թորոսյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments