Արարատի մարզպետը ներկայացրել է այն համայնքները, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ կան

- in Հասարակություն

Արարատի մարզում մարտի 29-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվն 85 է: «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Խոսելով մարզի թեժ օջախների մասին՝ Սարգսյանն ասաց, որ վարակվածների մեծ մասը Մասիսի տարածաշրջանի համայնքներից է: «Բոլոր դեպքերը կապված են արտադրամասի  դեպքի հետ: Արտադրամասը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններից են»,- ասաց նա:

Քաղաք Մասիսից վարակվածները թվով 13 են, Նոր Խարբերդից՝ 9-ը, Նոր Կյուրին համայնքում 12 վարակված կա: Սարգսյանը կոչով դիմեց Նոր Կյուրին համայնքի բնակիչներին՝ շեշտելով, որ Նոր Կյուրինը շատ փոքր համայնք է, ուստի այդ համայնքից 12 վարակակիր ունենալն արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: «Համայնքապետարանին խնդրում եմ, պահանջում եմ  համայնքում պատշաճ իրազեկում իրականացնել, որպեսզի բնակիչները պահպանեն մեկուսացման և ինքնամեկուսացման  խստիվ պահանջները»,-նշեց մարզպետը:

Նրա խոսքով՝ Այնթափում կա 6 վարակակիր, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբաթում՝ 1:

Անդրադառնալով Արտաշատի տարածաշրջանին՝ Սարգսյանն ասաց, որ քաղաք Արտաշատում վարակվածների թիվը 3-ն է, Մխչյանում՝ 5-ը, Բուրաստանում՝ 1: Մարզպետը հավելեց, որ մարտի 29-ին Բուրաստանի մի քանի բնակիչ թեստավորում է անցել, բայց արդյունքները դեռ հայտնի չեն:

«Հնարավոր է՝ Բուրաստանում դեպքերի թիվն աճի, քանի որ այնտեղ կոնտակտավորված անձ կա, որը մասնակցել է Արտաշատում մասսայական միջոցառման: Նույն միջոցառմանը մասնակցել է նաև Դալար համայնքից արդեն հաստատված վիրուսակիր: Առաջիկա ժամերին հնարավոր է, որ տվյալ միջոցառման մասնակիցների շրջանում հաստատվի վարակը: Շրջանակը պարզված է և, ինչպես նախկինում էինք ասել, փորձեք խուսափել մարդաշատ միջոցառումների մասնակցելուց»,-հորդորեց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ Ջրաշենում 6 վարակված կա, Դիտակում երկու դեպք է գրանցվել, Դալարում նույնպես 2, Դվին համայնքում՝ 1, Վերին Դվինում հաստատված 6 դեպք կա, Այգեզարդում՝ մեկ դեպք, Նորաշենում՝ 2, Այգեստանում՝1:

Մարզպետն ասաց, որ Արարատի շրջանում վիճակը համեմատաբար ավելի լավ է: Վեդիում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք, Դաշտաքարում՝1, Փոքր Վեդիում՝ 1, Լուսառատում՝1, Տափերական համայնքում՝1, Ոսկետափ համայնքում՝ 1:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ վարակվածների թիվը մարզում մարտի 29-ի տվյալներով 85 է, բայց թիվը կարող է ավելանալ՝ կապված թեստերի պատասխանների հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments